Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմացած եմ լսել, թե ինչպես ԵԽԽՎ-ում մեր կին գործընկերները և հարեւան երկրներում բարձրաստիճան այլ կին պաշտոնյաներ կարող են խոսել պատերազմի եւ բռնության օգտին` գտնելով արդարացումներ. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում

Հունիս 23,2022 16:06

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում:

«20-րդ դարի սկզբին կանանց ընտրելու իրավունքի համար շարժումը տարածվում էր աշխարհով մեկ, եւ ես շատ հպարտ եմ, որ կարող եմ ասել` Հայաստանն արդեն հաջողություններ էր գրանցում: 1919 թ. առաջին խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին համընդհանուր ընտրական իրավունքով. 20 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ ուներ ընտրելու իրավունք` անկախ սեռից, էթնիկ պատկանելությունից կամ կրոնական համոզմունքներից: Խորհրդարանում երեք կին պատգամավոր էր` Կատարինե Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, Վարվառա Սահակյանը, եւ, գուցե, դուք ճանաչեք Պերճուհի Բարսեղյանի թոռնիկին` Ժաննա Բարսեղյանին, որը ներկայում Ստրասբուրգի քաղաքապետն է:

Մեկ այլ հայ ուժեղ կին` Դիանա Աբգարը, հասարակական կյանքի այլ ճանապարհ է բռնել: 1920 թ. հուլիսի 2-ին նշանակվել է Հայաստանի դեսպան Ճապոնիայում: Ծառայելով մինչեւ 1921 թ.` նա դասվեց որպես աշխարհի առաջին կին դեսպաններից մեկը:

Ներկայիս խորհրդարանում կանանց ներկայացուցչությունն ավելի բարձր է, քան երբեւէ, բայց դեռեւս բավարար չէ. 35 տոկոս է: Բարձր գնահատելով քաղաքացիական հասարակության կանանց կազմակերպությունների դերը` մենք ակտիվորեն մասնակցում ենք նրանց հետ օրենքների ընդունման գործընթացին, ինչը կհանգեցնի կանանց ավելի մեծ ներգրավվածությանն օրենսդիր մարմիններում:

Քանի որ խաղաղությունն իշխող կուսակցության գլխավոր օրակարգերից մեկն է, ես կարող եմ վստահեցնել, որ կին պատգամավորները նույնպես մասնակցում են որոշումների կայացման գործընթացներին:

Հայաստանի Հանրապետությունը մշակել է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի կատարման երկրորդ ազգային գործողությունների ծրագիրը` վերահաստատելով իր պատրաստակամությունը շարունակելու իր աշխատանքը կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերում:

Ծրագիրն անդրադառնում է 2020 թ. աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետեւանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց խնդիրներին եւ մարտահրավերներին:

Ագրեսիվ պատերազմի հետեւանքով Հայաստան է տեղահանվել եւ ապաստան ստացել ավելի քան 91.000 մարդ, որոնց 88 տոկոսը կանայք եւ երեխաներ են:

Պատերազմը սկսվել է COVID-19 համաճարակի ժամանակ` այդպիսով բարդացնելով կանանց եւ աղջիկների արդեն իսկ ծանր իրավիճակը: Այսպիսով, ծրագիրը ներկայացնում է ճգնաժամի մեջ գտնվող կանանց եւ աղջիկների խնդիրները` անդրադառնալով նրանց անվտանգության բաղադրիչին: Ծրագիրն անդրադառնում է բռնի տեղահանված կանանց խնդիրներին, սահմանային նոր իրավիճակի հետեւանքով առաջացած անվտանգության մարտահրավերներին ու դրանց ազդեցությանը կանանց եւ աղջիկների վրա:

Վերջապես, ես պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ իսկապես զարմացած եմ լսել, թե ինչպես ԵԽԽՎ-ում մեր կին գործընկերները եւ հարեւան երկրներում բարձրաստիճան այլ կին պաշտոնյաներ կարող են խոսել պատերազմի եւ բռնության օգտին` գտնելով արդարացումներ»,- իր ելույթում ասել է Սոնա Ղազարյանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Հա հա հա
    Ինծի կը զուարժացնեն հայկական իրականութեան այսպիսի տրամաբանական non sequiturները,

    “Քանի որ խաղաղությունն իշխող կուսակցության գլխավոր օրակարգերից մեկն է, ես կարող եմ վստահեցնել, որ կին պատգամավորները նույնպես մասնակցում են որոշումների կայացման գործընթացներին:”

    Ոսկի է, մարգրիտ է, նոյնիսկ ադամանդ. շնորհակալ եմ այս լուրին համար։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930