Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔՊ-ական Վահագն Հովակիմյանին հիշեցրին Վարդենիսի եւ Մեղրիի ՏԻՄ ընտրությունները

Հունիս 23,2022 16:13

«Մենք առաջարկություններն արել ենք, բայց դուք դրանց ոչ թե նայել եք, այլ փորձում եք կանխագուշակել»,- այսօր խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Անտոն Իվչենկոն՝ դիմելով ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանին: Վերջինս հորդորեց քաղհասարակության ներկայացուցիչներին՝ ԸՕ-ի առաջարկվող փոփոխությունները հետքայլ որակելուն զուգընթաց՝ նշել, թե ինչի մասին է խոսքը եւ առաջարկներով հանդես գալ:

Հիշեցնենք, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման վերաբերյալ հարցով այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ էր հրավիրել:

Ապա բանախոսն անդրադարձավ ՏԻՄ ընտրությունից հետո ավագանու առաջին նիստը բացելու հարցին: Նախագծի հեղինակներն առաջարկում են, որ առավել կայունություն կլինի աշխատանքներում, եթե նիստը վարի առավել շատ ձայներ ստացած, բայց 50+1 շեմը չհաղթահարած խմբակցությունը: Անտոն Իվչենկոն հիշեցրեց Վարդենիս համայնքում ստեղծված իրավիճակը, երբ ամենաշատ մանդատ ստացած ՔՊ խմբակցությունը, որն, ըստ էության, պարտվել էր ընտրություններում, քանի որ մյուս երկու խմբակցությունները կոալիցիա կազմելով համայնքի ղեկավարի թեկնածու էին առաջադրել, տապալում էր նիստը, որը բացվել էր եւ պետք է լիներ անընդհատ՝ մինչեւ համայնքի ղեկավարի ընտրությունը: Ըստ նրա, ՔՊ խմբակցության սադրանքների արդյունքում, միեւնույն է, ընթացակարգերը պահվեցին, եղավ անգամ դատական գործ, որից հետո Ահարոն Խաչատրյանը պահպանեց իր տեղը եւ շարունակում է պաշտոնավարել: Անտոն Իվչենկոն նկատեց՝ եթե նիստը վարեր առավել շատ մանդատ ստացած ՔՊ խմբակցության տարիքով ավագ անդամը, ապա ՔՊ-ն կկարողանար տապալել նիստը՝ մինչեւ վերջ եւ Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց՝ այս պարագայում խնդիրը ինչպե՞ս պետք է լուծվի:

Վահագն Հովակիմյան

Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ այդ նկարագրությունն օրենքի փոփոխության հետ կապ չունի: Նա պատասխանեց, որ նման դեպքերում, երբ կան օրինախախտներ, պետք է դիմել իրավապահներին, իսկ իր առաջարկի դեպքում օրենքով ամրագրվում է նաեւ նիստը վարողի գործողությունների հստակ հաջորդականությունը, որպեսզի կամայական մեկնաբանություններ չլինեն:

Անտոն Իվչենկոն հստակեցրեց՝ ընթացակարգի ամրագրումը հրաշալի է, բայց նիստը վարողի առաջարկվող տարբերակը խնդրահարույց է: Վահագն Հովակիմյանը, սակայն, հստակ պատասխան չտվեց հնչած հարցին՝ ասելով, որ իր առաջարկը մոտեցում է, թե գործնական ինչ կիրառություն կունենա՝ ժամանակը ցույց կտա, իսկ կարգազանցները, պատասխանատվության կենթարկվեն:

Մանրամասները՝ տեսանյութում

«Իրազեկ Քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն էլ հետաքրքրվեց՝ ՔՊ-ում, ընտրությունների ժամանակ ո՞վ է համակարգում ֆինանսական հարցերը: Նա նկատեց, որ նախագծով սահմանվել է քարոզարշավի համար ծախսելու ֆինանսական շեմ, որպեսզի կուսակցությունները չկարողանան «փողով զավթել ընտրությունները» եւ եթե այդ շեմը վերացնում ենք ու հնարավորություն ենք տալիս այն բազմապատկել մասնակցած ընտրությունների քանակով, ընտրությունների մասնակից ուժերին հնարավորություն ենք տալիս դաշտը փողով գրավելու՝ դուրս մղելով գաղափարական ուժերին: Ուստի նա գտնում է, որ այս հարցն արժե ուղարկել Վենետիկի հանձնաժողով:

Դանիել Իոաննիսյան

Հաջորդ հարցը վերաբերվում էր համայնքի ընտրության փակ-գաղտնի քվեարկությանը. մինչեւ անցած տարվա ընտրությունները դա եղել էր փակ-գաղտնի քվեարկությամբ, հետո դարձավ բաց: Դանիել Իոաննիսյանի մտահոգությունն այն է, որ փակ-գաղտնի քվեարկության դեպքում դառնում էր քաղաքական առեւտուր, ինչը արձանագրել է նաեւ ՔՊ-ն: Իսկ բաց քվեարկության պարագայում, այն համայնքներում, որտեղ իշխանությունը պարտվում էր, փորձում էր տարբեր ձեւերով, այդ թվով նաեւ պաշտոն խոստանալով, ինչպես Մեղրիում, ստանալ իրեն հարմար իրավիճակ, բայց շատ դեպքերում, չկարողացավ, քանի որ շատ ընդդիմադիրներ հրաժարվեցին բաց քվեարկել իրենց քաղաքական ուժին դեմ: Ըստ նրա, ընտրողների առաջ հաշվետվողականությունը կանխեց քաղաքական առեւտուրը: Դանիել Իոաննիսյանը նաեւ նկատեց, որ նախագծում առաջարկի մասով որեւէ հիմնավորում չկա:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930