Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ աջակցությամբ է իշխող ուժի Քաջարանի ավագանու ընտրացուցակը գլխավորելու հյուրանոցատեր Արմեն Առաքելյանը

Հունիս 23,2022 15:54

Սեպտեմբերին Սյունիքի մարզի Սիսիան ու Քաջարան համայնքներում առաջին անգամ կկայանան ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Aravot.am-ի տեղեկություններով, իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քաջարանի համամասնական ցուցակը գլխավորելու է Արմեն Առաքելյանը։

Թեկնածուն ընդամենն օրեր առաջ է դարձել «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, ունի հյուրանոց Երեւանում։

Արմեն Առաքելյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Փորձեցինք Արմեն Առաքելյանից ստանալ որոշ հարցերի պատասխաններ։ Նա նախ խնդրեց զանգահարել մի փոքր ուշ։ Երկրորդ անգամ ասաց, որ «քաղաքապետարանում միջոցառման է մասնակցում, ավելի ուշ փորձենք»։ Իսկ հետո չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Նշենք նաեւ, որ ինչպես մեզ տեղեկացրին Քաջարանի համայնքապետարանից՝ հունիսի 23-ին այնտեղ ոչ մի միջոցառում նախատեսված չէր։ Ավագանու հերթական նիստը նախատեսված է վաղը՝ հունիսի 24-ին։

Գառնիկ Պետրոսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Ըստ շրջանառվող լուրերի, ՔՊ-ի Քաջարանի ավագանու ընտրացուցակը պիտի գլխավորեր Գառնիկ Պետրոսյանը։ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Գառնիկ Պետրոսյանին նշանակել էր խորհրդական, որպեսզի հետագայում դառնա Քաջարանի համայնքապետի թեկնածու։ Պետրոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում զարմացավ, որ նման տեղեկություններ կան։ «Ես նման ինֆորմացիա չունեմ այս պահին»,-ասաց նա։ Գառնիկ Պետրոսյանն այլ հարցերի չպատասխանեց։ «Երբ կլինի վերջնական որոշում, ու երբ բոլորս տեղեկացված կլինենք, այդ թվում նաև՝ Քաջարանի մեր թիմը, ահա այդ ժամանակ կխոսենք»,-նշեց Գառնիկ Պետրոսյանը։

Մեր տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիրը» մինչեւ որոշում կայացնելը՝ Քաջարան համայնքում հարցում է անցկացրել։ Ըստ արդյունքների, Արմեն Առաքելյանի վարկանիշը մի փոքր բարձր է եղել Գառնիկ Պետրոսյանից, ինչն էլ կառավարող ուժին կողմնորոշեց թեկնածուի հարցում։

Արմեն Առաքելյանի թեկնածությունը իշխանության վերին էշելոնում պնդել է նաեւ ԱԺ պատգամավոր, սիսիանցի Կարեն Համբարձումյանը՝ ասելով, որ «Առաքելյանը 100 տոկոսանոց հաղթող թեկնածու է Քաջարանում»։

Իսկ Սիսիանի համայնքի ավագանու ցուցակը գլխավորելու է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, սակայն հիշեցնենք ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սիսիանի կառույցում արշալույսները խաղաղ չեն։ ՔՊ-ականների մեծ մասը դեմ է Հակոբջանյանի թեկնածությանը։ Ի դեպ, վերջինիս թեկնածությանը նույնպես «դաբրո» է տվել պատգամավոր Կարեն Համբարձումյանը։

Պատրաստ ենք ներկայացնել Արմեն Առաքելյանի տեսակետը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930