«Մեր ժողովուրդը հազարամյակների ընթացքում ցանկացած իշխանության օրոք երբեք այդքան սուտ չի լսել, որքան այս վերջին տարիների ընթացքում` նիկոլիստների կողմից: Սրանց հիմնական զենքը սուտն է, եւ այն տեխնոլոգիաները, որոնք մշակված կիրառվեցին, խաբեցին, հիպնոսացրին մեր բնակիչներին, հայերին, մարդկանց: Իհարկե, շատ խոցելի հարցեր ու խնդիրներ էլ կային, որոնք պետք է լուծվեին, քանի որ պետություն կար, իշխանություն կար, եւ այդ իշխանությունը միտված էր մեր պետականությունը հզորացնելուն, մեր ժողովրդի սոցիալական, կենցաղային խնդիրները լուծելուն»,-«Հայելի» ակումբում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:
Նրա խոսքով. «Հիմա այդ ամենը վերացել է, որովհետեւ վերացրել են պետությունը: Իշխանություն էլ չկա, սրանք հանձնակատարներն են, որոնք տարիներով սնվել են դրսի գումարներով: Եվ ինչպես ասում են` ովքեր գումարը վճարել են, նրանք էլ մեղեդին պատվիրել են: Իսկ ինչ վերաբերում է Բերձորը հանձնելու մասին ահազանգերին, ասեմ, որ ես ավելի վատն եմ տեսնում: Ի՞նչ միջանցք, ի՞նչն են ինչի հետ կապում, ո՞ր պետությունը` որ պետության հետ…Այդ նախկինների օրոք էր, որ Հայաստան ու Արցախ կար, հայերն ունեին երկու պետություն, այդ` իրենց ասած նախկիններն էին երկու պետությունները թողել: Իսկ նա եկավ, ի՞նչ արեց, ասաց` ես զրո կետից եմ սկսում: Այդ մարդը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) չի ասել` ես զրո կետից դրական ուղենիշով եմ տանելու, ինքը զրո կետից անկում է տանում եւ շատ հաջող է տանում, արդյունքում` եւ Արցախն է կործանում, եւ համընթաց Հայաստանն է կործանում»:
Խաչիկ Մանուկյանը ցավ է ապրում, որ մարդիկ համակերպվել են հայրենիքի կործանման ընթացքի հետ. «Նա Հայաստանը չի պահել, օրինակ, ասում էր` ձյունածածկ տարածքներն ի՞նչ ենք անում կամ Սեւ լճի համար ասաց` հո չե՞նք կռվելու, մի քանի կիլոմետր է էլի…Հայաստանն էլ մի 29 հազ քմ է մնացել, հիմա էս մարդն ի՞նչ անի, դրա համար գնա կռիվ տա՞»:
Բանաստեղծը նշում է. «Մենք ոչ թե երկիրը կորցնելու ճանապարհին ենք, այլ արդեն կորցրել ենք… Սրա արած հայտարարությունները մեկ այլ պետությունների համար են, մեկ` ներքին սպառման համար, ինքն էլ է արդեն շփոթում, թե ում համար ինչ է ասում…Կա Հայաստանը, չկա Հայաստանը, զորք պետք չի, զենք պետք չի, Գենշտաբ պետք չի, իրեն ոչ մի բան պետք չի, որովհետեւ ինքը թուլացել եւ հաճույք է զգում… Խոսում են մարդիկ, որոնք ժամանակին բանակային ծառայությունից խուսափելու համար այս կամ այն հանցանքն են գործել…Էդ նույն թելադրողները հիմա հենց դրանց ձեռքն են սեղմում, որովհետեւ ուզում են, որ մենք անդունդը գլորվենք, որ Հայաստանը թուլանա, տորթը կիսեն, իսկ ում որ բարեկամ ենք համարում, բարեկամ են այնքանով, քանի դեռ իրենց պատառն ունեն այստեղ»:
Կարդացեք նաև
Խաչիկ Մանուկյանն ասում է. «Ինձ մի բան է ապշեցնում` իսկապե՞ս ազնվազարմ հայը վերացել է, որովհետեւ միայն խառնածինը կարող է չզգալ իր հայրենիքի կորուստը, որովհետեւ ինքը ազգ եւ հայրենիք չի ճանաչում»: Նրա ձեւակերպմամբ, այս իշխանությունները Հայաստանի մահվան թափորն են:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ