Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ԲԴԽ գիտնական անդամներն ո՞ւր են. երեք օրվա լռության համար ԲԴԽ –ն ամբողջ կազմով պետք է հրաժարական տա». Նինա Կարապետյանց

Հունիս 23,2022 15:20

«Այսօրվա ԲԴԽ բոլոր անդամները երեք օրվա լռության համար ամբողջ կազմով պետք է հրաժարական տան»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Դատաիրավական համակարգի բարեփոխումներ, որոնք այդպես էլ տեղի չեն ունենում. ինչո՞ւ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Ռուբեն Վարդազարյանն աղմկահարույց ձայնագրություն հրապարակեց ԲԴԽ նախագահի գործող պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման զրույցից՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը պահանջել է հրաժարական տալ, պահանջը փոխանցվել է Գագիկ Ջհանգիրյանի հետ զրույցի ժամանակ, եւ իրեն սպառնացել են՝ «ընտանիք ունես, երեխաներ»։

Ըստ Նինա Կարապետյանցի՝ միշտ էլ նման իրավիճակներ եղել են, երբ կանչել, ասել են՝ կամ դիմում ես գրում, կամ վրադ քրեական գործ ենք հարուցում: Ըստ նրա՝ այստեղ կարևոր է նաև ԲԴԽ-ի վարքագիծը, արձագանքը: Այս առիթով ասաց. «Բա ԲԴԽ-ն ո՞ւր է, բա ԲԴԽ գիտնական անդամներն ո՞ւր են: Գիտնական անդամն ասում է՝ ես խնդիր չեմ տեսնում, մենք խոսել ենք, մասնավոր զրույց է: Ենթադրում եմ, որ էլի հացի սեղանի շուրջ են խոսել Ջհանգիրյանի հետ, հարցեր տվել, պատասխանել, որ իրենց համար ամեն ինչ նորմալ է: Այն միֆերը, որոնցով կերակրեցին մեզ տարբեր ոլորտներում փոփոխությունների, այդ բոլոր ճգնաժամերը հաղթահարելու մասին՝ այդ թվում ԲԴԽ ճգնաժամը հաղթահարելու մասին, տոտալ միֆ էր, և ջարդվեց նրանով, որ այս երկու-երեք օրն է՝ այդ դեպքը եղել է: Պարզվում է՝ ԲԴԽ-ում չկա մեկ հոգի, որն ասի՝ նորմալ չէ այս վարքագիծը: Լավ, չես կարողանո՞ւմ երեք հոգի հավաքես, որ գործընթաց սկսես: Նախ պիտի բոլորը հրաժարական տան: Այսօրվա ԲԴԽ բոլոր անդամները երեք օրվա լռության համար ամբողջ կազմով պետք է հրաժարական տան: Եթե չկա գոնե մեկը, որը չի կարող ձևավորել այդ գործընթացն օրինական ճանապարհով գնալու, մեկը գոնե չկա՝ մանդատը շպրտի, ասի՝ այս խուլիգանական, իր կարգավիճակին համապատասխանող կառույցում չեմ պատրաստվում աշխատել»:

Ըստ իրավապաշտպանի՝ մտահոգիչ է նաև այն, որ կադրեր են կրթում նաև այն կադրերը, որոնց վերաբերյալ ձայնագրություն են հրապարակել: Ու կարծիք հայտնեց. «Պարզ է, չէ՞՝ ոնց են կրթել, ինչ արդյունքներ են տվել: Թեև շատերն են որպես դասախոս լավ գնահատում: Այդ հարաբերությունները հատկապես արդարադատության ոլորտում ջատագովում են այնպես, ինչպես դասախոսն իր մեջ կրում է: Հենց պիտի սկիզբը դրվի կրթության ոլորտից: Մենք ունենք կադրեր, որոնք, թեև ունեն մասնագիտացման կարիք: Իրավիճակային, դրվագային լուծումները չեն կարող փոփոխություն բերել: Լայնածավալ, խորքային, բովանդակային ու արժեհամակարգերի վրա հիմնված փոփոխություն է պետք»:

Նինա Կարապետյանցի համար նաև մտահոգիչ է այն, որ հասարակական ընկալում էլ չկա այս խնդիրների հետ կապված, մինչդեռ պետք է հասարակությունը հստակ պահանջ ներկայացնի:

Անդրադառնալով կոնկրետ Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությանը ՝ նա նկատեց. «Շատերը քննարկում են, թե Ջհանգիրյանը հայհոյանք է հնչեցրել: Իհարկե, շատ վատ է արել, բայց այդ ձայնագրության մեջ կարևորագույն դրվագները թողած, ինչի՞ հետևից են ընկել: Մարդը համարում է, որ ինքն իրավունք ունի գործեր բացել ու փակել: Չգիտեմ՝ ինքն իր ուսանողներին է՞լ է նման բաներ սովորեցնում»:

Այն դիտարկմանը, թե հասարակական պահանջ կա, քանի որ յուրաքանչյուր անձ ակնկալում է արդար դատարան, Նինա Կարապետյանցն այսպես արձագանքեց. «Շատերի պատկերացմամբ՝ հեղափոխությունը փողոցում երկու շաբաթ քայլել, «դըմփ-դըմփ հու» անելն է, հետո գալ տներով, ասել՝ ես քեզ չագուչ եմ տվել, գնա ինչ ուզում ես, արա: Այդպես չէ, քաղաքացին պետք է պահանջատեր լինի: Անգամ մաքրամաքուր արժեքներ ունեցող մարդը, որ գալիս է իշխանության՝ փչանալու հատկություն ունի, եթե իրեն վերահսկող չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930