Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՞րբ եք ծանոթացել նախագծի հետ». Վարդինե Գրիգորյանը՝ Երանուհի Թումանյանցին

Հունիս 23,2022 15:02

«Ես դեռ մտածում եմ՝ ո՞րն է նախագծի հետ կապված ամենամեծ խնդիրը. այն, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ոնց որ թե դեռ գույքագրո՞ւմ է խնդիրները, բայց արդեն դրանց վերաբերյալ ներկայացվում է նախագիծ իբրեւ թե դրանց լուծումների վերաբերյալ: Այն, որ այս նախագծի տրամաբանությունը, լուծումները հակասում են նախորդ՝ շատ քննարկված մասնակցային նախագծին ու նաեւ միջազգային կազմակերպությունների ու մեր առաջարկներին: Այն, որ նույնիսկ խմբակցությունը չի մասնակցել եւ այստեղ «մենք» ասելով, իրականում խոսում ենք մեկ հոգու մասին, թե՞ ասենք, այն, որ ԿԸՀ-ի կողմից ներկայացված առաջարկությունների բավականին մեծ մասում, փաստացի ընտրական իրավունքը ստորադասվում է հարմարությանը»,- այսօր խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը (լուսանկարում)՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին հարց ուղղելով՝ ե՞րբ եք ծանոթացել նախագծի հետ, նախագիծը որեւէ կերպ արտացոլո՞ւմ է այն գույքագրած խնդիրները, որոնք դուք ունեք, որոնք մենք ենք ուղարկել:

Նա նաեւ ասաց, որ կարծում է, որ նախարարի տեղակալը նկատել է՝ նախագծի առաջարկների մեծ մասը հակասում է թե ՀԿ-ների առաջարկներին, թե Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններին եւ այն դրական եզրակացություններին, որոնք տրվել էին նախորդ նախագծին: Վարդինե Գրիգորյանի դիտարկմամբ, փաստացի, այժմ չեղարկվում են դրական եզրակացություն ստացած հարցերը եւ հետքայլ է արվում: Նա նաեւ հետաքրքրվեց՝ նախարարությունը պատրաստվո՞ւմ է այս նախագիծը ուղարկել Վենետիկի հանձնաժողով, քանի որ դրանով միայն տեխնիկական փոփոխություններ չեն առաջարկվում, այլ բովանդակային են եւ հետքայլ են ժողովրդավարական չափանիշներից:

Հիշեցնենք, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման վերաբերյալ հարցով այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ էր հրավիրել:

Երանուհի Թումանյանց

Նախարարի տեղակալը չհամաձայնեց դիտարկմանը, որ նախարարությունը դեռ գույքագրում է հարցերը, ասաց, որ 2018-21 թվականների բոլոր դիտողությունները թեմատիկ գույքագրված են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Վենետիկի հանձնաժողովի եւ դիտորդական առաքելությունների կողմից: Նա հավաստիացրեց, որ հետքայլ չի լինելու, քանի որ իրենք գույքագրված խնդիրների տեխնիկական հավաքագրումը ներկայացրել են կառավարությանը եւ 2021-26 թվականներին արդեն պետք է պատրաստ լինի դրանց հիման վրա մշակված նախագիծը, միջազգային գործընկերների հետ կա պայմանավորվածություն՝ գործընթացը կազմակերպելու: Իսկ ներկայացված նախագծի նախնական տարբերակին շահագրգիռ կողմերը ծանոթացել են մոտ երկու շաբաթ առաջ, ապա այն լրամշակվել է եւ ստացել այն տեսքը, որը հիմա ունի:

Վահագն Հովակիմյան

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանն էլ հորդորեց ասել՝ եթե ասում են հետքայլ, ի՞նչը նկատի ունեն: Իր կարծիքով, 2021-ի փոփոխություններով առաջարկվեց մոդել, ըստ որի՝ ընտրությունների ֆինանսական վերահսկողությունը պետք է իրականացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Այն ժամանակ իշխող ՔՊ-ում հարցը բանավեճերի տեղիք է տվել, քանի որ Սահմանադրության հետ խնդիր կա, քանի որ այդ վերահսկողությունն, ըստ Սահմանադրության, պետք է ԿԸՀ-ն տանի: Այն ժամանակ հարցի վերաբերյալ ձեռնպահ են մնացել, քանի որ 2023-ից էր ուժի մեջ մտնելու այդ դրույթը, իսկ ներկայացված նախագծում առաջարկվում է պահպանել առկա մոդելը, որով ֆինանսական վերահսկողությունը կկատարի ԿԸՀ-ն:

Վահագն Հովակիմյանը քաղհասարակության հարգելի գործընկերներին նաեւ տեղեկացրեց, որ խմբակցությունում գոյություն ունի աշխատանքների որոշակի կարգ եւ ըստ այդմ, խմբակցության բոլոր անդամները ներգրավվում են աշխատանքներում եւ բոլորը տեղյակ են լինում առաջարկվող նախագծերից:

Վարդինե Գրիգորյանն առաջարկեց նախագծից հանել ոչ հրատապ հարցերը եւ նախագիծն անպայման ուղարկել Վենետիկի հանձնաժողով:

Այլ մանրամասները՝ քիչ ուշ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930