Իշխող քաղաքական ուժը խորհրդարանում նախաձեռնել է «ՀՀ ընտրական օրենսգրքի» փոփոխություններ: «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման վերաբերյալ հարցով այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ էր հրավիրել: Հարցը ներկայացնող ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իշխող ուժի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը փոփոխությունների անհրաժեշտությունը բացատրեց նոր ԸՕ-ի կիրարկման ընթացքում առկա եւ օրենքի ընդունումից հետո այն առավել մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված բացթողումներով: Նոր ԸՕ-ն առաջին փորձությունն անցավ անցած մեկ տարվա ընթացքում կայացած ՏԻՄ ընտրություններում:
«Երբ ներդրվեց համամասնական ընտրակարգը, ՏԻՄ ընտրություններում առաջարկվեց առանձին քվեաթերթիկներով ընտրություն կատարել 70 000 եւ ավել ընտրող ունեցող համայնքներում, իսկ դրանից քիչ ընտրող ունեցող համայնքներում պահպանվեց հին մոդելը` մեկ քվեաթերթիկ, որտեղ կան բոլորի անունները: Ընտրողը գրիչով ընդհանուրի միջից մեկին է նշում։ Փորձը ցույց տվեց, որ այն համայնքներում, որտեղ տարբեր թերթիկներով էր քվեարկությունը, անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակն ավելի քիչ էր»,- հիմնավորեց Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ շատ ահազանգեր են եղել, որ գրիչով ընտրության ժամանակ «կարուսելի» մոդելն էր աշխատում։ Ուստի, առաջարկվում է ՏԻՄ համամասնական ընտրակարգի դեպքում անցում կատարել տարբեր քվեաթերթիկների համակարգին։
Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է՝ խնդիրը լուծելու համար, տուգանել համատիրության կարգազանց ղեկավարներին: Սակայն, ըստ Հովակիմյանի, այս դեպքում էլ, տպագրական խնդիրներ են առաջանում, քանի որ չեն հասցնում այդքան թերթիկներ տպագրել: Այս հարցը կարգավորելու համար էլ, նախագծի հեղինակներն առաջարկում են՝ ինքնաբացարկի ժամկետը 5 օրով ավելացնել: Արդյունքում, կուսակցությունները, առաջին երեք համարները ինքաբացարկ կարողանան հայտնել ընտրություններից 15 օր առաջ, նախկին 10-ի փոխարեն։
Կարդացեք նաև
Բացի այս, առաջարկվում է համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ժամանակ առցանց հեռարձակում ապահովել, ինչը սահմանված է ԱԺ ընտրությունների պարագայում։
Ներկայացված փաթեթի շրջանակներում փոփոխություններ են առաջարկվել նաեւ «Վարչական դատավարության օրենսգրքում»: Ըստ այդմ, առաջարկվում է ավագանու առաջին նստաշրջանին վերաբերող վեճերը դիտարկել, որպես ընտրական վեճեր։ Սա նշանակում է, որ 7-օրյա ժամկետում դատարանը պետք է որոշում կայացնի։ Այնինչ, ըստ Վահագն Հովակիմյանի, վերջին ՏԻՄ ընտրություններից հետո եղան դեպքեր, երբ համայնքի ղեկավարի ընտրության հարցով դատական վեճը դեռ ընթացքի մեջ է։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ