Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չեմ ցանկանում նորից կրկնվեն Հայրենիքի փրկության շարժման սխալները․ բաց նամակ «Դիմադրություն» շարժման ղեկավարներին

Հունիս 23,2022 10:44

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

 Բաց նամակ «Դիմադրություն» շարժման ղեկավարներին

«Դիմադրություն» շարժումը կարևոր նշանակություն ունեցավ հասարակության զգալի հատվածին պարտվածի և նվաստացածի ծանր հոգեվիճակից դուրս հանելու, ազգային ոգին հրապարակ բերելու և բազմահազար քաղաքացինների՝ ազգային օրակարգի շուրջ համախմբելու գործում։ Դա Շարժման, թերևս, ամենակարևոր և անուրանալի ձեռքբերումն է։

ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների քաղաքական բոյկոտը և փողոցի ակտիվ գործողությունները միջազգային համապատասխան կառույցներին ու նիկոլատերերին ի ցույց դրեցին, որ Հայաստանում առկա է քաղաքական և պետական կառավարման ճգնաժամ՝ ինչքան էլ նրանք փորձեն այն չտեսնելու տալ և գերլիգիտիմացնել իշխանություններին ու նրանց գործողությունները։

Պետք է արձանագրել նաև, որ Շարժումը մեծապես նպաստեց Սփյուռքում հակաիշխանական վերաբերմունքի հստակ առարկայացմանը։

Իհարկե, կան նաև այլ ձեռքբերումներ, որոնց տարբեր առիթներով անդրադարձել եմ, բայց այս դիտարկումներով ուզում եմ անդրադառնալ Շարժման գործունեություններում տեղ գտած որոշ թերություններին ու բացթողումներին, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ, ակնկալելով, որ դրանք կարժանան Շարժումը ղեկավարողների ուշադրությանը։ Ի վերջո՝ Շարժման գլխավոր նպատակը Հայաստանը հակաազգային իշխանություններից ազատելն է։

1.Մայիսի 10-ի հանրահավաքից հետո ակնհայտ դարձավ, որ Շարժումը չունի քաղաքացու համար գաղափարաքաղաքական հասկանալի շեշտադրումներով գործողությունների հստակ ծրագիր, իսկ «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»՝ քաղաքագիտական ու քաղաքական առումներով ակնհայտ խոցելիությամբ լոզունգները կարող են լինել իրական գործողությունների հետևանք և ոչ նպատակ, առավել ևս՝ ծրագիր։

2.Անհրաժեշտ է հասարակությանը ներկայացնել գործողությունների հասկանալի և հստակ ծրագիր, որտեղ քաղաքացին պետք է տեսնի իր անձի ներկայության անհրաժեշտությունն ու գործողություների դաշտը։ Ներկայացվածները չեն կարող դիտվել որպես realpolitik-ի չափորոշիչներով ու շեշտադրումներով հիմնավորված և համակողմանի մշակված այլընտրանքային ծրագիր։

3.Շարժման մեջ ընդգրկված ուժերը սկզբում հայտարարեցին, որ այն լինելու է համաժողովրդական, վերկուսակցական, հասարակության բոլոր հատվածները համախմբելու միասնական հարթակ, ինչը, ցավոք, չիրականացվեց։ Չեմ ցանկանում նորից կրկնվեն Հայրենիքի փրկության շարժման սխալները։

Կարծում եմ, քավության նոխազ փնտրելու և սեղանի տակից ոտքերով միմյանց խփելու փոխարեն պետք է ընդունել սխալներն ու համախոհաբար լուծումներ գտնել։

4.Այդպես էլ քաղաքացու համար անհայտ մնաց, թե ովքեր են հարթակում ղեկավարում Շարժումը, ինչ կենսագրություն և քաղաքական ստորագրություն ունեն…Ինչքան էլ անմնացորդ և ամբողջությամբ Իշխան Սաղաթելյանը նվիրված է Շարժմանը, իսկ դա, ի պատիվ Իշխանի, ակնհայտ է, այդուհանդերձ, չեմ կարծում, որ հրապարակայնորեն նրան նշանակել որպես Շարժման միակ ղեկավար և պատասխանատու՝ ազնիվ է ու ճիշտ։

Ղարաբաղյան շարժման ղեկավարներին հասարակությունը գիտեր անուն առ անուն և նրանց ակնհայտ վստահում էր, ինչը չափազանց կարևոր էր։ Կարծում եմ, պետք է օգտվել «Ղարաբաղ» կոմիտեի՝ թափանցիկ ու հրապարակային գործելաոճից։

Հարթակից մատուցվող պատկերը անհրաժեշտ չափով չի նպաստում Շարժման ժողովրդականացմանն ու ընդլայնմանը։

5.Ակնհայտ է, որ մերօրյա պետրոս գետադարձի հրաժարականը կարող է լինել միայն պարտադրանքով և դրան հասնելու համար պետք է ունենալ 60 և ավելի հազարանոց փողոց՝ գործողությունների հստակ ծրագրով։ Անիմաստ կլինի օգոստոսին ԱԺ-ում դնել նրա անվստահության հարցը, եթե այս պայմանները ապահոված չեն։ Այլապես դա կլինի մի նոր չարչրկված ջրբաժան՝ իր հետ հասարակությանը «սնելով» նոր հիասթափություններով։

6.Գագիկ Ջհանգիրյանի զրույցի գաղտնազերծումը բավարար է փաստելու Հայաստանում Սահմանադրության չգոյության մասին, ինչի եթերային գոյությունը համառորեն փորձում է պաշտպանել Շարժումը, հայտարարելով՝ իշխանափոխություն՝ միայն սահմանադրական նորմերի սահմաններում… Ո՞ր Սահմանադրության… Այն, որի վրա գործող իշխանությունն ամենօրյա ռեժիմով ոտքերը սրբում և բռնաբարո՞ւմ է…

Նորից ուզում եմ հիշեցնել՝ ոչ թե պետությունն է Սահմանադրության համար, այլ Սահմանադրությունը՝ պետության…

7.Շարժման շուրջ հասարակական լայն համախմբում հնարավոր չէ ձևավորել քաղաքացուն խնդրելով, համոզելով, առավել ևս՝ նրան վիրավորելով՝ (ով մեզ հետ չի՝ նիկոլական է)։ Նրան պետք է սնել ոչ միայն տեսանելի և այլընտրանքային իրական ծրագրերով, այլ նաև այն իրականացվելիք գործողությունների հստակ ճանապարհային քարտեզով։

Պետք է հրաժարվել հոգնեցնող և անարդյունք հանրահավաքներից ու երթերից (օրինակ դրանցից մեկը՝ վեջինը)։

8.Շարժումը պետք է դիմի Հայաստանի և Արցախի հանրապետությունների բոլոր նախագահներին, վարչապետներին՝ առաջարկով, որպեսզի, մի կողմ դնելով իրենց անձնական համակրանքներն ու հակակրանքները, այս օրհասական պահին միասին հանդիպել ու քննարկել ստեղծված ծանրագույն վիճակը և ուղիներ գտնել՝ դե ֆակտո կայացած Արցախ պետությունն արյունածոր վերքի վերածած և Հայաստանի սուբյեկտայնությունը զրոյացրած իշխանություններին հեռացնելու հարցը։ Անկախ նախկին իշխանությունների կողմից թույլ տրված սխալներին ու բացթողումներին, նրանք մեր քաղաքացուն հանձնեցին պատերազմական վիճակում գտնվող պետության համար համեմատաբար անվտանգ, տարածաշրջանում ռազմական և քաղաքական լուրջ գործոն հանդիսացող արժանապատիվ պետություն, ինչն այսօր ինքնասպանվում և սրընթաց գլորվում է դեպի անդունդ։

Հարկավոր է օր առաջ կասեցնել այս պետականակործան ընթացքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Էս մարդիկ մտածում են, թե իրենց ձախորդության պատճառը լոզունգների ճիշտ կամ սխալ լինելն ա: Հարգելիներս, ինչ հանճարեղ լոզունգ ուզում եք հորինեք, մեկ է, դուք չեք կարողանալու իշխանափոխություն իրականացնել, հակառակը, դուք եք Փաշինյանի իշխանության միակ երաշխավորը: Ժողովրդի առնվազն 75 տոկոսը ատում է ձեզ, վախենում է ձեզնից: Հայաստանի հաջորդ իշխանությանը որոշելու են այն մարդիկ, որոնք 2021-ին քվեարկել են Փաշինյանի օգտին: Դուք, քոչարյանասարգսյանական ընդդիմության ներկայացուցիչներդ, նման եք նախկին ամուսնու, որը պարբերաբար խմած եկել ա տուն, ծեծել ջարդել ա կնոջը, չի թողել տանից դուրս գա, հիմա վերջապես էդ կինը համարձակություն ա գտել բաժանվել ձեզնից: Այո, ամուսնացել ա մի անկարող, ապիկար, տունը վատ պահող, տան մի սենյակը ուժեղ հարևանին զիջած մարդու հետ, բայց մտածում ա, ավելի լավ ա սենց, քան թե էլի նախկին նվաստացումները… Էս պարզ բանը դուք չեք հասկանում: Հեռացեք, որ Նիկոլն էլ հեռանա ու մեր երկիրը շանս ունենա նորոգվելու:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930