Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը. fip.am

Հունիս 23,2022 10:52

Ազգային ժողովի պատգամավորները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը նախատեսված է պատգամավորական գործունեություն իրականացնելու ընթացքում առաջացած ընթացիկ ծախսերը հոգալու համար։ Նշված գումարը հարկման ենթակա չէ։

Գործընթացը կարգավորվում է 2021 թվականի հուլիսի 15-ին «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ։

Օրենքը ուժի մեջ մտնելուց առաջ և հետո լայն քննարկման ու քննադատությունների առարկա դարձավ, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ գումարը չեն ծախսելու և դիմելու են Սահմանադրական դատարան՝ օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար։

Օրենքի ընդունումից ամիսներ անց «Փաստերի ստուգման հարթակը» գրավոր հարցմամբ դիմել է ԱԺ պատգամավորներին և խնդրել տեղեկություն տրամադրել, թե ինչի համար են ծախսել իրենց հատկացվող գումարները վերջին երեք ամիսներին, ինչ գործունեություն են իրականացրել, որի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել օգտվելու հատկացված ամսական 250 հազար դրամ գումարից։

Խորհրդարանի 106 պատգամավորներից, սակայն, մեր հարցմանը պատասխանել է միայն 8-ը։ 

Խորհրդարանական մեծամասնությունից՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, մեր հարցմանը պատասխանել է 6 պատգամավոր։

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցման պատասխանում նշել է, որ 2022 թվականի մարտին այցելել է երեք մարզ, եղել է ութ բնակավայրերում, ապրիլին այցելել է երեք մարզ, եղել է յոթ բնակավայրերում, իսկ մայիսին՝ 3 մարզ, 8 բնակավայր։ Բագրատյանի այցելած մարզերի, բնակավայրերի, այցի նպատակի և դրա ընթացքում կատարած ծախսերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք սեղմել այստեղ։

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը վերջին երեք ամիսներին պատգամավորական գործունեության համար ստացել է 750 հազար դրամ, որից 470 հազար դրամը հատկացրել է տրանսպորտային ծախսերին՝ վճարելով թեքահարթակով կահավորված մեքենայի և վարորդի ծառայությունների համար։ Ըստ հարցման պատասխանի՝ պատգամավորը մասնակցել է աշխատանքային հանդիպումների, քննարկումների և միջոցառումների։ Մարզային մեկ այց է ունեցել․ այցելել է Կոտայքի մարզ, մասնակցել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ միջգերատեսչական ամփոփիչ քննարկմանը։

Պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Ալխաս Ղազարյանը մեր հարցմանը պատասխանել են ընդհանրական ձևակերպումներով՝ մեջբերելով ԱԺ կանոնակարգը։ Վարդանյանի տրամադրած պատասխանին կարող եք ծանոթանալ սեղմելով այստեղ, Ղազարյանինը՝ այստեղ։

Խաչատուր Սուքիասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերից սկսած յուրաքանչյուր ամիս իրեն տրամադրվող գումարը, որը նախատեսված է պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերի մարման համար, փոխանցում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Վահե Ղալումյանը, ըստ հարցման պատասխանի, իրեն հատկացվող փոխհատուցման գումարը ուղղել է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերին։ Ղալումյանը գումարը ծախսել է մարզեր այցելությունների, ճանապարհածախսի, գիշերակացի, օրապահիկի, հանդիպումների կազմակերպման և այլ նպատակներով։ Վահե Ղալումյանը մշտապես այցելում է Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ, Իջևան, Դիլիջան համայնքներ, եղել է Լոռու մարզի Ախթալա, Շնող, Օձուն համայնքներում, Գեղարքունիքի, Արարատի, Կոտայքի մարզերի տարբեր բնակավայրերում: Շիրակի մարզում հանձնաժողովի արտագնա նիստ են անցկացրել, ուսումնասիրել հանձնաժողովի գործունեությանը վերապահված ոլորտներում առկա խնդիրները։

Ինչպես նշեցինք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից հարցմանը պատասխանել են միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության ընդամենը 8․45%-ը։

Հարցմանը պատասխանած և չպատասխանած ՔՊ խմբակցության պատգամավորների թիվը

Ընդ որում՝ նրանցից երկուսը հարցերին, ըստ էության, չեն պատասխանել, չեն հայտնել, թե պատգամավորական ինչ գործունեություն են իրականացրել և որքան գումար են ծախսել այդ գործունեության ընթացքում՝ այդպիսով փաստացի հաշվետու չլինելով հանրությանը։

«Հայաստան» խմբակցությունից ստացել ենք հարցման երկու պատասխան, ընդ որում, դրանցից մեկը պարզապես տեղեկացնում էր, որ խմբակցության անունից կուղարկվի ամբողջական պատասխան։

Խմբակցության անունից ուղարկված ամբողջական պատասխանը, սակայն, կրկին ընդհանրական է, դրա միջոցով հնարավոր չէ գնահատել պատգամավորների ծավալած գործունեությունն անհատապես։ Պատասխանում նշվում է, որ պատգամավորներն այցելել են ՀՀ բոլոր մարզեր, Երևանի տարբեր վարչական շրջաններ, հանդիպել են հարյուրավոր քաղաքացիների հետ և այլն։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված դրամական միջոցներին, ապա խմբակցությունից նշում են, որ պատգամավորներն այդ գումարներն ուղղել են մարզային այցերի ժամանակ կեցության ապահովմանը և դրա հետ կապված վառելիքի ու այլ ընթացիկ ծախսերի կազմակերպմանը:

Ինչպես վերը նշեցինք, խմբակցությունը նախկինում հայտնում էր, որ իրենք պատգամավորական գործունեության համար տրամադրվող գումարը չեն ծախսում, դիմել են Սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար։ Սակայն այժմ իրենց պատասխանից ընդհանուր առմամբ պարզ է դառնում, որ գործունեության համար տրամադրվող 250 հազար դրամներն արդեն օգտագործում են պատգամավորական գործունեություն իրականացնելիս։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից ոչ մի պատգամավոր հարցմանը չի պատասխանել

Խորհրդարանի երեք խմբակցություններից ամենափոքրի՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ոչ մի պատգամավոր մեր հարցմանը չի պատասխանել։

ԱԺ երեք խմբակցությունների 106 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 8 պատգամավոր, որոնցից մեկը պարզապես տեղեկացնում էր, որ կստանանք միասնական պատասխան։

Այսինքն՝ հարցմանը պատասխանել են 7 պատգամավոր, ինչը կազմում է ընդհանուր խորհրդարանի պատգամավորների 6.6%-ը։

Լրացում։ Հոդվածի հրապարակումից հետո հարցմանը պատասխանած պատգամավորները

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցմանը պատասխանել է միայն հունիսի 22-ին, հոդվածի հրապարակման հաջորդ օրը։ Ըստ հարցման պատասխանի՝ Աղազարյանը վերջին եռամսյակում այցելել է երեք մարզ։ 6 անգամ եղել է Արարատի մարզում, 5 անգամ՝ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզերում։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչներին։

Նարեկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930