Արցախի ճակատագիրը համահայկական հարց է, եւ նրա լուծման քաղաքական գործընթացում պետք է լսելի լինի համայն հայության կարծիքը, ինչպես բոլորս համախմբված պայքարում էինք արցախյան ճակատամարտերում:
Սույն թվականի մայիսին «Գելափ» ընկերության անցկացրած սոցիոլոգիական հարցումների մասնակից ՀՀ քաղաքացիների 89.3 տոկոսն անընդունելի է համարել Ադրբեջանի կազմում Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը, բայց կա 4.4 տոկոս, որն այն համարել է ընդունելի տարբերակ։ Ինքնորոշված արցախցիների դեմ Ադրբեջանի սանձազերծած երեք պատերազմներում մոտ 10000 ընտրյալ զոհաբերած Հայաստանը, բնականաբար, երբեք չի համաձայնի, որ Արցախը «վերադարձվի» Խորհրդային Միության տարիներին արհեստականորեն սահմանված կարգավիճակին, ինչն ազգայնականության դրսեւորում չէ, այլ Ադրբեջանի կողմից մշտապես վարվող ցեղասպան քաղաքականությամբ է հիմնավորված:
4.4 տոկոսն ավելի շուտ Հայաստանում արմատացած ժողովրդավարական արժեքների դրսեւորման եւ Արցախի խնդրի լուծման հարցում դրանց հանդեպ որոշակի ակնկալիքի ցուցիչ է: Միանշանակ է, որ Ադրբեջանում նույնաբովանդակ հարցում անցկացնելու դեպքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանող նույնիսկ այս չնչին տոկոսը չի արձանագրվի, եւ դա առաջին հերթին ավտորիտար քաղաքական համակարգի հետեւանք է: Այդ մասին են խոսում այն փաստերը, որ Ադրբեջանի սահմաններից դուրս շատ ադրբեջանցիներ եւ՛ առանձնազրույցներում, եւ՛ հրապարակայնորեն հաճախ ընդունում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչը բացառվում է այդ երկրի սահմաններից ներս:
Առաջիկայում Արցախի կարգավիճակի շուրջ անխուսափելիորեն սկսվելու են քաղաքական բանակցություններ, եւ սեղանի շուրջ նստողները պետք է պատրաստ լինեն քննարկելու երեք հիմնարար սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման, ուժի կիրառման բացառման եւ տարածքային ամբողջականության: Բանակցություններում վերոնշյալ երեք սկզբունքներից որեւէ մեկի բացառումը կնշանակի բանակցությունները փակուղի տանել, ինչն իր հերթին ենթադրում է հիմնահարցի չլուծված վիճակ եւ, ցավոք, կուրվագծի արցախյան հաջորդ ճակատամարտը:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: