Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորների ծնողներն են մինչեւ օրս հոգում զավակների ներքնաշորերի, քաղցրեղենի, ծխախոտի, երբեմն նաեւ համազգեստի, կոշիկների հարցը․ «Ժողովուրդ»

Հունիս 23,2022 09:34

2020-ի հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «100 փաստ՝ նոր Հայաստանի մասին» հայտարարությունների շրջանակներում խոսում էր զինծառայողների կենցաղային հարցերը բարելավելու ու բանակում իրականացվող փոփոխությունների մասին: Լրատվամիջոցների համար Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցնում էր, թե զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերների կողմից իրականացվել է ավելի քան 40 զորամասի պարենավորում:

«Մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել է մեղր, ճարպ, սխտոր եւ սեւ պղպեղ: Շարունակվում են համազգեստի եւ ճտքավոր կոշիկների որակի բարելավման եւ հարմարավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս ծրագրի արդյունքում բարելավվում է ոչ միայն զինծառայողների սնունդը, այլեւ նրանց ծնողների սոցիալական վիճակը, քանի որ ծնողները ստիպված չեն լինում գումարներ ծախսել իրենց զավակների զինվորական ծառայության բերումով: Զորամասերի հրամանատարությանը տրամադրվում է ամենամսյա, ընթացիկ, չկանխատեսված ծախսերի գումար, որն ուղղվելու է զորամասերի առօրեական մանր ծախսերը հոգալուն, ինչը մինչ այժմ նախատեսված չի եղել»,- հպարտորեն ասում էր նա:

44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո, սակայն, պարզ դարձավ, որ Փաշինյանի հայտարարությունները որեւէ կապ չունեն իրականության հետ, քանզի մարտադաշտում կռվող զինվորականների ոչ միայն սնունդը, այլեւ տարատեսակ այլ իրերը՝ ընդհուպ վիրակապերն ու չոր սնունդը, նրանց ծնողներն էին ապահովում: Ավելին՝ ռազմարվեստի մասնագետները վստահեցնում էին, որ ռիսկային է բանակի սննդամատակարարումը մասնավոր ընկերությունների հանձնել ու հրաժարվել, օրինակ, դաշտային խոհանոցից: Եվ, իսկապես, պատերազմի օրերին տեսանք, որ զինվորականները, բացի չոր սննդից, ուրիշ ոչնչով չէին սնվում, որովհետեւ մասնավորին հանձնված ճաշարանները ռազմաճակատ սնունդ հասցնել չէին կարողանում:

Իրականությանը չէր համապատասխանում նաեւ Փաշինյանի այն համոզմունքը, թե զինվորականների ծնողների հոգսը թեթեւացել է, քանի որ նրանք իրենց զինվոր երեխաների ծառայության վրա գումար չեն ծախսում. զինվորների ծնողներն են մինչեւ օրս հոգում զավակների ներքնաշորերի, քաղցրեղենի, ծխախոտի, երբեմն նաեւ համազգեստի, կոշիկների հարցը: Դրա ապացույցը ժամկետային ծառայության մեջ գտնվող զինվորի ծնողների հավաստիացումներն են ու ամեն ամիս զինվորին ուղարկվող գումարը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930