Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի դաշնակահարը սիրահարվել է Հայաստանին ու Կոմիտասին

Հունիս 23,2022 14:00

Գոդեֆրուա Բերնիեն հայկական երաժշտություն նվագելը հոգեւոր ճամփորդություն է անվանում

Ֆրանսիացի դաշնակահար Գոդեֆրուա Բերնիեն, որ սիրահարված է հայկական երաժշտությանը, որի միջոցով, ինչպես ինքն է ասում` ինքն իրեն է բացահայտել, գտել իր հետ կապը, հունիսի 23-ին ելույթ կունենան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Նա առաջին անգամ է հանդես գալու Հայաստանում: Գոդեֆրուա Բերնիեն ավելի քան 3 տարի զբաղվում է հայկական մշակույթի եւ առավելապես հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների բացահայտմամբ: Նա խորապես սիրահարված է Հայաստանին` անգամ որեւէ հայի մինչ այդ չճանաչելով:

Վերջերս Գոդեֆրուա Բերնիեն Փարիզում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը ուղղվելու է հայկական դպրոցի կառուցմանը: Ֆրանսիացի դաշնակահարն իր նվագացանկում ներառել է Կոմիտասի ստեղծագործությունները, որոնցից մի քանիսը տարածված չեն ու չեն կատարվում:

Գոդեֆրուա Բերնիեն ու Մարի Փոշոտյանը

«Առավոտը» երաժշտից հետաքրքրվեց, թե ի՞նչ ակնկալիքներ ունի հայ ունկնդրից եւ Հայաստանից ընդհանրապես: «Ես շատ երջանիկ եմ գտնվել Հայաստանում եւ հանդես գալ հայ ունկնդրի առաջ: Ֆրանսիայում հայկական համայնքի առաջ ելույթ ունենալն այլ է, ուրիշ է Հայաստանում համերգով հանդես գալը»,-ասաց Գոդեֆրուա Բերնիեն:

Հավելեց, որ հայկական երաժշտությունը մատուցելու է ֆրանսիացու՝ իր ընկալմամբ: «Սա նոր փորձառություն է ինձ համար, ուրախ կլինեմ, եթե հայ հանդիսատեսը գնահատի իմ ելույթը»,-ասաց դաշնակահարը:

Հարցրինք, թե ինչպես է ծնվել սերը հայկական մշակույթի ու հայ երաժշտության հանդեպ: Գոդեֆրուա Բերնիեն նշեց, որ դաշնամուր է նվագել 18 տարեկանից, սովորել է Լիլի համալսարանում: Մի քանի տարի անց հետաքրքրվել հայկական երաժշտությամբ:

«Բաբաջանյանի «Էլեգիայի» միջոցով առաջին անգամ շփվեցի հայկական երաժշտության հետ, այն ներդաշնակ էր իմ զգացմունքների հետ: Դրանք դժվար ժամանակներ էին, ես կորցրել էի մայրիկիս… Երաժշտությունն օգնեց հաղթահարել դժվարությունները: Ես զգացմունքային առումով ավելի կապվեցի դաշնամուրի հետ: Բաբաջանյանից հետո սկսեցի այլ հայ կոմպոզիտորների գործերով էլ հետաքրքրվել, ինձ համար հայտնաբերեցի Կոմիտասին, Հարությունյանին, Սարաջյանին ու մյուսներին»,-ասաց մեր զրուցակիցը:

Նշեց, որ 2019-ին մենահամերգ է ունեցել, որի ծրագրում արգենտինացի եւ իսպանացի կոմպոզիտորներ էին: Այնուհետեւ մի համերգ էլ ունեցել է, որտեղ բացառապես հայ կոմպոզիտորների գործեր է նվագել` Կոմիտաս, Բաբաջանյան, Բաղդասարյան, Աբրահամյան, Սարաջյան եւ Ալան Հովհաննես: Ապա թողարկել է առաջին CD-ն, որը ներառում էր 6 հայ կոմպոզիտորների գործերը:


Գոդեֆրուա Բերնիեն նշեց, որ այդ 6 կոմպոզիտորների ստեղծագործությունները շատ յուրահատուկ է համարում, առանձնացրեց հատկապես Կոմիտասին եւ Ալան Հովհաննեսին: Նրա ձեւակերպմամբ, Կոմիտասի երաժշտության միջոցով կարելի է պատկերացում կազմել հայկական երաժշտության մասին, իրեն դուր է գալիս, որ Կոմիտասը բյուրեղացնում է հայկական մշակույթի ակունքներից եկած արժեքները: Ասում է, որ կոնսերվատորիայում սովորելիս պետք է Բեթհովեն, Շուման ու Շոպեն նվագեր, բայց Կոմիտասի ստեղծագործությունների հետ ծանոթանալուց հետո իր համար ամեն ինչ վերաիմաստավորվել է, որովհետեւ դաշնակահարի ձեւակերպմամբ, Կոմիտասի երաժշտությունն ասես աղոթք լինի, Կոմիտասը հայկական մշակույթի ոգին է խորհրդանշում: Նա հայկական երաժշտությանն անդրադառնալը բնորոշում է որպես հոգեւոր ճամփորդություն, ասում է՝ Հայաստանին պետք է արժանի լինել, պետք է վաստակել Հայաստանը, որովհետեւ հայկական երաժշտության միջոցով բացահայտվում է ժողովրդի հարուստ ու բազմադարյա պատմությունը:

Ֆրանսիացի դաշնակահարը կարճատեւ այցով է Հայաստանում, բայց հասցրել է լինել Հայաստանի որոշ տեսարժան վայրերում: Ասում է` միշտ պատկերացրել է, թե ինչպիսին է հինավուրց Հայաստանը, ու հիմա իր աչքով է տեսնում ամեն բան: Երաժշտից տեղեկացանք նաեւ, որ երկրորդ CD-ն է պատրաստվում թողարկել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի

«Առավոտ» օրաթերթ, 23.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930