Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ադեկվատ քաղաքական դաշտ

Հունիս 23,2022 12:00

Ինչո՞ւ է Ալիեւի մոտ ժամանակ առ ժամանակ ագրեսիվ հայտարարություններ անելու անհրաժեշտություն առաջանում

Եթե մեր հասարակությունը 44-օրյա պատերազմի արհավիրքին բախված չլիներ, կարելի էր ասել, որ մեր երկրում ներքաղաքական կյանքը բավական իներտ ու միապաղաղ է: Քաղաքական ուժերը զբաղված են քաղաքական պայքարի մեթոդների փնտրտուքով, առաջնորդի ընտրության քննարկումներով: Սակայն, 2020թ. աշնանից ոչ միայն Հայաստանի շուրջ զարգացումների ընթացքն է փոխվել, այլեւ ողջ տարածաշրջանի՝ աշխարհաքաղաքական առումով լրջագույն զարգացումներ են, եւ Հայաստանն ու Արցախն, իսկապես, հայտնվել են շահերի բախման կիզակետում: Մինչդեռ հայաստանյան քաղաքական դաշտը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմադիրները, կարծես, չեն պատկերացնում դրանց լրջությունն ու խորությունը:

Օրինակ, հետաքրքրական է վերլուծել Ալիեւի արձագանքների դինամիկան: Նրա ջղաձիգ պոռթկումները հատկապես ուշադրության են արժանի, քանի որ նա «հաղթական» դերի մեջ՝ իր հասարակությանն ու աշխարհին պարբերաբար հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա, առհասարակ՝ Լեռնային Ղարաբաղ չկա…

Բայց ինչո՞ւ է Ալիեւի մոտ ժամանակ առ ժամանակ բավական ագրեսիվ հայտարարություններ անելու անհրաժեշտություն առաջանում: Վերջին օրերին Ալիեւի մոտ հերթական պոռթկումն էր: Այս անգամ առիթը, վստահաբար, Արեւմուտքից ԼՂ-ի խնդրի վերաբերյալ դիրքորոշումներն ու կոնկրետ քայլերն էին:

Արդեն անդրադարձել ենք Եվրախորհրդարանի կողմից հունիսի 8-ին ընդունված՝ «Անվտանգությունն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում եւ անվտանգության ու պաշտպանության ընդհանուր քաղաքականության դերը» բանաձեւին: Այս թեմայով «Առավոտին» մանրամասներ էր պատմել Դավիթ Շահնազարյանը: Հիշեցնենք, որ սա վերջին մեկ տարվա ընթացքում Եվրախորհրդարանի կողմից արդեն 4-րդ անդրադարձն էր Լեռնային Ղարաբաղի թեմային: Պաշտոնական Բաքուն հերթական ձախողումն արձանագրեց, քանի որ այդ բանաձեւում Լեռնային Ղարաբաղն ամրագրվել է որպես՝ «վիճելի տարածք»: Բացի այդ, Եվրախորհրդարանը արձանագրեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, ընդգծվել էր, որ 44-օրյա պատերազմը Ադրբեջանն է նախաձեռնել, որը Հարավային Կովկասում հանգեցրել է քաղաքական, ռազմավարական եւ օպերատիվ իրավիճակի ստատուս քվոյի արմատական փոփոխության՝ հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր տեղահանվածների առկայությամբ:

Անշուշտ, ամենաուշագրավ արձանագրումն այն էր, որ հունիսի 8-ին ընդունված բանաձեւում անդրադարձ էր կատարվել մարտի 8-ին Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խողովակաշարի վնասման փաստին եւ ընդգծվել էր, որ Լեռնային Ղարաբաղը «վիճելի տարածք» է (disputed territory). «… Լեռնային Ղարաբաղ գազ մատակարարելու հիմնական խողովակաշարը վնասվել է եւ վիճելի տարածքը մնացել է առանց էներգակիրների հասանելիության…»։

Փաստացի, Եվրախորհրդարանը հղում էր կատարում այս տարվա փետրվարի 17-ին ընդունած մեկ այլ բանաձեւին, որը կոչվում էր՝ «Եվրախորհրդարանի բանաձեւը ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության իրականացման մասին»: Իսկ այդ բանաձեւում հստակ նշվել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եւ որ կարգավորումը պետք է իրականացվի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման, խաղաղ կարգավորման սկզբունքները:
Ինչպես մեզ հայտնել էր Դ. Շահնազարյանը, Ադրբեջանի իշխանություններն այս անգամ եւս մեծ ջանքեր էին գործադրել, որպեսզի խափանեն հայկական կողմերի համար բարենպաստ ձեւակերպումները, Ստրասբուրգ էր գործուղել ադրբեջանական պատվիրակություն, բայց Բաքվի ջանքերն ապարդյուն էին:

Եվրախորհրդարանի կողմից արդեն չորրորդ անգամ այսպիսի քայլն իսկապես լուրջ եւ կարեւոր հիմք է՝ հայանպաստ գործունեության ծավալման տեսանկյունից, ընդ որում՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմադիրների համար: Հայկական շահերն ամրապնդելու առումով՝ Եվրախորհրդարանի նման հեղինակավոր կառույցի կողմից այդ դիրքորոշումը նույնիսկ նվեր է հայաստանյան քաղաքական էլիտայի համար հետեւողական ու արդյունավետ գործունեություն ծավալելու տեսանկյունից:

Բայց հայաստանյան ներքաղաքական կյանքում որեւէ ուժի հետաքրքրո՞ւմ են այդ հաջողությունները… Որքան էլ ցավալի լինի, պետք է արձանագրել, որ Հայաստանի հակառակորդ պետության ղեկավարն ավելի արագ է զգում, հաշվում հնարավոր հետեւանքները, վերլուծում միջազգային կառույցների հայտարարություններն ու հնարավոր գործողությունները, զգում վտանգները, քան Հայաստանի քաղաքական դաշտը:

Ի՞նչ տեղի ունեցավ Եվրախորհրդարանի կողմից հունիսի 8-ին բանաձեւի ընդունումից հետո… Ընդամենը մի քանի օր անց նախ հարցազրույցով հանդես եկավ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարը, որը ջղաձիգ հիշեցրեց, թե՝ Ալիեւն է որոշում Հայաստանի հետ բանակցությունների բովանդակությունն ու խաղաղության օրակարգը, ավելին՝ «նրա պահանջով բանակցային լեքսիկոնից հանվել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եւ «կարգավիճակ» եզրույթները»:

Հունիսի 15-ին Ալիեւն ուղերձ էր հղել Շուշիում կայացած «Թուրք-ադրբեջանական ռազմավարական միություն. Խաղաղության եւ անվտանգության աղբյուր Կովկասի եւ տարածաշրջանի համար» խորագրով կոնֆերանսի մասնակիցներին, որը նվիրված էր Շուշիի հռչակագրի ստորագրման մեկամյակին: Ալիեւը կարծես միջազգային հանրությանն էր արդեն սպառնում՝ ներկայացնելով այդ հռչակագրի «դերը»: Նա շեշտել էր, որ այդ փաստաթուղթը «կօգնի Ադրբեջանի եւ Թուրքիայի հզորության ամրապնդմանը, միջազգային թատերաբեմում երկու երկրների դիրքերի ամրապնդմանը», ապա նա հավելել էր, որ՝ «թուրք-ադրբեջանական միությունը կարեւոր է ոչ միայն երկու երկրների, այլեւ ողջ թյուրքական աշխարհի համար»: «Կցանկանայի գոհունակությամբ նշել, որ ամուր համերաշխությունը երկու երկրների միջեւ կարեւոր է նաեւ թյուրքական աշխարհում հարաբերությունների զարգացման համար: Դա հիմքեր եւ հնարավորություններ կստեղծի թյուրքական պետությունների՝ ազգային-ռազմավարական նպատակներին հասնելու համար՝ նոր աշխարհակարգի պայմաններում պատասխանելով ժամանակի մարտահրավերներին, ինչպես նաեւ բացում է նոր հեռանկարներ թյուրքալեզու երկրների համար»,- ասվում էր Ալիեւի ուղերձում:

Իսկ մեկ օր անց արդեն Ալիեւը Հայաստանին սպառնաց «նոր առճակատմամբ»: Եթե հայկական կողմը շարունակի բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա կարող է հանգեցնել նոր առճակատման, նշեց նա՝ պնդելով, թե կարգավիճակի մասին չխոսելու բանավոր պայմանավորվածություն կա, եւ Հայաստանի կառավարությանը կոչ անելով հրաժարվել Ադրբեջանին ուղղված ցանկացած տարածքային պահանջից: Այս հայտարարություններն Ալիեւն արեց Բաքվի Գլոբալ իններորդ ֆորումի բացման ժամանակ՝ վտանգավոր ու ապակառուցողական համարելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին Հայաստանից հնչող հայտարարությունները: Նա կրկին պնդեց, թե Ադրբեջանի կազմում նման վարչատարածքային միավոր գոյություն չունի. «Հայաստանի կառավարությունը պետք է գիտակցի սա եւ հրաժարվի պատմությունը խմբագրելու փորձերից: Պատմությունն արդեն գրվել է, եւ այսպես ասած՝ բանավոր համաձայնություն է կայացվել, որ ոչ ոք չի խոսելու կարգավիճակի մասին: Ցավոք, այդ մասին խոսվում է, ինչը կարող է բերել շատ լուրջ հետեւանքների: Եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը այլ ելք չի ունենա, քան անել նույնը»:

Այնուհետեւ, հիշատակելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բրյուսելյան հայտարարությունը՝ Ալիեւը խոսել էր Ղարաբաղի հայերի անվտանգության եւ իրավունքների մասին՝ հավատացնելով, թե դրանք լիովին պաշտպանված կլինեն. «Ադրբեջանը բազմազգ երկիր է, եւ հայ բնակչությունը ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը չէ: Այդ պատճառով մեր սահմանադրությունը հավասար իրավունքներ է ապահովում բոլոր ազգերի, այդ թվում՝ Ադրբեջանում ապրող հայերի համար: Իհարկե, մենք հոգ կտանենք նրանց իրավունքների եւ անվտանգության համար»: Այս հիշատակմամբ էլ, կարծես, Ալիեւը եվրոպական կառույցին «ուղղություն» էր տալիս, թե ինչպես պետք է աջակցել ԼՂ խնդրին:

Ալիեւը առիթը բաց չէր թողել կրկին հիշելու ԵԱՀԿ Մինսկի խմբին: Նա կրկին շեշտել էր, թե Ադրբեջանը լուծել է հակամարտությունը եւ այդ կառույցի կարիքն այլեւս չկա. «Ես ուզում եմ հայտնել մեր դիրքորոշումը՝ Հայաստանի կամ որեւէ այլ երկրի կողմից Մինսկի խմբի վերաբերյալ ցանկացած շահարկում նյարդայնացնում է Ադրբեջանին: Մենք լուծել ենք հակամարտությունը, Մինսկի խմբի մշակած Մադրիդյան սկզբունքները իրագործվել են: Հիմա մենք պետք է մտածենք, թե ինչպես կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ եւ խաղաղության պայմանագիր ստորագրենք»:

Իսկ հայաստանյան ներքաղաքական դաշտում Հայաստանի ու Արցախի ապագայի հետ ուղղակիորեն կապ ունեցող եւ Ալիեւի նյարդերի վրա ազդող գործընթացների գնահատման, վերլուծման առումով, լիակատար անդորր է… Նման մանր-մունր բաները մեր քաղաքական դաշտին առանձնապես չեն հետաքրքրում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 22.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930