Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էկրանավորվել է Երվանդ Քոչարի «Կալիոստրոն»

Հունիս 23,2022 12:30

Հարցազրույց կինոռեժիսոր, սցենարիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Քոչարի հետ

– Հարգարժան Քոչար, ձեր հոր՝ մեծանուն Երվանդ Քոչարի ծննդյան օրը՝ հունիսի 15-ին, «Հենրիկ Մալյան» թատրոնում ցուցադրվեց նրա գործունեությանը նվիրված միանգամից երեք փաստավավերագրական՝ Արա Վահունու «Էլեգիա», Գեւորգ Ալագյոզյանի «Երվանդ Քոչար» եւ ձեր՝ «Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը» ֆիլմերը։ Ցուցադրությանը ներկա էին միայն մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։ Տպավորություն էր, թե մաեստրոյի ծննդյան հոբելյանական տարեթիվն է նշվում, թեեւ նման մեծությանն անդրադառնալը պարտադիր չեն հոբելյանները։ Բայց, չգիտես ինչու, մեզանում գոնե վերջին 30 տարում անվանիներին անդրադառնում են միայն կլոր տարեթվերի առիթով։ Այս տարի մաեստրոյի 123-ամյակն է։

– Քոչարի ստեղծագործական գործունեությանը նվիրված ընդամենը այդ երեք ֆիլմերն են, բայց՝ արժեքավոր։ Իսկ արժեքավոր այն հանգամանքով պայմանավորված, որ ֆիլմերում նրա կենդանության օրոք արված կադրեր են, բնականաբար՝ կենդանի խոսք եւ այլն։ Իմ ֆիլմը պատրաստ էր դեռեւս 2012թ.։ Այն մասնակցել է մի քանի փառատոների, այդ թվում՝ Ֆրանսիայում, Ռումինիայում, ԱՄՆ-ում եւ այլուր։

– Չե՞ք կարծում, որ Վարպետի տարածական նկարչությունը մինչ օրս, բացի մասնագիտական շրջանակներից, արվեստասերների լայն շրջանակին ծանոթ լինել չի կարող։

– Մոռացա նշել, որ ֆիլմը տեղադրված է համացանցում։ Իսկ ձեր դիտարկման հետ համաձայն չեմ։ Իմ համոզմամբ՝ արվեստասերն այն մարդն է, որը գիտի արվեստ ու համոզված եմ, որ նրանք բոլորն էլ գիտեն կամ գոնե գաղափար ունեն՝ ինչ ասել է տարածական նկարչություն։ Այ, եթե ասեիք, որ տարածական նկարչությունը ծանոթ չէ լայն մասսաներին, ես կհասկանայի, որովհետեւ, այո, նրանց հասու չէ։ Կարծում եք Նարեկացի լայն մասսանե՞րը գիտեն… Գիտեն, որ մեծանուն է։ Ընդամենն այդքանը։ Վերադառնամ ֆիլմին։ Նպատակս էր բացատրել՝ ինչ է նշանակում տարածական նկարչություն (եռաչափ նկարչություն)։ Իսկ Քոչարը դեռեւս 1920-ականներին է խոսել եռաչափ նկարչության մասին եւ այն ներդրել գեղանկարչության մեջ, ինչն այն ժամանակների համար ավանգարդ մտածողություն էր։ Ու թեեւ տարածական նկարչության գաղափարը պտտվում էր, բայց դրա արտահայտչամիջոցը, ֆորման գտավ Քոչարը՝ ունենալով հետեւորդներ։ Ընդամենը մեկ անուն բարձրաձայնեմ. Պիկասո։ 1920-ականների վերջին Քոչարը Ֆրանսիայի արվեստների կենտրոնում առաջինը ներկայացրեց տարածական նկարչություն կոչվածն ու դրանով համարվեց այս մտածողության հիմնադիրը։ Այս պահին մի բան մտաբերեցի. Ռումինիայում ֆիլմիս ցուցադրությունից հետո, որին ներկա էին ավանգարդ արվեստի ճանաչված ներկայացուցիչներ, շնորհավորելով ինձ ու կարծես նախօրոք պայմանավորված, նույն միտքն էին արտահայտում՝ նոր Քոչար բացահայտեցինք։ Ես էլ ի պատասխան ասում էի, որ այդ ուղղությունը գտնվում է ձեր երկրի հարեւանությամբ՝ Լուվրում, պարզապես պետք է այցելել, տեսնել ու ընկալել։ Ընդ որում, ֆիլմում ինքը՝ Քոչարն է մանրամասն ներկայացնում եռաչափ մտածողությունը թե նկարչության եւ թե քանդակագործության մեջ։


– Մաեստրոյի ծննդյան հաջորդ օրը առաջին անգամ ներկայացրիք ձեր ռեժիսուրայով «Կալիոստրո» գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանել եք Երվանդ Քոչարի գրած միակ պիեսի հիման վրա, գլխավոր դերում նկարահանվել է Հովհաննես Բաբախանյանը։ Եթե ձեր նախավերջին՝ «Անունս Վիոլա է» գեղարվեստական ֆիլմը տարաբնույթ խոսակցությունների առիթ հանդիսացավ մասնագետների եւ հանդիսատեսի շրջանում, «Կալիոստրո»-ից հետո էլ շշուկներ էին պտտվում, թե ֆիլմը հանրահայտ ավանտյուրիստի մասին է։

– Ես գտնում եմ, որ Կալիոստրոն Նոստրադամուսից շատ ավելի հզոր պատմական դեմք է։ Հրեաներն ամեն ինչ արել են, որ նրան հրեական արմատներ վերագրեն, բայց չի հաջողվել, որովհետեւ Կալիոստրոն հայտարարում էր, թե ինքը աշխարհի ամենամեծ ղպտին է՝ առաջին քրիստոնյաներից, որոնք այսօր էլ գտնվում են Երուսաղեմի հայկական եկեղեցու հովանու ներքո։ Քոչարը պնդում էր, որ Կալիոստրոն հայկական արմատներ ունի, ինչը պատճառ հանդիսացավ, որ պիեսի ձեւաչափով ներկայացնի նրան, չնայած պիեսում բառ անգամ չկա հայկական արմատների մասին։ Հիշեցնեմ, որ Կալիոստրոյին է անդրադարձել Դյումա հայրը, որի ստեղծագործությունը ֆիլմի է վերածել ֆրանսիացի կինոռեժիսոր Անդրե Յունեբելը, Կալիոստրոյին էլ մարմնավորել է Ժան Մարեն։

Կադրեր «Կալիոստրո» ֆիլմից։


– Իսկ սեփական սցենարով իրականացրած ձեր ֆիլմում Կալիոստրոն…

– Իմ Կալիոստրոն, ով տիրապետում էր անմահության գաղտնիքներին, իր պաշտոնական մահվանից 100 տարի անց վերադառնում է տուն, ուր պետք է գտներ սերը՝ «մատանին»։ Մոռացված դղյակում հանդիպելով իր երիտասարդությանը ու պարզելով սիրո կորուստը, հեռանում է դարերի խորքը՝ մերժելով սատանայի հետ հետագա որեւէ առնչություն։ Վերջապես, Կալիոստրոն լրջագույն անձնավորություն էր, ավելին՝ ֆրանսիական բուրժուական հեղափոխության նախահայրը, ինչպես ներկայացված է Դյումա հոր վեպում։ Ուզում էր աշխարհը փոխել, առաջ տանել… Գիտե՞ք, Կալիոստրոյի մասին կարելի է ժամերով, ինչու ոչ՝ օրերով անդադար խոսել…

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Հ. Գ.-Վերջին 30 տարիներին մեր կինոռեժիսորների նկարահանած ֆիլմերն ավելի շատ ծանոթ են դրսի հանդիսատեսին, քանի որ, ինչպես իրենք են քանիցս մեզ ասել, դրանք նկարահանել են հատուկ փառատոներին ներկայացնելու համար։ Լավագույն դեպքում այստեղ որոշ ֆիլմեր շնորհանդեսի ձեւաչափով ներկայացվել են, եւ վերջ։ Եվ եթե նույնիսկ կինոսիրողների շրջանում հարցախույզ անցկացնենք, թե վերջին տարիներին նկարահանված ինչ ֆիլմերի անուններ գիտեն, համոզված ենք, հիմնականում պատասխանը կլինի լռությունը, լավագույն դեպքում՝ կբարձրաձայնեն մեկ-երկու ֆիլմի անուն։ Հասկանալի է, որ սա բանավեճի թեմա է, բայց մի բան ավելի քան պարզ է՝ հանդիսատեսի մեղավորությունն այստեղ չկա։

«Առավոտ» օրաթերթ
22.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930