Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմադիրները թող հանգիստ լինեն, արբանյակն այդ նպատակների համար չի»

Հունիս 23,2022 13:30

ԲՏԱ նախարարը՝ հայկական արբանյակի շուրջ հումորների ու մտահոգությունների մասին

Հայկական առաջին արբանյակի մասին լուրը շրջանառության մեջ դրվելուց հետո մամուլում ու սոցցանցերում անսպառ հումորային քննարկումների, գրառումների եւ ծաղրանկարների շարքեր հրապարակվեցին՝ տիեզերքում ՔՊ-ի ստեղծած ապագայից սկսած՝ մինչեւ դավադրությունների տեսություն: Ոմանք հայկական արբանյակի շուրջ ստեղծված աղմուկը համեմատում էին «Սու-30»-ների հետ, որոնք բանակի համար առանց հրթիռի բերեցին, նկարվեցին, «թիթիզացան», բայց ոչ օդաչու դարձան, ոչ էլ «կոսմոնավտ»:

«Առավոտի» հետ զրույցում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ասաց, որ տարածված հումորային ու ոչ հումորային մեկնաբանություններին հետեւել է, իսկ թե ինչ է իրականում մեզ տալու այդ արբանյակը՝ պատասխանեց. «Թեման բավականին լուրջ է եւ իհարկե, ամեն մեկն իրավունք ունի իր ձեւով արձագանքի: Ես ներողություն եմ խնդրում, բայց շատ բան հիմա մենք չենք կարող խոսել այդ թեմայի շուրջ, որովհետեւ ինքը ամբողջությամբ դեռ գաղտնազերծված չի: Ես նաեւ կոլեգաներին ասացի, որ չեմ կարող բոլոր հարցերին պատասխանեմ: Մոտ օրերս նախատեսվում է հարցազրույց այդ թեմայի վերաբերյալ, նաեւ կլինի մամուլի ասուլիս, որտեղ մենք կանդրադառնանք հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին, կտանք թե՛ հերքումները, թե՛ կներկայացնենք ապացույցներ այն ամենի մասին, ինչը հետաքրքրում է հանրությանը»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել. «Նենց եք ուրախանում արբանյակով, ոնց որ դա կամ ցանկացած այլ բան սրանք ունակ են օգտագործել ի շահ պետականության ու հայության: Չզարմանաք, որ արբանյակն էլ սրանք օգտագործեն ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հետեւելու համար»:

Այս առչությամբ նախարարը հարցին՝ արբանյակը կարո՞ղ է ծառայել՝ որպես քաղաքական հետապնդման գործիք, ընդդիմության մտահոգությունները կարո՞ղ է փարատել՝ պատասխանեց. «Ես չեմ պատկերացնում՝ ոնց են իրենք դա մտածում, որ օգտագործվելու է իրենց ասած նպատակների համար, բայց այն մեր մասով, ինչքանով որ մենք հնարավորություն ենք ունեցել ինֆորմացիա տրամադրել, իմ տեղակալը՝ պարոն Սահակյանը կարճ ճեպազրույցով ամեն ինչ տեղեկացրել է, դրա համար ես չեմ ուզի, ներողություն եմ խնդրում, բայց իրոք չեմ կարող հիմա ավել ինֆորմացիա տրամադրել: Իսկ ընդդիմադիրները թող հանգիստ լինեն, նման բան չկա, չի կարող լինել»:

Ճշտեցինք՝ տեխնիկապես հնարավոր չի՞ դրանով հետեւել ընդդիմությանը, թե՞ ուղղակի ձեր նպատակներն են մաքուր՝ Ռոբերտ Խաչատրյանը պատասխանեց. «Թող հանգիստ լինեն, այդ նպատակների համար չի արբանյակը»:

Ի դեպ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր, ՕՐԻՈՆ եւ այլ տիեզերական ծրագրերի առաջատար ճարտարագետ Աշոտ Զախարյանը եւ Ալեքսանդր Կաշինը, որը նույնպես Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր է, ՕՐԻՈՆ եւ այլ տիեզերական ծրագրերի առաջատար ճարտարագետ, մանրամասն բացատրել են, որ այսպես կոչված՝ «հայկական արբանյակի» շուրջ հրճվանքն ու այն ազգային նվաճում ներկայացնելու փորձերն անիմաստ են: Նրանց դիտարկմամբ՝ արբանյակը միջազգային տվյալներով նշվում է՝ որպես իսպանական. «Այն ստեղծվել է իսպանական Satlantis Microsats ընկերության կողմից, հետեւաբար, որեւէ ներդրում Հայաստանը՝ մեր որեւէ մասնագետ այդ արբանյակի նախագծմանը, ստեղծմանը չունի: Այդ արբանյակը արձակվել է ԱՄՆ-ից Falcon-9FT կրող հրթիռով, Block-5 (F9-156) 59 միկրո-արբանյակների հետ փաթեթում: Փաթեթում նշված են, օրինակ, 4 արգենտինական՝ KA NuSat (դդ 28-31), 5 ֆիննական ICEYE-X (դդ 17-21), կանադական CHGSat («Luca», «Penny» Ռ «Diako»), ավստրալիական Centauri-5, բուլղարական Piatform-1, նաեւ երկու իսպանական Urdaneta-Armsat-1… Այսինքն, Հայաստանը, որպես երկիր, չի հիշատակված: Սակայն, եթե անգամ Հայաստանը հիշատակվեր այդ փաթեթում, այսինքն՝ մենք որոշ ներդրում ունենայինք, դա առանձնապես ձեռքբերում չպետք է դիտվեր, քանի որ CubeSat դասի միկրո-արբանյակները սիրողական, կրթական ծրագրեր են, եւ դրանց տվյալները, որպես կանոն, պիտանի չեն լուրջ նպատակների համար, որոնք իրականացվում են իրական արբանյակային ծրագրերով»:

Նախարարն ասաց, թե գաղտնիության տվյալներ կան, ուստի հանրությանը չեն կարող տեղեկություն տրամադրել, մինչդեռ տիեզերական տեխնիկայի մասնագետների համար անհասկանալի է, թե ինչու են հարկատուից դրա վրա ծախսված գումարը եւ «ազգային նվաճման» մանրամասները գաղտնի պահում հենց հարկատուից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    “Ես ներողություն եմ խնդրում, բայց շատ բան հիմա մենք չենք կարող խոսել այդ թեմայի շուրջ, որովհետեւ ինքը ամբողջությամբ դեռ գաղտնազերծված չի:”

    Ես չեմ հասկնար առավոտի լրագրութիւնը. Ձեր նախարարը ձեր երեսին՝ ոչ ռազմական, սիրողական արբանեակի մը մասին խոսելով գաղտնիքներ կը նշէ՝ յայտնաբար պատասխանէ մը սուտով փախելու համար։

    Ձեր յաջորդ հարցումը պէտք է ըլլար՝ “պարոն նախարար ինձ էշի տե՞ղ էք դնում”, եւ ոչ ուրիշ բան։

    Բայց երեւի հայկական լրագրութիւնն ալ արբանեակին չափ սիրողական է։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930