Լրահոս
Օրվա լրահոսը

«Պանդորայի փաստաթղթեր». նախկին պատգամավորների զավակները՝ օֆշորներում. «Հետք»

Հունիս 22,2022 23:50

Մեծ աղմուկ հանած «Պանդորայի փաստաթղթերում» են հայտնվել ոչ միայն հայ պաշտոնյաներ ու գործարարներ, այլեւ նրանց փոխկապակցված անձինք, այդ թվում՝ զավակները։ Նրանց շարքում են բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի դուստրը, ինչպես նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նախկին պատգամավոր եղբայրների՝ Գագիկ եւ Արմեն Աբրահամյանների որդիները։

Մեծ աղմուկ հանած «Պանդորայի փաստաթղթերում» են հայտնվել ոչ միայն հայ պաշտոնյաներ ու գործարարներ, այլեւ նրանց փոխկապակցված անձինք, այդ թվում՝ զավակները։ Նրանց շարքում են բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի դուստրը, ինչպես նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նախկին պատգամավոր եղբայրների՝ Գագիկ եւ Արմեն Աբրահամյանների որդիները։

Նախկին պատգամավորը նաեւ խոշոր հողատեր է։ 2018-ին «Հետքը» պատմել էր Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց հատվածում, հին ու նոր պաշտոնյաների կառուցած առանձնատների մասին։ Գրել էինք, որ այստեղ ամենամեծ հողակտորը (1,3 հեկտար), հենց Գ․ Աբրահամյանինն է, ավելին՝ նրա առանձնատունը, ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալներով, մեր երկրում ամենաբարձր կադաստրային արժեքն ունեցող (428 մլն դրամ) բնակելի տունն էր։ Իր առանձնատան կողքին Աբրահամյանը կառուցել է եւս մեկը, որտեղ վարձակալությամբ տեղավորվել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը։

2020-ին էլ գրել էինք Դալմայի այգիների տեղում հողակտորներ գնած ու վարձակալած անձանց մասին։ Նրանցից Գագիկ Աբրահամյանի «Դի Սի Էյ» եւ «Ջեյ Սի Էյ» ընկերությունները զբաղեցնում են 3,8 հա տարածք Այասի 114 հասցեում։

Գագիկ Աբրահամյանի մասին շատ բան կարելի է պատմել, բայց բավարարվենք այսքանով ու անդրադառնանք նրա որդուն՝ Արամ Աբրահամյանին, եւ նրա օֆշորային գործերին։

«Պանդորայի փաստաթղթերի» ծագման աղբյուր դարձած 14 գործակալներից մեկը «Trident Trust Group»-ն է, որը գրասենյակներ ունի երկու տասնյակ երկրներում, սակայն, ըստ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի, գլխավոր ընկերությունը Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ) գրանցված «Trident Trust Company (B.V.I.) Limited»-ն է։ «Պանդորայի թղթապանակի» 11,9 մլն հատ արտահոսած փաստաթղթերից ամենաշատը՝ 3,37 մլն-ը, բաժին է հասել «Trident Trust»-ին. այդ փաստաթղթերը վերաբերում են 1970-2019 թթ․ ժամանակահատվածին։ «Trident Trust»-ի հաճախորդներից է նաեւ Արամ Աբրահամյանը:

2012-ի հունվարին ԲՎԿ-ում գրանցվել է 26-ամյա Արամ Աբրահամյանի «Chessman Services S.A.» ընկերությունը, որի միակ սեփականատերն ու տնօրենը եղել է ինքը։ 2017-ի տարեվերջին «Trident Trust»-ի աշխատակիցների նամակագրությունից տեղեկանում ենք, որ Աբրահամյանի ընկերությունը վերականգնելու (restoration) խնդիր է ծագել։ ԲՎԿ-ի ռեգիստրից ջնջված, բայց դեռեւս չլուծարված ընկերությունը հնարավոր է վերականգնել, եթե դրա համար հայտ ներկայացնելու հետ միասին վճարվեն համապատասխան տույժ-տուգանքներն ու պետական տուրքերը։ 2018-ի տարեսկզբին «Chessman Services S.A.»-ն վերականգնվել է վիրջինյան ռեգիստրում։ Այդ նպատակով Արամ Աբրահամյանի ներկայացրած փաստաթղթերը օգնում են հասկանալ, թե 2012-ին ինչու է ստեղծվել ընկերությունը։

Ըստ այդմ՝ օֆշորային «Chessman Services S.A.»-ն ծառայում է հայկական ««Դի Սի Էյ» ադամանդագործական ընկերություն» ՓԲԸ-ի ակտիվները պահելու համար։ Պահվող ակտիվները գնահատվել են 5 մլն դոլար։ Դրանց ծագման աղբյուրի մասին նշվել է հետեւյալը․ «Արամ Աբրահամյանը հաջողակ բիզնեսմեն է Հայաստանում, նա նաեւ հարուստ ընտանիքից է, նրա հայրը եւս հայտնի բիզնեսմեն է։ Նրանք շատ հայտնի են ոսկերչական ոլորտում»։ Ընկերությունը հենց ԲՎԿ-ում գրանցելու պատճառը ներկայացվել է այսպես․ «Ապահովել ակտիվների որոշակի անվտանգություն»։ Հետաքրքիր է, որ չնայած «Chessman Services S.A.»-ի շահառու սեփականատերն Արամ Աբրահամյանն է, նրա հայրը՝ Գագիկ Աբրահամյանն է նշվել որպես իրավասու անձ, ով կարող է գործակալ «Trident Trust»-ին ցուցումներ տալ ընկերությանն առնչվող գործարքների վերաբերյալ, եւ ում պետք է ուղարկվեն «Chessman Services S.A.»-ի հաշիվ-ապրանքագրերն ու հաշվի քաղվածքները։

Արմեն Աբրահամյանի որդու վիրջինյան ընկերությունները

Աբրահամյան եղբայրներից Արմենը երկար տարիներ աշխատել է հարկային համակարգում։ 2003-ին նա հիմնադրել է «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ն, որը 2007-ից 50-50 համամասնությամբ կիսում է գործարար Գագիկ Ծառուկյանի հետ։ Պատահական չէ, որ անկուսակցական Աբրահամյանը 2007-2012 թթ․ ԱԺ պատգամավոր է ընտրվել Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930