Պարենային, առողջապահական, շրջակա միջավայրի, համայնքային, տնտեսական, անձնական/հոգեբանական, քաղաքական անվտանգություն․ մարդու անվտանգության այս 7 կետերից կազմված հայեցակարգը ներկայացվեց «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագրի շրջանակում։ Այն իրականացնում են «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն, «Լրագրողներ հանուն ապագայի» եւ «Գորիսի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունները, իսկ ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի մարզում բնակչության ապահով, անվտանգ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների բացահայտմանն ու տեղական իշխանությունների ռազմավարության մեջ դրանց ներգրավմանը։
«Ավանդական անվտանգությանը զուգահեռ՝ շատ կարեւոր է զարգացնել մի քանի ոլորտներ՝սոցիալական առողջապահական, շրջակա միջավայրը կարողանանք ճիշտ օգտագործել, որպեսզի համընթաց զարգացում տեղի ունենա։ Միայն ֆիզիկական անվտանգությունը ապահովելով, մենք չենք կարող վստահ լինել, որ մեր քաղաքացիները իրենց ապահով կզգան, եթե ունենան սոցիալական խնդիրներ, միեւնույն ժամանակ զարգացումը առանց պատշաճ անվտանգության՝ կբերի այն հետեւանքների, որոնք կարող են լինել պատերազմի ու տարբեր ուժերի կողմից»,–ասում է «Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը։
Կարդացեք նաև
Հետազոտությունը անցկացվել է Սյունիքի մարզի 8 խոշորացված Մեղրի, Կապան, Քաջարան, Տաթեւ, Տեղ, Սիսիան, Գորիս, Գորայք համայնքներում։ Ըստ կազմակերպիչների, բոլոր համայնքներում առաջնահերթ կարեւորել են խաղաղությունն ու անվտանգ պաշտպանությունը։ Ծրագրի իրավաբան, սոցիալ–տնտեսական մշակութային իրավունքի փորձագետ Տաթեւիկ Թոխյանն առանձնացնում է բնակավայրերի մի խումբ, որոնք տարբերվում են իրենց կենսակերպով ու հոգսերով։ Դրանք սահմանամերձ դարձած, նաեւ՝ ադրբեջանական զինծառայողների ներկայությամբ ավելի մոտ շփման գծեր ունենալու գյուղական բնակավայրերի բնակիչների իրավունքների խախտման խնդիրներն են։
Ճանապարհների անմխիթար վիճակ, կրթություն, առողջապահություն՝ այս խնդիրները տարիներ շարունակ եղել են, բայց նոր մարտահրավերների արդյունքում ավելի են խորացել Սյունիքի բնակավայրերում գյուղատնտեսությունն ու անասնապահությունը ճգնաժամային իրավիճակում են հայտնվել ու մարդկանց մտահոգությունները վերաբերվում են այդ վախերին, թե ինչպե՞ս են շարունակելու իրենց բնականոն կյանքը։ Կան խնդիրներ, որոնք ուղղակի իրազեկվածության պակասի արդյունքում է ձեւավորվել, մարդիկ տեղյակ չեն որ դրանք լուծելի են։ Չնայած կառավարությունը բազմաթիվ սոցիալ-տնտեսական ծրագրեր է իրականացնում սահմանամերձ դարձած բնակավայրերում, բայց իրազեկման պակաս կա։
«Փորձել ենք պետության կողմից իրականացվող ծրագրերը, մեխանիզմները համապարփակ ներկայացնել հայեցակարգում, որպեսզի ՀԿ–ները կամ միջազգային կառույցները ցանկացած ծրագիր իրականացնելիս հաշվի առնեն՝ որոնք են բացերը, ինչ չի անում պետությունը, կամ անում է , բայց չի հասնում մարդուն»,-նշում է Տաթեւիկ Թոխյանը։
Վերջինս այս առումով առանձնացնում է ապաստարաններ ունենալու հարցը։ Ասում է՝ միայն ապաստան ունենալը դեռ անվտանգության երաշխիք չի։ «Ինչքանո՞վ են այդ ապաստարանները ծառայում մարդուն, եւ ցանկացած կառավարման օղակում, որտեղ որեւէ գործողություն իրականացվում է այդ ճգնաժամերի դիմակայնությանը, պետք է ուղղված լինի մարդուն ու մարդը պիտի մասնակից լինի։ Եթե մարդիկ չիրազեկվեն՝ որ ապաստարաններ կան, կամ հատուկ կարիքներով անձինք չկարողանան օգտվել այդ ապաստարաններից, նշանակում է՝ ապաստարանների առկայությամբ դեռ չի որոշվում որեւէ խնդիր»,–նշում է փորձագետը։
«Սյունիքում` մարդու անվտանգության հայեցակարգը» ներկայացվելու է նաեւ կառավարությանը։ Համահեղինակները համոզված են՝ հայեցակարգում նշված ուղղությունները կօգնեն կառավարությանը ճիշտ կողմնորոշվել կազմելու Սյունիքի զարգացման ծրագրերը, քանի որ հայեցակարգում հենց սյունեցին է խոսել իր խնդիրների մասին։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ