«Դեմոկրատիայի բաստիոնում հանցավոր համագործակցության, հանցավոր գործողությունների ու պայմանավորված արդարադատության ամենացցուն ցուցիչն է»,-այսօր Ֆրանսիայի հրապարակին կից այգում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրությանը:
Ըստ նրա, իրավական առումով մի քանի դրվագով հանցակազմերի խնդիր կա. «Ամեն երկրորդ բառը հանցագործություն է: Ջհանգիրյանական արդարադատությունը երբեւէ չի փայլել արդարությամբ, բայց այստեղ խոսքը կոնկրետ գնում է նրա մասին, որ Ջհանգիրյանն այսօր ՀՀ-ի հանցավոր արդարադատության քավորն է»:
Ըստ փաստաբանի, ձայնագրությունից հստակ երեւում է, որ Գագիկ Ջհանգիրյանն, ունենալով հսկայական հեղինակություն արդարադատության համակարգում, իրականացնում է ռեպրեսիաներ՝ իր համար ցանկալի անձանց պաշտոնում տեսնելու համար:
Փաստաբանը նաեւ մտահոգություն հայտնեց, որ այսուհետ թերահավատորեն են մոտենալու այն հարցերին, որ իրենց կողմից հաղորդում ներկայացնելիս արդյոք կթողնե՞ն այդ գործը հարուցեն, եթե Գագիկ Ջհանգիրյանի հետ փոխկապակցված անձ լինի. «Ես ի՞նչ իմանամ, կարող է Ջհանգիրյան Գագիկի հետ փոխկապակցված է: Եթե Ջհանգիրյանը չուզենա, որ դա հարուցեն, չեն հարուցելու: Դա ասում է ինքը, Գագիկ Ջհանգիրյանը»:
Կարդացեք նաև
Վահե Եփրիկյանը վկայակոչելով Գագիկ Ջհանգիրյանի՝ ձայնագրությունում հնչած բառապաշարը, ասաց՝ եթե քննիչները, դատախազները, դատավորներն ականջալուր լինեն նրան, ապա, պետք է հավաքվեն ասեն՝ «դու մեր մերերի հետ ի՞նչ գործ ունես, մեր կողմից իրականացվող արդարադատության հետ ի՞նչ գործ ունես: Դու ո՞նց ես բնութագրում այն հիմնարկը, որտեղ մենք աշխատում ենք»:
Ըստ նրա, եթե նրա «վզին դրել են» Հայաստանի հանրապետությունն իրավական պետություն չի. «Սա իրավաբանական խայտառակություն է: Եթե քաղաքական իշխանությունն այսօր դա է դնում նրա վզին, վաղն ուրիշ բան է դնելու»:
Փաստաբանի կարծիքով, անմիջապես դատախազի ցուցումով պետք է հարուցվեր քրեական գործ. «Գագիկ Ջհանգիրյանին ներգրավեր որպես կասկածյալ, կասկածյալով հարցաքննեին եւ տանեին կալանքի, որովհետեւ նա ունի բոլոր հնարավոր մեխանիզմները՝ քրեական վարույթին խոչընդոտելու: Այ, սա կլիներ իրավական պետություն»:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով, իշխանությունները բազմաթիվ գործեր հենց ձայնագրությունների հիման վրա են հարուցում եւ ենթարկում իրավական պատասխանատվության:
Իրավաբան Բենիկ Գալստյանի խոսքով, Ջհանգիրյանի ձայնագրությունում ընդհանուր առմամբ զարմանալի բան չի եղել, բայց մի քանի դրվագից հետեւություն է արել, այն է, որ Ջհանգիրյանի «շեֆին» կառավարում են այլ անձինք. «Իսկ նրա շեֆը Հայաստանի գլխավոր պաշտոն զբաղեցնող անձն է»: Բենիկ Գալստյանը հարց է հնչեցնում ԱԱԾ-ի հակահետախուզության պատասխանատուներին՝ այդ անձինք ովքե՞ր են:
Ըստ նրա հանցագործության դեպք է նաեւ Ջհանգիրյանի այն ասածները, թե փաստացի ինքն է ղեկավարում գլխավոր դատախազին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ