Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Շիրակի մարզպետի վերջին հայտարարությունները տարակուսանք են առաջացնում»․ Վարդան Ղուկասյանի փաստաբան

Հունիս 22,2022 19:25

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը երեկ Գյումրու քաղաքապետարանում հրավիրած խորհրդակցության ժամանակ անդրադարձել էր նաև Գյումրու կենտրոնական զբոսայգին՝ «Գորկու սադ»-ն «ազատագրելու»-ն, խոսել էր նաև Սայաթ-Նովա փողոցի հատվածում գտնվող զբոսայգում ընթացող ապօրինի շինարարությունից։

Շիրակի մարզպետն անուններ չէր նշել, սակայն հայտարարել էր, թե բոլորն էլ գիտեն ում ձեռամբ է այս ամենն արվում։ Նազելի Բաղդասարյանը նաև նախազգուշացրել էր, որ Գյումրիում արտոնյալներ չպետք է լինեն, և քանի դեռ ինքը Շիրակի մարզպետն է, մինչև վերջ գնալու է յուրաքանչյուր ապօրինության հետքերով։

Դիմելով Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին՝  Նազելի Բաղդասարյան ասել էր․ «Պարոն քաղաքապետ, այս առումով ես խիստ դժգոհ եմ, որ Գյումրու կենտրոնական զբոսայգին, որը ժամանակին ապօրինաբար զավթվել է որոշ մարդկանց կողմից, որոնք քաղաքային իշխանությունում դերակատարություն են ունեցել, մենք այս տարածքները չենք կարողանում ազատագրել։

Ես, այնուամենայնիվ, նշեմ, որ հարցը համայնքապետարանի ուշադրության կենտրոնում պիտի լինի, որովհետև կենտրոնական զբոսայգին ինչ-որ մեկի սեփականությունը չի կարող լինել, որ այլանդակության մակարդակի հասնող ապօրինություններ իրականացնի այնտեղ»։

Մարզպետի խոսքն ուղղված էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանն այսօր արձագանքել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հայտարարությանը։ Փաստաբանն Aravot.am-ի խմբագրություն է ուղարկել գրավոր պատասխան, որը և հրապարակում ենք անփոփոխ։

«Շիրակի մարզպետ տիկին Բաղդասարյանի վերջին հայտարարությունները՝ կապված Գյումրու կենտրոնական զբոսայգին «զավթելուն» ու Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցի հատվածի զբոսայգում շինարարություն ծավալելու հետ, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում։ Նախ  «օրինականության կամ անօրինականության» մասին գնահատականներ տալու իրավունքը վերապահված չէ Շիրակի մարզպետին, իսկ հարգարժան մարզպետը մասնագիտությամբ նաև իրավաբան է։ Բայց որ ամենից կարևորն է, հարգարժան մարզպետը դժգոհ է, որ «այս տարածքները չեն կարողանում ազատագրել»։ Չենք կարծում, չէ՞, որ տիկին մարզպետը «ազատագրել» ասելով նկատի է ունեցել «զինված հարձակում» այդ տարածքների վրա։ Պարզ է չէ՞, թե ինչ կարգով պիտի իրականացվի «ազատագրումը», պարզ է չէ՞, որ «ազատագրելու կոչերը» նախ և առաջ իրավապահ մարմիներին  ուղղված հրահանգ կարող է ընկալվել, իսկ տիկին մարզպետը  նաև իշխող քաղաքական թիմի անդամ է։

Ավելին՝ իր խոսքում նա նշեց, որ առջևում գործընթացներ կլինեն։ Իսկ այդ գործընթացները ի՞նչ են լինելու՝ նոր իրավական կամայականություննե՞ր, որոնք տեղի են ունենում մինչ այժմ, թե ավելի խայտառակ ապօրինություններ՝ իրավապահ մարմինների ձեռամբ ու «քաղաքական-ազատագրական» կոչերով։

Ի վերջո՝ տիկին մարզպետը տեղյա՞կ է, որ իր կողմից հիշատակված քննվող քրեական գործերը վառ օրինակներ են այն բանի, թե ինչպես կարելի է խայտառակել իրավաբանությունը, թե ինչպես կարելի է ծաղրել օրենքը՝ նման կարգով քրեական գործեր քննելով։ Խնդիրն ամենևին այն չէ, որ քրեական գործեր են քննվում, այլ խնդիրն այն է, թե ինչպես են դրանք հարուցվում ու քննվում։ Միգուցե որևէ մեկին հետաքրքրեր, թե դրանք ինչպես են հարուցվել։ Ի վերջո՝ պաշտոնատար անձի խոսքում կարևոր է նաև, որ այն լինի զուսպ ու փաստարկված, այլ ոչ թե շեշտը դրվի միայն նրա վրա, թե ում ականջին ինչպիսի բառապաշար է հաճո։ Պաշտոնատար անձն ավելի մեծ պատասխանատվություն պիտի կրի իր խոսքի համար, քան ցանկացած այլ անձ, և անընդունելի է, երբ, քրեական գործերի քննությանը զուգահեռ հանրային իշխանություն ու լծակներ ունեցող պաշտոնյան քննության առարկա հանգամանքներին տալիս է վերջնական գնահատական, որակում դրանք որպես «այլանդակության մակարդակի հասնող ապօրինություններ»։

Հիմա փաստորեն տիկին մարզպետը հրապարակայնորեն հայտնե՞ց, թե ինչ ելք պիտի ունենան քրեական գործերն՝ անկախ նրանից, թե ինչ է ապացուցվել կամ չապացուցվել այդ քրեական գործերով։ Բայց կարծում եմ, որ տիկին մարզպետը նաև այլ բան բացահայտեց, նշելով, որ «խնդիրը ապօրինությունների ընթացքը չէ, այլ այն մարդկանց ընթացքը, ովքեր տարիներ շարունակ ենթադրել են, որ Գյումրիում իրենք արտոնյալ են»։

Ի՞նչ է սա նշանակում, որ քաղաքական իշխանությունը անհանգստացած է ոչ թե ենթադրյալ ապօրինություններով, այլ նրանով, թե ովքե՞ր են դրանք կատարում։ Սրանից կարո՞ղ ենք ենթադրել, որ, օրինակ, զբոսայգում, պետք է «ապօրինություններ» կատարեն այլ անձինք, և դրա համար անհրաժեշտ է, որ այդ տարածքը ազատագրել՝ այլ անձանց հանձնելու համար։

Ցավոք սրտի՝ նախաքննության գաղտնիությամբ պայմանավորված, հնարավորություն չկա այս պահին հանրայնացնելու մի շարք տեղեկություններ, որոնք ցույց կտային այն պնդումների ճշմարտացիությունը, որ տիկին մարզպետի հիշատակած քրեական գործերը առերևույթ  խտրական վերաբերմունքի դրսևորումներ են, այլ ոչ թե օրենքի կամ օրինականության «հաստատման կամ վերահաստատման» դրսևորումներ։

Ինչ վերաբերվում է տիկին մարզպետի հիշատակած շինարարությանը, թե իբր այն ապօրինի է, ապա հավանական է, որ նրան չեն տեղեկացրել, որ դա ապօրինի է միայն համայնքապետարանի կարծիքով, սակայն առկա է վարչական դատարանի վճիռ, ըստ որի՝ համապատասխան վարչական ակտն անվավեր է ճանաչվել։ Ավելին՝ այգու բարեկարգումը տեսանելի է յուրաքանչյուրին, իսկ ապօրինի շինարարություն այնտեղ չի իրականացվել։ Տնտեսվարողի իրականացրած գործունեությունը համապատասխան տարածքում եղել է և շարունակում է լինել օրինական։

Կոչս ու խնդրանքս է բոլոր հանրային բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց․ Ձեր խոսքով առավել մի նպաստեք օրենքի ու օրինականության մասին խեղաթյուրված ընկալումների տարածմանը, երբ արդեն օրենքն ու օրինականությունը նույնանում է «հրապարակներում վառելու», «կախաղան անելու», «ունեզրկելու» և անձանց մասնավոր սեփականությունը պաշտոնատար անձի հայտարարությամբ խլելու հետ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930