Լրահոս
Օրվա լրահոսը

Մատենադարանը ձեռագրերի վերականգնման երկարամյա փորձ ունի և այս իմաստով աշխարհին շատ բան ունենք ասելու, փորձ ունենք փոխանցելու. Արա Խզմալյան

Հունիս 22,2022 17:47

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ հունիսի 22-26-ը Երևանում միաժամանակ անցկացվում են միջազգային ««ՍոլիդԱրտ». ժամանակակից արվեստ, հանրային կառավարում» և «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» սեմինարները։

Միասնական սեմինարին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի Հանրապետության ներկայացուցիչներ: Նրանք հանդես կգան զեկույցներով, տեղի կունենան հարց ու պատասխան, կլոր-սեղան քննարկումներ:

Հունիսի 22-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում կայացել է միջոցառման բացման արարողությունը, որի ընթացքում հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Հիշողության կերպարանքներ» ծրագրի ղեկավար Տաթևիկ Մուրադյանը, «ՍոլիդԱրտ» ծրագրի ղեկավար Մելիքսեթ Կարապետյանը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հպարտությամբ նշել է, որ Հայաստանում իրականացվում են այնպիսի միջազգային նախագծեր, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանում:

Այս համատեքստում Արա Խզմալյանն անդրադարձել է «Հիշողության կերպարանքներ» սեմինարին՝ ընդգծելով, որ այն անցկացվում է արդեն 11 տարի շարունակ. «Այն կայացած ու հաստատված նախագիծ է, համախմբում է տարբեր երկրների կազմակերպությունների՝ գրադարանների, թանգարանների, վերականգնման կենտրոնների մասնագետների՝ լայն հարթակ ձևավորելով մասնագիտական քննարկման, խնդիրների արծարծման համար: Մատենադարանը ձեռագրերի վերականգնման երկարամյա փորձ ունի, և մենք տեսանք, որ այս իմաստով աշխարհին շատ բան ունենք ասելու, փորձ ունենք փոխանցելու: Փորձի փոխանակման միջոցով կատարելագործում ենք նաև մեր մասնագետների գիտելիքները»,- շեշտել է Արա Խզմալյանը:

Խոսելով «ՍոլիդԱրտ» սեմինարի մասին՝ փոխնախարարը նշել է, որ այն համախմբում է կինոլորտի ներկայացուցիչներին: Ըստ Խզմալյանի՝ կազմակերպիչների առաջ քաշած խնդիրները չափազանց կարևոր են կինոքաղաքականության մշակման առումով:
«Ինչպե՞ս ենք սինխրոնիզացնում օրենսդրական դաշտը, ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր խթանել համատեղ կինոարտադրությունը: Սեմինարի կարևորագույն բաղադրիչը կինոժառանգության պահպանման խնդիրն է, որն առաջանային է տարբեր երկրների համար: Խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլև թվային վերականգնման մասին է»,- ասել է նախարարի տեղակալը՝ հիշեցնելով, որ 2023 թվականին լրանում է հայ կինոյի 100-ամյա հոբելյանը, չի բացառվում, որ սեմինարը 2023-ին հոբելյանական ծրագրի մաս դառնա:

Տեսաուղերձով սեմինարի մասնակիցներին ողջունել է Ռուսաստանի պետական գրադարանի գլխավոր տնօրեն Վ. Վ. Դուդան՝ կարևորելով մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված այս հարթակը, որը հնարավորություն է ընձեռնում փորձի փոխանակման և լայն քննարկումների միջոցով պահպանելու ձեռագիր և տպագիր ժառանգությունը: Գրադարանի գլխավոր տնօրենը սեմինարի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:
«Հիշողության կերպարանքներ» ծրագրի ղեկավար Տաթևիկ Մուրադյանը տեղեկացել է, որ տարիների ընթացքում Հայաստանը մասնակից պետություններից հյուրընկալել է ավելի քան 130 կառույցների. «Սեմինարին մասնակցել են վերականգնողներ, գրադարանային գործի, թանգարանների աշխատակիցներ և այլք: Նախաձեռնությունը միտված է ԱՊՀ տարածքում մասնագետների փորձի փոխանակմանը: Եղել են մասնակիցներ Եվրոպայից, ԱՄՆ-ից: Ուրախ ենք, որ Հայաստանում ստեղծվել է հարթակ, որտեղ մի շարք պետությունների մասնագետներ ներկայացնում են իրենց հաջողությունների փորձը»:

Մուրադյանը հավաստիացրել է, որ ամեն սեմինարի ավարտից հետո դրական արձագանքներ են ստանում, և մասնակիցները հույս են հայտնում, որ նախաձեռնությունը շարունակական կլինի:

«ՍոլիդԱրտ» ծրագրի ղեկավար Մելիքսեթ Կարապետյանն էլ ընդգծել է, որ սեմինարն ուղղված է կինոլորտում համատեղ արտադրության և ֆիլմերի տարածման մեխանիզմների ուսումնասիրմանը, անիմացիոն ֆիլմերի զարգացմանը, մասնակից երկրների համագործակցության ընդլայնմանը, կինոժառանգության պահպանման խնդիրներին:

«Խորհրդային Միության փլուզումից հետո միության կազմում ընդգրկված երկրները կինոարվեստում գնացին իրենց ճանապարհով: Հետադարձ հայացքով հիմա համոզվում են, որ համատեղ արտադրությունները, ստեղծագործական միասնական աշխատանքն ավելի արդյունավետ է: Նախորդ տարի անցկացրինք առաջին սեմինարը: Այս տարի կան հյուրեր 26 երկրներից՝ Ղազախստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ռուսաստանից և այլն: Նմանօրինակ սեմինարները լավ առիթ են պետականորեն մտածելու, թե ինչ է պետք փոխել և ինչպես ընդլայնել դաշտը»,- ընդգծել է նա:

Նշենք, որ ««ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ, հանրային կառավարում» միջազգային սեմինարն ուղղված է կինոլորտում համատեղ արտադրության և ֆիլմերի տարածման մեխանիզմների ուսումնասիրմանը, անիմացիոն ֆիլմերի զարգացմանն ու մասնակից երկրների համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև այդ երկրներում կինոժառանգության պահպանության խնդիրներին:

«Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» սեմինարը մասնագետների կատարելագործման յուրատեսակ հարթակ է, որը հնարավորություն է տալիս իրականացնելու փորձի և գիտելիքի փոխանակում վերականգնման, արխիվացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Սեմինարների կազմակերպիչներն են «Օրացույց» գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում և «Ազգային ստեղծարար միավորում» ՀԿ-ները:

Երկու սեմինարների ծրագրերը կունենան ընդհանուր միջոցառումներ՝ հնարավորություն ստեղծելով մասնագետներին քննարկելու կինոժառանգության պահպանության հարցում մասնակից երկրների համագործակցության փորձն ու հեռանկարները։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930