2022 թ․ հունիսի 20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը։
Հիշեցնենք՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։
Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։ Իր մտահոգությունն է հայտնել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Գործի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազին էր դիմել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։
Այս ապօրինի քրեական հետապնդումը նպատակ ունի լռեցնելու ազգային փոքրամասնությունների խնդիրների մասին բարձրաձայնող իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի ձայնը։ Սա իրավապաշտպաններին անհիմն թիրախավորելու և ապօրինի հետապնդման ևս մեկ օրինակ է։
Կարդացեք նաև
ԱՄՆ պետքարտուղարությունն իր կրոնական ազատությունների մասին 2021 թ․ տարեկան զեկույցում ևս անդրադարձել է Սաշիկ Սուլթանյանի գործին:
Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանը, Սամսոն Գալստյանը, ներգրավվել է նաև փաստաբան Արա Ղազարյանը:
Նախորդ նիստի ժամանակ Սաշիկ Սուլթանյանի հեռախոսազրույցներին վերաբերող մասը պաշտպանների միջնորդությամբ դատարանը հետազոտեց դռնփակ՝ հաշվի առնելով, որ դրանք անձնական խոսակցություններ են։
Հետազոտվող ապացույցները ներառում են նաև եզդիերենով խոսակցություններ, որոնք զննելու համար համապատասխան թարգմանիչ դեռևս չի ներգրավվել։ Դրանով պայմանավորված՝ պաշտպանների առաջարկով ապացույցների հետազոտման կարգը փոխվեց․ մինչ թարգմանիչ ներգրավելն ու ձայնագրությունները վերծանելը՝ դատարանը կհարցաքննի վկաներին։
Այդ հիմքով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2022 թ․ հունիսի 28-ին՝ 10։30-ին։
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ