Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական գործեր քննող դատավորները Ջհանգիրյանի աշխատանքային թրաֆիքինգի տակ են»․ փաստաբան

Հունիս 22,2022 17:13

«Իսկ ո՞վ էր Գագիկ Ջհանգիրյանից ակնկալում ավելին։ Սա ապացույցն է, որ չորս տարի մենք՝ փաստաբանական հանրույթը, մեզ «պատռում» էինք` ասելով, որ ՀՀ-ում քրեական գործերը չեն լուծվում օրենսգրքով նախատեսված կարգով, այլ ինչ-որ աշխատասենյակներում»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությանը՝ հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

Հիշեցնենք՝ ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել եւ հայտարարել, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն իրեն հորդորել է հրաժարական տալ, իսկ հրաժարականը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կոչուբաեւի խոսքով՝ ուշագրավ է, որ զրույցի ժամանակ Գագիկ Ջհանգիրյանը Վարդազարյանին առաջարկում է հրաժարականի գնով խուսափել քրեական գործերից․ «Նա չհրաժարվեց, եւ մեկ լրատվականի հարցազրույց տալու արդյունքում զրկվեց պաշտոնից։ Սա ապացույց է, որ Վարդազարյանի համար նախապես որոշվում է՝ երկու այլ քրեական գործերին ընթացք տա՞ն, թե՞ ոչ։ Գագիկ Ջհանգիրյանը նույնն է, ոչինչ չի փոխվել նրա վարքագծում։ Զարմանալի է, որ գոռում էր ԲԴԽ մյուս անդամի վրա։ Հարգանքի զրո միջավայր է ԲԴԽ-ում։ Կարծում եմ՝ Վարդազարյանի համար ԲԴԽ-ին դիմած երեք անդամները նույն կերպ կդիմեն, որ Ջհանգիրյանին պատասխանատվության ենթարկեն. սա հեգնում եմ իհարկե»։

Ալեքսանդր Կոչուբաեւը կարծում է, որ առաջիկայում Գագիկ Ջհանգիրյանը պաշտոնակատարից կընտրվի ԲԴԽ նախագահ․ «Իրեն բավարար չէր պաշտոնակատար լինելը։ Իրավական պետությունում այդ ձայնագրության հրապարակումից րոպե անց պետք է լիներ պաշտոնից հրաժարում, քրեական գործի հարուցում»։

Բարձրագույն դատական խորհուրդը ձայնագրության հետ կապված հետեւյալ հայտարարությունն է տարածել․ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության։

Փաստաբանը հավելեց․ «Վստահ եմ՝ մյուս դատավորները, որոնք քննում են քաղաքական գործեր, աշխատանքային թրաֆիքինգի տակ են Ջհանգիրյանի կողմից։ Անդրանիկ Սիմոնյանը, որն այսօր ԱԱԾ փոխտնօրեն է, այդ պաշտոնի գինը Վարդազարյանի դեմ ցուցմունք տալն է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930