Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարելի է Րաֆֆու «Սամվելը» կարդալ ռուսերեն… Հա, ես գտնում եմ, որ Ռուսաստան՝ դաշնակից, զինակից, բայց ոչ իմ ինքնության հաշվին». Հովիկ Աղազարյան

Հունիս 22,2022 17:18

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օրերս Հայաստանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում հայտարարեց, որ «հաշվի առնելով հայկական կողմի մեր ընկերների ցանկությունը, աշխատում ենք Հայաստանի հանրապետությունում ռուսական դպրոցների թվի ավելացման վրա»:

Թե ինչ են տալու այդ դպրոցները մեզ, որ մենք խնդրում ենք ՌԴ-ին բացել նոր ռուսական դպրոցներ՝ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում պատասխանեց. «Ես ինքս ավարտել եմ Սուրենավան գյուղի միջնակարգ դպրոցը եւ ռուսերեն սովորել եմ այնտեղ, Րաֆֆու «Սամվելն» էլ հայերեն եմ կարդացել: Ես միշտ զարմացել եմ, թե ո՞նց կարելի է Րաֆֆու «Սամվելը» կարդալ ռուսերեն: Ես ինքս ավարտել եմ դպրոցը, ռուսերենի կրթություն ստացել եմ այնտեղ եւ այդ կրթությամբ ընդունվել եմ ասպիրանտուրա, պաշտպանել եմ թեկնածուական թեզ, Մոսկվայում եմ ընդունվել ասպիրանտուրան ու չեմ խեղճացել ոչ մի ձեւով ու ռուսական դպրոցի կարիք չի եղել: Ժամանակին մեր մոտ կաշառք էին տալիս, որ իրենց երեխեքին տանեն ռուսական դպրոց, «պրիստիժնի» էր: Ռուսական դպրոց ռուս քաղաքացիների համար՝  ասենք հա, խնդիր չկա: Այդ բաներն իմ համար անընդունելի են: Հայ երեխեն պետք է սովորի հայկական դպրոցում ու այնտեղ խորապես սովորի, ե՛ւ ռուսերեն, ե՛ւ անգլերեն: Լեզուն ազգի ինքնության կարեւորագույն բաներից մեկն է: Մի ժամանակ փողոցներում էլ էին ռուսերեն խոսում, ինչի՞ համար, ո՞վ էր իրենց ստիպում: Ստիպում էին, ասում էին՝ ռուսերեն սովորի, քո երեխուն տար ռուսական դպրո՞ց՝ չէ՛, մե՛նք էինք, մեր ազգի մեջ որոշակի օտարամոլություն կա ու մենք պետք է դրա դեմ պայքարենք օրենքներով: Դու հայ ես, չէ, ախպեր ջան, քո երեխուն տար հայկական դպրոց, եթե քեզ ռուս ես համարում՝ հարց չկա»:

Հարցին՝ բա Լավրովն ի՞նչ էր ասում, ինչու ենք մենք խնդրում, որ Հայաստանում ռուսական դպրոցներ բացեն՝ Աղազարյանը պատասխանեց. «Դա այն քաղաքացիներն են, Լավրովի շրջապատից այն մարդիկ են, որոնք ուզում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւան: Շատ շատերն ինձ համարում են ռուսամետ քաղաքական գործիչ: Հա, ես գտնում եմ, որ Ռուսաստան՝ դաշնակից, զինակից, բայց ոչ իմ ինքնության հաշվին:  Ես դեմ եմ, որ հայ երեխան գնա ռուսական դպրոց, դեմ եմ միանշանակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930