Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատաշուկայի և կրթության կապի ամրապնդումը շարունակական հրամայական է: Շատ կարևոր է, որ կրթության ոլորտում կատարվող ներդրումները փոխկապակցված լինեն երկրի տնտեսության զարգացման հետ. Արթուր Մարտիրոսյան

Հունիս 22,2022 16:53

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովին», որը կազմակերպվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «ՍԻՎԻՏՏԱ-Հայաստանի», Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայ օգնության ֆոնդի կողմից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար` շեշտելով, որ աշխատաշուկայի զարգացումն անմիջականորեն կապված Է մարդկային կապիտալի զարգացման հետ, որը կրթության պետական քաղաքականության առաջնային խնդիրն է:

«Աշխատաշուկայում որակյալ կադրերի առկայությունը սկսվում է կրթությունից և ենթադրում է շատ կոնկրետ գործողություններ: Աշխատաշուկայի և կրթության կապի ամրապնդումը շարունակական հրամայական է` հաշվի առնելով, որ աշխատաշուկայի պահանջներն անընդհատ փոխվում են և մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների ձեռքբերման նպատակով շարունակական վերապատրաստումները դառնում են առաջնային խնդիր: Այս առումով շատ կարևոր է, որ կրթության ոլորտում կատարվող ներդրումները փոխկապակցված լինեն երկրի տնտեսության զարգացման հետ»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը` ավելացնելով, որ ԿԳՄՍ նախարարությունն այս ուղղությամբ համագործակցում է պետական այլ գերատեսչությունների հետ:

Նրա խոսքով` ձևավորվել է միջգերատեսչական կայուն երկխոսություն` կրթություն-աշխատաշուկա կապն ուժեղացնելու նպատակով:

Ըստ Ա. Մարտիրոսյանի` 2021 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է Հանրակրթության պետական չափորոշիչը, որից բխող առարկայական չափորոշիչներով և ծրագրերով բովանդակային նոր մոտեցումներ են առաջարկվում:

«Դպրոցներում կգործեն մասնագիտական կողմնորոշման կենտրոններ, որոնք կնպաստեն մասնագիտության գիտակցված ընտրությանը, որակյալ աշխատուժի ստեղծմանը, երիտասարդների աշխատանքային մրցակցությունը զարգացնող ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի կատարելագործմանը:

Միջին մասնագիտական կրթության ոլորտում ներդրվել և առավել կարևորվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցումը՝ որպես մասնագիտական կրթության առանցքային հայեցակետերից մեկը»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ նույն մոդելը հեռանկարային է նաև բարձրագույն կրթության ոլորտում:

Շրջանառության փուլում գտնվող բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագծով բուհերի ակադեմիական ազատությունների բարելավման շրջանակում նոր հնարավորություններ են ստեղծվում աշխատաշուկայի կարիքներին միտված կրթական նոր ծրագրերի իրականացման համար:

Փոխնախարարի խոսքով` աշխատաշուկայի կարիքները և պահանջարկն ավելի գերակա են դարձել նաև բուհերի պետական պատվերով հատկացվող տեղերի համար: Օրենսդրական նոր կարգավորումներ են տրվել ոչ ֆորմալ և լրացուցիչ կրթության արդյունքների ճանաչման առումով:

Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսք ասել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանցը, ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիպ Լեյթինենը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվիշվիլին:

Ողջունելով ներկաներին՝ Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Չիփ Լեյթինենը կարևորել է մեկնարկող համագործակցությունը տարբեր կառույցների միջև, որոնք կհամատեղեն ուժերը և կաջակցեն Հայաստանի կառավարությանը՝ Զբաղվածության ազգային ռազմավարության մշակման աշխատանքներում. «Մարդկային կապիտալը Հայաստանի ամենակարևոր ակտիվներից մեկն է, շատ կարևոր է, որպեսզի երաշխավորվի դրա զարգացումը»։

«Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովին» մասնակցել են պետական եւ մասնավոր հատվածների, միջազգային կազմակերպությունների և կրթական հաստատությունների շուրջ 200 ներկայացուցիչներ։ Մասնակիցների թվում էին նաև ոլորտի փորձագետներ և երիտասարդներ, որոնք համախմբվել էին քննարկելու աշխատուժի զարգացման ընթացիկ մարտահրավերներն ու հնարավորությունները։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930