Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռահասություն. կարեւոր փուլ եւ ինչպես աջակցել նրանց

Հունիս 22,2022 16:49

Դեռահասությունը սկսվում է կենսաբանորեն։ Ձեւափոխվում է մարմինը, դեմքը, սկսվում է սեռական հասունացումը, եւ այս ամենն, իհարկե, չի լինում առանց հոգեբանական փոփոխությունների։

«Դեռահասության մասին այսօրվա պատկերացումները ունեն մոտ 100 տարվա պատմություն։ Առաջ մանկությունից հասունություն թռիչը միանգամից էր, հիմա մենք ունենք միջանկյալ ժամանակ` մինչ կհասցնենք հասկանալ եւ ինտեգրվել հասուն կյանքին։ Սա ունի խիստ անհատական դրսեւորում՝ կախված միջավայրից, որտեղ մեծանում է երեխան։ Այն կախված է նաեւ սոցիալական պայմաններից։ Ինչքան ավելի ապահոված ընտանիքում եւ հասարակությունում է մեծանում երեխան, այնքան ավելի երկար կարող է ձգվել դեռահասությունը», -ասում է հոգեբան Անի Մարգարյանը։

Անի Մարգարյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Ինչպե՞ս ծնողը երեխային պատրաստի դեռահասությանը։

Ծնողը ինքը նախ իրեն պետք է պատրաստի դեռահասությանը։ Իսկապես։ Այդ տարիքում ծնողները նույնպես շատ խոցելի են դառնում։ Կարեւոր է ասել, որ դեռահասների խնդիրների մեծ մասը պայմանավորված է հենց ծնողների խնդիրներով՝ ինչպես են նրանք պատկերացնում այդ անցումը, ինչ ակնկալիքներ ունեն, ինչ վախեր ունեն եւ այլն։ Իսկ այս ամենին պատրաստվել պետք է, երբ արդեն երեխա են պլանավորում։

Դեռահասության ժամանակ երեխայի մեջ ուժ է արթնանում։ Նա սկսում է ճանաչել ինքն իրեն։ Դեռահասն այդ շրջանում շրջվում է դեպի աշխարհը, դեպի իր համար լրիվ նոր բան, իսկ երբ ունի կայուն հենարան իր մեջքի ետեւում, նա արդեն ավելի հստակ քայլերով է կարողանում մտնել հասուն կյանք։

Իսկ թե ինչպես ծնողն իրեն պատրաստի այդ բարդ փուլին, պատասխանն այսպիսինն էր․

«Երբ վաղ մանկությունում ծնողն իրեն թույլ է տալիս շատ կապվել երեխայի հետ, հոգ տանել նրա մասին, վերցնել այդ պատասխանատվությունը, փորձել տեսնել նրա անհատականությունը, արդեն դեռահասության շրջանում նա կկարողանա ետ գնալ եւ թույլ տալ երեխային անցնել այդ փուլով։ Իսկ երբ ծնողն այդ փուլով չի անցել, այդ շրջանում նա հաճախ փորձում է ավելի ամրացնել այդ կապը, ապրել այն, ինչը չի հասցրել ավելի վաղ շրջանում։ Բայց դա միայն խանգարելու է իր երեխային»։

Մենք խոսեցինք մեր հասարակությունում դեռահասների հետ վերաբերմունքի ու խնդիրների մասին։

Այստեղ շատ է գերխնամքը, ինչի կարիքը դեռահասն այնքան էլ չունի։ Մի ուրիշ խնդիր է, երբ դեռահասից ակնկալիքներն ավելի մեծ են լինում, քան պետք է լինեին։ Դեռահասը կարող է արտաքինից հասուն երեւալ, բայց այդ խմորումներն իր ներսում շարունակվում են, եւ եթե չարտահայտվեն դեռահասության շրջանում, ապա արտահայտվելու են ավելի ուշ տարիքում։

Դպրոցներում նույնպես պատրաստ չեն դեռահասների հետ շփմանը։ Այն տարիքում, երբ երեխան սկսում է հարցեր տալ, քանդել ինչ-որ պատնեշներ, ընդունված գաղափարներ, կարեւոր է հասկանալ, որ դա միայն ավիրելու եւ քանդելու ցանկություն չէ։ Դա աշխարհը ճանաչելու, սեփական սահմանները տեսնելու, բացահայտելու մղումն է, ինչը շատ կարեւոր է։

Այս շատ սիրուն եւ կենսական շրջանը, որը ներսից շատ ուժեղ լիցքավորված է, կարող է լինել եւ ավելի բուռն արտահայտված։ Դեռահասը կարող է իր մազերը ներկել արտահայտիչ գույներով, կարող է ինչ-որ թեմատիկ խմբերի միանալ, էկոլոգիական կամ այլ սոցիալական խնդիրներ բարձրացնել։ Եվ դա հեչ սարսափելի չէ։ Ինչքան բուռն անցնի դեռահասությունը, այնքան ավելի հանգիստ կլինեն մյուս փուլերը։

«Դա, իհարկե, նաև վախենալու է, այդ պատճառով էլ մեծահասակները սկսում են պաշտպանվել։ Նրանք փորձում են «վարար գետի» առաջ պատնեշ դնել, որ վերահսկելի լինի, որովհետեւ չգիտես՝ ինքը ուր դուրս կգա։ Դա տարիք է, երբ մարդը կարող է սարեր շրջել ու ներսից շատ քիչ դիմադրություն ունենալ։ Սակայն այդ հզորության զգացումը շատ փխրուն է։ Նրանց փակելը եւ կոտրելը շատ լուրջ հետեւանքներ կարող են առաջացնել»։

Այսօրվա խնդիրներից է նաեւ այն, որ ծնողները ոչ լիարժեք են երեխայի կողքին։ Նրանց տարբեր սոցցանցերում կարող են լինել, օրինակ, երեխային կերակրելու ժամանակ կամ խոսելու, ինչը կարող է բերել այդ կապի թուլացմանը։

«Հիմա սահմանները շատ են լղոզվել։ Կա acceleration (արագացում) վաղ տարիքում։ Եթե նախկինում երեխաներն իրենց «ես»-ը աշխարհից կարող էին առանձնացնել մոտ 3 տարեկանում, հիմա դա կարող է լինել ավելի շուտ։ Հոգեբաններն, կենսաբանները հետազոտություններ են անցկացնում՝ պարզելու համար՝ ինչ է կատարվում։

Դրան հակառակ որոշ փուլեր դանդաղել են։ Օրինակ՝ դեռահասության փուլը եթե առաջ 19-ում սովորաբար ավարտվում էր, հիմա կարող է ձգվել մինչեւ 21 տարեկան, նույնիսկ՝ 24։ Եթե հենց դեռահասի ներսից ենք նայում, այն կարող է ավելի էլ ձգվել։ Այսօրվա քաղաքակրթությունը դա խրախուսում է։ Ծնող դառնալուց հետո նորից ձգտում են դեռահասական ալիքների վրա լինել, սպոնտան բաներ անելու եւ ինքնաարտահայտվել»։

Անիի խոսքերով՝ ծնողները պետք է ուշադրություն դարձնեն երեխայի հետ ունեցած կապին, որպեսզի այն չկորցնեն։ Ծնողը չպետք է վախենա, երբ նկատի՝ ինչպես է այդ կապը փոփոխությունների ենթարկվում։ Դա շատ առողջ եւ բնական է։ Եվ շատ կարեւոր է, որ երեխան իմանա՝ միշտ կարող է դիմել ծնողին․ նա միշտ այնտեղ է։ Ծնող-երեխա հարաբերությունների բնույթը փոխում է, բայց կարեւեր է երեխային եւ ինքներդ ձեզ հիշեցնել, որ դուք շարունակում եք կարեւոր մնալ իրար համար։ Եվ այս ամենի ընթացքում մնալ այն ամուր հենարանը, որը պետք է երեխային։

Դեռահասների ինքնագնահատականի մասին խոսելը պարտադիր կետերից էր․ ինչից է այն կախված, ինչպես է ձեւավորվում, ինչ դեր ունեն ծնողները եւ շրջապատող մարդիկ։

«Դա նույնպես անհատական է։ Իհարկե, ծնողների գործոնը շատ կարեւոր է, որովհետեւ երեխայի համար նրանք հեղինակություն են։ Եթե, օրինակ, ծնողը երեխային ասի, որ նա ամենախելացին է եւ ամենասիրունը, երեխան ինչ-որ ժամանակ իրենց հենց այդպես էլ զգալու է։ Կամ եթե ասի, որ լավ է երգում, երեխան նույնպես համոզված է լինելու, որ այդպես է։ Բայց ինչ-որ ժամանակ հետո նա ի վերջո կբախվի իրականությանը, եւ եթե ծնողն ուղղակի հաճոյախոսել է, դա շատ ցավոտ անկում է լինելու երեխայի համար։ Լինում է նաեւ հակառակը։ Ծնողները երեխային անընդհատ թերագնահատում են, նա ունենում է շատ ցածր ինքնագնահատական, եւ եթե բախտը բերում է, դրսում լսում է նաեւ այլ կարծիքներ եւ կարող է արդեն վերանայել իր մասին ունեցած կարծիքը։ Բայց սա նույնպես շատ ցավոտ եւ տոքսիկ է երեխայի համար»։

Զրույցի վերջում խոսեցինք դեռահասների կարիքների մասին, բայց ամենահիմնայինը, որ Անին առանձնացրեց, այն էր, որ պետք էր ընդամենը հարցնել՝ ինչ են ուզում։ Կարիքները շատ տարբեր են։ Միայն թե դեռահասը պետք է իմանա, որ ծնողներն այնտեղ են, եւ երբ պետք լինի, ինքը կարող է դիմել նրանց։ Նրանք պետք է պատրաստ լինեն զրույցներին, տեսնեն եւ ընդունեն այդ փոփոխությունները, լսեն եւ փորձեն հասկանալ։ Եվ դա անեն առանց ճնշումների եւ առանց իրենց սեփական պատկերացումները երեխայի պարանոցին փաթաթելու։

 Վիկտորիա Սամուել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930