Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց վատ զգալու հերքում է 30 ծնողի»․ հերոսների ծնողները՝ Քյարամյանի հետ միջադեպի մասին

Հունիս 22,2022 16:12

2020թ․ պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն իր եղբոր՝ Արթուր Գալեյանի հետ հրավիրվելու է քննչական գործողությունների։ Նրանք, հիշեցնենք, մեղադրվում են զորամաս մուտք գործելու եւ զորամասի տարածքում սպային ֆիզիկական ցավ պատճառելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ եղբայրները քաշքշել են սպային, հարվածել պլաստմասե շշով։ Մխիթարի հայրը՝ Գարիկ Գալեյանը գտնում է, որ «մեղադրանք անգամ չկա»։

«Շինծու գործ է, գործարք։ Գործը ռազմականից տեղափոխել են այստեղ՝ կոմիտե, ու չգիտենք, թե ինչու։ Քննիչն է զանգել ասել։ Այսօր եղբորս են միայն կանչել վերեւ։ Գուցե կարճում են գործը, գուցե մոտները մի բարոյական փոփոխություն է եղել։ Ինձ ամսի 24-ին են կանչել»,-քննչական կոմիտեի դիմաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գարիկ Գալեյանը։

Նշենք, որ օրերս զոհված զինծառայողների ծնողները հերթական անգամ հանդիպել էին քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ եւ ահազանգել, որ հանդիպման ժամանակ նա իրեն մեղմ ասած լավ չի պահել, վիրավորել է։ Լրագրողները հետաքրքրվեցին միջադեպի մասին, հիշեցրին, որ Քյարամյանը հերքում է կատարվածը։

«Եթե կարող է առանց վատ զգալու հերքել 30 ծնողի, որոնց հաշվին ինքն ու ընտանիքը կան ու կոչվում են հայ, էլ ի՞նչ ասեմ։ 30 ծնող ո՞նց կարող է սուտ ասել։ Նա իր աշխատասենյակում ոչ ադեկվատ է պահել իրեն ծնողների հանդեպ, ահաբեկել է՝ «անձամբ կհետեւեմ, որ դատվի»․․․դա ի՞նչ արտահայտություն է։ Կանչել էր ծնողներին, որ դատի՞»,-հարցադրում արեց Գարիկ Գալեյանը։

Միջադեպին ներկա մեկ այլ ծնող էլ  հաստատեց, որ Քյարամյանն անհարգալից է վերաբերվել, եւ վեճից հետո իրենք դուրս են եկել․ «Անիմաստ է դարձել դրանից հետո ինչ-որ բան ասել։ Եղել է, որ կանչել է իր աշխատակիցներին։ Հիմա չեմ ուզում շատ բաներ ասել։ Ծնողներից մեկի հետ է եղել։ Մենք հարց ունեինք։ Մեկ տարուց ավելի Քյարամյանն իր երեխաներին է գուրգուրում, իսկ մենք սառը քար ենք պաչում»։

Հիշեցնենք, որ ծնողները պահանջում են պատշաճ քննել 2020թ․-ի պատերազմի հանգամանքներն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել։ Նախատեսվում է, որ Քյարամյանի հետ հանդիպում կլինի։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930