Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի առևտրային գործընթացները 2021թ․ և աշխարհաքաղաքական նոր իրադարձությունների ազդեցությունը նրանց տնտեսությունների վրա. Արտակ Մարկոսյան

Հունիս 22,2022 16:31

ՆԱԽԱԲԱՆ
Հարավային Կովկասի երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, տնտեսական կարողությունների առումով բավականին տարբերվող են, և դա պայմանավորված է նաև տարածաշրջանում առկա իրողություններով։ Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս դեռևս լուրջ խնդիրներ ունի տարանցման ուղիների հետ, որը դժվարացնում, միաժամանակ թանկացնում է արտահանման և ներմուծման գործընթացը, իսկ ահա Ադրբեջանն ու Վրաստանը զերծ են այդպիսի խնդիրներից և լուրջ կարողություններ ունեն հաղորդակցման ուղիների առումով։

Հարավային Կովկասի երկրները բավականին տարբերվում են նաև իրենց տնտեսության կառուցվածքով։ Եթե Հայաստանի և Վրաստանի համար ներկայումս արտահանման հիմնական ապրանքը պղնձի հանքաքարն ու խտահանքն է, ֆերրո-համաձուլվածքներն ու կիսաֆաբրիկատ ոսկին, երկաթը, ցինկը և այլ մետաղներ, որոնք երկու երկրների արտահանման կառուցվածքում զբաղեցնում են մինչև 1/3 մասը, ապա Ադրբեջանի  արտահանման 88 տոկոսն ապահովում են ածխաջրածինները՝ նավթն ու գազը։ Այս առումով Վրաստանի և Հայաստանի արտահանումն ավելի դիվերսիֆիկացված է, քան Ադրբեջանինը, թեև վերջինս ներկայումս լուրջ ջանքեր է գործադրում նավթային կախվածությունից ձերբազատվելու համար և փորձում է զարգացնել տնտեսության ոչ նավթային հատվածը։ Միաժամանակ նավթն ու գազը հնարավորություն են ընձեռում արտահանման ներուժով գերազանցել Վրաստանին և Հայաստանին։

Ռուս-ուկրաինական հակամարտությունը և ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասի երկրների տնտեսությունների վրա մոտ ժամանակահատվածում կարող են  և´ բացասական, և´ դրական ազդեցություն թողնել։  Դեպի Ռուսաստան արտահանման մեծ չափաբաժին ունեցող Հայաստանի և Վրաստանի համար Արևմուտքի կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցները հնարավոր է սահմանափակեն երկկողմանի առևտրաշրջանառության հնարավորությունները։ Միաժամանակ, ռուս-ուկրաինական թնջուկի շահող կողմերից կարող է լինել Ադրբեջանը, քանի որ հակամարտության հետևանքով համաշխարհային շուկայում բարձրացել են էներգակիրների գները, իսկ դրանք Ադրբեջանի պետական բյուջեի ձևավորման համար կենսական նշանակություն ունեն և 2022թ․ միլիարդավոր դոլարների հասնող լրացուցիչ եկամտի աղբյուր կարող են հանդիսանալ Ադրբեջանի համար։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ 2021թ ԵՎ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎՐԱ

             2021թ․ COVID-19 համավարակի տարածման դանդաղեցման և պատվաստումների աճին զուգահեռ՝ տեղի ունեցան համաշխարհային առևտրատնտեսական կապերի որոշակի աշխուժացում և սպառման ծավալների աճ, որն իր բարերար ազդեցությունն ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության ընդհանուր առևտրաշրջանառության ավելացման վրա, ընդ որում, 2021թ․ արտահանման ցուցանիշն առաջին անգամ հատեց 3 մլրդ դոլարի շեմը․ աճը 2020թ․ համեմատ կազմեց 19.1 տոկոս և 3 մլրդ 22 մլն դոլար։

2021թ․ Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության հիմնական գործընկերների շարքում կրկին ԵԱՏՄ անդամ երկրներն են, որոնց հետ առևտրաշրջանառությունը 2020թ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել  է 20.6 տոկոսով՝ 2 մլրդ 629 մլն դոլար: Ինչպես և նախորդ տարիներին, 2021թ․ ևս Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որին բաժին է ընկել Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրի 31.4 տոկոսը: 2021թ․ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 629 մլն դոլար․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 20.9 տոկոս: Բելառուսի Հանրապետության հետ ապրանքաշրջանառությունն ավելացել է 7.8 տոկոսով և կազմել 86.1 մլն դոլար: Ղազախստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 48.6 տոկոսով և հասել 18,3 մլն դոլարի:

ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2021թ․, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ավելացել է  12,4 տոկոսով և կազմել 177,1 մլն դոլար: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի Հանրապետության առաջնային առևտրային գործընկերն Ուկրաինայի Հանրապետությունն է,  որի հետ 2021թ․ ապրանքաշրջանառությունը կազմել է 168,8 մլն դոլար․ նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 12.4 տոկոս: ԱՊՀ երկրներից ապրանքաշրջանառության աճ է գրանցվել նաև Ուզբեկստանի  և Թուրքմենստանի հետ՝  63.2  տոկոս և 14.8 մլն դոլար և 2.8 անգամ և 14.2 մլն դոլար։

COVID-19 կորոնավիրուսի համավարակի ու տնտեսական հարաբերությունների աշխուժացումն ազդեցություն են ունեցել նաև Հայաստանի և Եվրոպական Միության երկրների միջև արձանագրված ապրանքաշրջանառության վրա: 2021թ․ Հայաստանի և Եվրոպական Միության երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 23,9 տոկոսով և կազմել 1 մլրդ 587 մլն դոլար: Եվրոպական Միության երկրների շարքում Հայաստանի Հանրապետության խոշորագույն գործընկերը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն է, որի հետ 2021թ․ կտրվածքով փոխադարձ ապրանքաշրջանառությունը կազմել է 289․8 մլն դոլար․ նախորդ տարվա համեմատ գրանցվել է 2.5 տոկոս անկում: Եվրոպական Միության երկրների շարքում Հայաստանի Հանրապետության խոշոր առևտրային գործընկերներից են նաև Բուլղարիան, որի հետ 2021թ․ ապրանքաշրջանառությունն ավելացել է 32.3 տոկոսով՝ կազմելով 227.5 մլն դոլար, Իտալիայի և Նիդերլանդների հետ աճը կազմել է համապատասխանաբար՝ 24.0 և 79.6 տոկոս և 287,7 ու 228.5 մլն դոլար:

Այլ երկրների շարքում Ռուսաստանի Դաշնությունից հետո Հայաստանի Հանրապետության խոշոր առևտրային գործընկերը Չինաստանի Հանրապետությունն է, որի հետ առևտրաշրջանառությունը 2021թ․ կազմել է 1 մլրդ 260 մլն դոլար, իսկ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 30.7 տոկոս: Ապա հաջորդում են Իրանի Իսլամական Հանրապետությունը` 502.8, Շվեյցարիան՝ 385.3, ԱՄՆ-ը՝ 207.4,  Իրաքը՝ 182.0 և Վրաստանը՝ 190.2 մլն դոլար: 2021թ․ Վրաստանի, ԱՄՆ-ի և Իրանի հետ առևտրաշրջանառությունն ավելացել է համապատասխանաբար՝ 45.9, 35.9 և  25.2 տոկոսով։ Շվեյցարիայի դեպքում գրանցվել է լուրջ անկում, որը կազմել է 18.4 տոկոս։

2021թ․ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 847.3 մլն դոլարի արտադրանք։ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումը ևս ավելացել է 20.5 տոկոսով և կազմել 1 մլրդ 993 մլն դոլար: ԵԱՏՄ երկրներից Բելառուսի Հանրապետություն Հայաստանից արտահանվող ապրանքների հանրագումարը կազմել է 28,3 մլն դոլար, աճը կազմել է 18,7 տոկոս, իսկ ներմուծումը՝ 59,5 մլն դոլար, աճը՝ 18 տոկոս: Դեպի Ղազախստան արտահանումը 2021թ․ բավականին տպավորիչ աճ է արձանագրել՝ 59.5 տոկոս և հասել 10.5 մլն դոլարի։

2021թ․ Հայաստանի Հանրապետությունից ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է 37.4 տոկոսով և կազմել 47.3 մլն դոլար։ Նույն ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալն ավելացել է 11.9 տոկոսով և հասել 163.2 մլն դոլարի։ ԱՊՀ երկրներից ամենամեծ արտահանումն իրականացվում է դեպի Ուկրաինա, որը դոլարային արտահայտությամբ կազմել է 25.2 մլն, իսկ ներմուծումը՝ 147.5 մլն։ Մոտ 4.3 անգամ արտահանման ծավալների աճ է գրանցվել դեպի Թուրքմենստան՝ 8.1 մլն դոլար։

Չնայած 2021թ․ Եվրոպական Միության երկրներ արտահանման ցուցանիշների էական բարելավմանը՝ 2020թ․ համեմատ այն ավելացել է 52.9 տոկոսով, սակայն դոլարային արտահայտությամբ էականորեն զիջում է ԵԱՏՄ երկրներ Հայաստանի արտահանման ցուցանիշին։ 2021թ․ Եվրոպական Միության երկրներ է արտահանվել 656.0 մլն դոլարի արտադրանք, իսկ ներմուծումը տվյալ ժամանակահատվածում ավելացել  է 10.1 տոկոսով և հասել 1 մլրդ 29 մլն դրամի։

Եվրոպական Միության երկրների շարքում 2021թ․ Հայաստանի Հանրապետությունն ամենաշատ արտահանում իրականացրել է դեպի Բուլղարիայի Հանրապետություն՝ 198.4 մլն, որին հաջորդում են Նիդերլանդները՝ 191.2, Գերմանիան՝ 77.5 և Իտալիան՝         63.5 մլն դոլար։ Հայաստան ապրանքների ներմուծման առումով Եվրոպական Միության երկրներից  առաջատարը Գերմանիան է՝ 222.8 մլն, որին հաջորդում են Իտալիան՝ 195.7, Նիդերլանդները՝ 85.0 և Ֆրանսիան՝ 68.3 մլն դոլար ցուցանիշով։

Բավականին բարելավվել է արտահանումը Հայաստանի Հանրապետությունից դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ․ աճը կազմել է 20,6 տոկոս և 67,8 մլն դոլար: Ի տարբերություն արտահանման՝ ներմուծման աճն ավելի էական է՝ 76 տոկոս և 137.2  մլն դոլար:

Հայաստանի Հանրապետությունը 2021թ․ ավելի մեծ ծավալի ներկրումներ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ 438․9 մլն դոլար, իսկ աճը նախորդ տարվա համեմատ 38.1 տոկոս է։  Միևնույն ժամանակ դեպի Իրան արտահանումը նվազել է 22.5 տոկոսով և կազմել 65.5 մլն դոլար:

Նույն իրավիճակն է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների պարագայում․ դեպի Հայաստան ներմուծումը 2020թ․ համեմատ աճել է 26.9 տոկոսով և հասել 121.0 մլն դոլարի, իսկ արտահանման աճը կազմել է 67 տոկոս կամ 95,6 մլն դոլար։

2021թ․ ընթացքում նախորդ տարվա համեմատ Հայաստանը գրեթե 36 տոկոսով ավելացրել է ապրանքների արտահանումը դեպի Չինաստանի Հանրապետություն՝  հասցնելով  393 մլն դոլարի, իսկ ներմուծումն աճել է 28.6 տոկոսով և կազմել 876.0 մլն դոլար: Վերջին տարիներին հայկական արտադրանքի համար լավ շուկա հանդիսացող Իրաքի Հանրապետություն հայկական արտադրանքի արտահանումը 2021թ․ նախորդ տարվա համեմատ աճել է 8.2 տոկոսով և հասել 177,3 մլն դոլարի, իսկ հարևան Վրաստան արտահանումն աճել է 18.9 տոկոսով և կազմել 68.3 մլն դոլար:

Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների շարքում ամենամեծ չափաբաժինը ձևավորել է հանքահումքային արտադրանքը, որը դոլարային արտահայտությամբ կազմել է 982.2 մլն, իսկ Հայաստանից արտահանման կառուցվածքում նրա կշիռը կազմել է 32,4 տոկոս: 2021թ․ հանքահումքային արտադրանքի դոլարային արտահայտությամբ ծավալն աճել է 20,6 տոկոսով, որն էլ իր հերթին կապված է համաշխարհային շուկաներում պղնձի պահանջարկի մեծացման արդյունքում տեղի ունեցած կտրուկ թանկացմամբ։ 2021թ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պղնձի գինը գրեթե կրկնապատկվել է, և 2022թ․ էլ այդ աճը շարունակվում է։

Երկրորդն այս խմբում պատրաստի սննդի արտահանումն է, որը 2020թ․, COVID-19 համավարակով պայմանավորված, լուրջ անկում էր գրանցել։ 2021թ․ պատրաստի սննդի արտահանման ծավալն ավելացել է 10.8 տոկոսով և կազմել 623,9 մլն դոլար: Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից ավելացել է կենդանի կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի արտահանումը, որի աճը կազմել է 36.8 տոկոս՝ 107.0 մլն դոլար, իսկ բուսական ծագման արտադրանքի արտահանումն ավելացել է 37 տոկոսով և կազմել 186,5 մլն դոլար:

Հայաստանի Հանրապետությունից մանածագործական իրերի արտահանումը 2021թ․ նախորդ տարվա համեմատ աճել է 37.4 տոկոսով և հասել 183,4 մլն դոլարի: Հայաստանից արտահանման կառուցվածքում բավականին մեծ տեղ ունեցող թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի արտահանումը  2021թ․ նախորդ տարվա համեմատ կրճատվել է 9.8 տոկոսով և կազմել 333.0 մլն դոլար, իսկ  ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումն աճել է 59 տոկոսով և հասել 365.4 մլն դոլարի։

             Աշխարհաքաղաքական վերջին իրադարձություններն Ուկրաինայի շուրջ, 2022թ․ փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը զգալի տնտեսական ռիսկեր են առաջ բերել նաև Հայաստանի Հանրապետության համար։ Ռուսաստանի նկատմամբ եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի կիրառած խոշոր ֆինանսատնտեսական, հաղորդակցական, ապրանքային պատժամիջոցները գրեթե մեկուսացրել են այդ երկիրը:  Խնդիրն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի N1 առևտրային գործընկերն է, տարեկան տասնյակ հազարավոր հայ աշխատանքային միգրանտների համար  Ռուսաստանի Դաշնությունն ապրուստի հիմնական վայրն է, զգալի է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումների ծավալը։

Միասնական տնտեսական գոտում գտնվող և N1 առևտրային գործընկեր հանդիսացող Ռուսաստանի Դաշնությանն է բաժին ընկնում Հայաստանի արտահանման 28 տոկոսը, ընդ որում, սեփական պատրաստի արտադրանքի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ 2021թ․ իրացվել է 847.3 մլն դոլարի արտադրանք՝ 24.5 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

2022թ․ մարտից սպասվում էր, որ ռուսական շուկայում հայ արտահանողները ռուբլու արժեզրկման, սպասվող տնտեսական անկման և բարձր ինֆլյացիայի հետևանքով  բավականին լուրջ ֆինանսական կորուստներ կարող են կրել։ Այդ սպասումների հիմնական պատճառն այն էր, որ ռուսական շուկա արտահանման մեծ  ծավալներ ունեցող խոշոր հայկական ընկերությունները ռուսաստանյան իրենց գործընկերների հետ փոխադարձ պայմանագրերի մոտ 61 տոկոսը կնքել էին ռուսական ռուբլով, իսկ դոլարով և եվրոյով կնքված պայմանագրերը համապատասխանաբար կազմել են  34.2 և 3.7 տոկոս։

Ներկայումս այդ խնդիրը որոշակի իմաստով մեղմացել է, քանի որ ռուսական արժույթը վերջին 2 ամիսներին բավականին արժևորվել է և գտնվում է 1 ռուբլին=6.80-ի միջակայքում, սակայն պատերազմի երկարատև բնույթից և փոփոխվող իրավիճակից պարզ չէ՝ արդյո՞ք այդ փոխարժեքը կայուն կլինի, թե կսկսվի նոր արժեզրկման փուլ։ Հաջորդ խնդիրն այն է, որ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալները կարող են նվազել նաև այն պատճառով, որ այնտեղ նախնական գնահատականներով սպասվում է առնվազն 11.3 տոկոս տնտեսական անկում և երկնիշ գնաճ, ինչի արդյունքում ռուսական շուկայում սպասվում է սպառման լուրջ կրճատում։ Սակայն, եթե նույնիսկ նախկին իրացման ֆիզիկական ծավալները պահպանվեն, հայկական ընկերությունների շահույթի մարժան կարող է նվազել, քանի որ ներկայումս դրամի մոտ 10-12 տոկոս արժևորմամբ պայմանավորված՝ հայկական ձեռնարկությունների ապրանքները կթանկանան։ Մյուս կողմից, հայկական  ընկերությունները կարող են զբաղեցնել ռուսաստանյան ապրանքային շուկայի այն հատվածը, որտեղից Ռուսաստանի Դաշնության կողմից փոխադարձաբար սահմանվող տնտեսական պատժամիջոցների հետևանքով հեռանալու են Եվրոպական Միության, ԱՄՆ-ի և այլ երկրների արտադրողները։ Սա վերաբերում է հատկապես պահածոյացված արտադրանքին, որտեղ հայ սպառողները բավականին լավ որակ են ապահովում։ Սակայն ներկայումս հայկական դրամի արժևորմամբ պայմանավորված՝ հայկական պահածոյացված արտադրանքի գինը կարող է թանկանալ, որից այս պարագայում կարող են օգտվել այլ երկրների արտահանողները, կամ լուծումը կարող է լինել այն, որ արտահանողներն այս տարի ավելի էժան գներով մթերում իրականացնեն։  Այս տարի էժան մթերումն իրականացնելն էլ է խնդրահարույց, քանի որ համաշխարհային շուկայում էներգակիրների և պարարտանյութի կտրուկ թանկացմամբ պայմանավորված՝ պտուղ-բանջարեղենի և մրգի ինքնարժեքը զգալի բարձր է լինելու։

Ռուսաստանի Դաշնությունում սպառողական պահանջարկի անկումից և դրամի արժևորումից մեծապես կարող են տուժել հայաստանյան սպիրտային խմիչքների արտադրողները, քանի որ այդ ոլորտի արտահանման ավելի քան 80 տոկոսն է Ռուսաստանի Դաշնություն արտահանվում։ Այստեղ առաջնահերթը կոնյակի իրացման հարցն է, քանի որ դեպի Ռուսաստանի Դաշնություն սպիրտային խմիչքների արտահանման 82 տոկոսը բաժին է հասնում հենց կոնյակին։ 2021թ․ Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 180․6 մլն դոլարի կոնյակ, որը կազմել է դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման 21.6 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի կոնյակի արտահանման ավելի քան 95 տոկոսն ուղարկվում է Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս և Ղազախստան, երկրներ, որոնք մասնակից են կամ ինչ-որ չափով առնչվում են ռուս-ուկրաինական պատերազմին։     Միայն Ուկրաինա և Բելառուս է արտահանվում Հայաստանում արտադրված կոնյակի 10 տոկոսը, իսկ դրա գերակշիռ մասը՝ հենց Ուկրաինա։

Այս խնդիրը նոր չէ, քանի որ կոնյակի և գինու արտահանումը բավարար չափով դիվերսիֆիկացված չէ։ Նույնատիպ խնդիրներ են եղել, և 2009-2010թթ․ համաշխարհային ճգնաժամի, այնպես էլ 2014թ․ Ղրիմի շուրջ ծագած իրադարձություններից հետո ու դրա արդյունքում լուրջ եզրահանգումներ չեն կատարվել, և այլ շուկաներ արտահանման ուղղությամբ բավարար չափով աշխատանքներ չեն իրականացվել։

Կոնյակի և գինու արտահանման ծավալների նվազումը հղի է նաև այլ վտանգներով․ լրջագույն խնդրի առջև է կանգնելու խաղողագործությունը, որը վերջին տարիներին է սկսել ոտքի կանգնել։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ արդեն իսկ 2020թ․ խաղողի մթերումը լուրջ խնդիրների էր բախվել, բավականին ծանր էր գործընթացը նաև  2021թ․։ Բնականաբար խնդիրներ են առաջանալու նաև այս տարի, և եթե գյուղացին չկարողանա մթերող գործարաններին վաճառել իր արտադրած ավելի թանկ արժեքով բերքը, հետևանքները կարող են շատ լուրջ լինել։

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն հայ արտահանողների համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնում Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետը։ Եվրոպական ուղևորափոխադրումները, որոնք մինչ ռուս-ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի Դաշնություն էին մտնում Բելառուսի և Ուկրաինայի տարածքով, այժմ ստիպված Թուրքիայի և Վրաստանի միջոցով են մտնում Ռուսաստանի Դաշնություն։ Միաժամանակ Սև ծովում նավագնացության համար վտանգի առկայությունը ևս ստիպում է թուրքական ուղևորափոխադրումներն իրականացնել Վրաստանի միջոցով, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծել։

Վերին Լարսում տիրող իրավիճակն արդեն իսկ ազդեցություն է ունենում Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառության վրա և հավելյալ գնաճային իրավիճակ ստեղծում, քանի որ ապրանքների արտահանումը Վերին Լարսով ավելի երկար ժամանակահատվածում է իրականացվում, և դա վառելիքի ու դրամի արժևորման համակցությամբ ավելի է թանկացնում ապրանքների արտահանումը և ներմուծումը։

Խնդիրն այն է, որ դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման կառուցվածքում այնպիսի ապրանքներ են, որոնք սեզոնային բնույթ ունեն և արագ փչացող են։ Վերին Լարսի անցակետով ապրանքների տարանցման երկարաժամկետ լինելու հանգամանքը լրջորեն վտանգում է հատկապես Հայաստանից թարմ մրգի և բանջարեղենի արտահանումը։ 2021թ․ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 70 մլն 153 հազար դոլարի բանջարեղեն, որից 13 միլիոն դոլարի՝ թարմ կամ պաղեցրած կարտոֆիլ, 43 մլն 807 հազար դոլարի թարմ կամ պաղեցրած լոլիկ, 1 մլն 283 հազար դոլարի՝ կաղամբ, 3 մլն 135 հազար դոլարի՝ թարմ կամ պաղեցրած վարունգ, 8 մլն 928 հազարի՝ այլ տեսակի բանջարեղեն։ Եթե բանջարեղենի արտահանումը ողջ տարվա կտրվածքով է տեղի ունենում, ապա թարմ մրգի արտահանումը, որոշակի ժամանակահատվածում՝ սեզոնայնությամբ և շոգ ժամանակահատվածով պայմանավորված, հնարավոր չէ երկար պահել բեռնատարների բեռնախցիկներում։

2021թ․ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 76 մլն 634 հազար դոլարի միրգ, որի գերակշիռ մասը՝ 39 մլն 343 հազարը, կազմել են ծիրանը, բալը, կեռասը, դեղձը, նեկտարինը, սալորը, մամուխը և այլ մրգեր։ Եթե Վերին Լարսի անցակետով տարանցման ժամանակահատվածի խնդիրը լուծում չստանա, ապա հարցականի տակ կարող է հայտնվել թարմ մրգի արտահանումը, իսկ դա լուրջ վնաս կարող է հասցնել գյուղացիական տնտեսություններին և այդ ոլորտում ներգրավված տնտեսվարողներին։

Թեև եվրոպական և ամերիկյան ընկերությունների՝ Ռուսաստանի Դաշնությունից հեռանալուն զուգահեռ հայկական ձկնարտադրողների համար ռուսական շուկայում իրացման ծավալների լավ հեռանկարներ են բացվել, սակայն Վերին Լարսի խնդիրն այս պարագայում ևս կարող է խոչընդոտ հանդիսանալ թարմ, պաղեցրած կամ սառեցրած ձկնամթերքի արտահանման համար, քանի որ այս ապրանքատեսակն էլ չի կարող երկար ժամանակահատվածում մնալ բեռնախցիկների մեջ։ 2021թ․ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել մոտ 62.7 մլն դոլար արժողությամբ թարմ, պաղեցրած կամ սառեցված ձկնամթերք։

Ռուսական շուկայում լավ հեռանկարներ են բացվում հայկական արտադրության տրիկոտաժե արտադրանքի համար, քանի որ ամերիկյան, եվրոպական հագուստ և տրիկոտաժ արտադրող բազմաթիվ ընկերություններ հեռացել են, և ռուբլու կայունության պարագայում այս ոլորտում մեր արտահանողները կարող են լրացուցիչ շուկայի հատվածներ մուտք գործել։ 2021թ․ ռուսական շուկա է արտահանվել շուրջ 83 մլն դոլար արժողությամբ հագուստ և տրիկոտաժի արտադրանք։

Համենայնդեպս, պետք է արձանագրել, որ 2022թ․ հունվար-ապրիլ ամիսներին դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական արտադրանքի արտահանումը ոչ միայն չի նվազել, այլ բավականին աճել է 26.4 տոկոսով և կազմել 279 մլն 949 հազար դոլար։ Աճ է գրանցվել նաև դեպի Բելառուս արտահանման ցուցանիշներում 60.6 տոկոսով և հասել 7 մլն 854 հազարի։

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ 2022թ․ առաջին չորս ամիսների կտրվածքով լուրջ անկում է գրանցվել Հայաստանից դեպի Ուկրաինա արտահանման ցուցանիշներով․ անկումը կազմել է 38.6 տոկոս, և արտահանման ծավալը կազմել է 3 մլն 453 հազար։ Ուղևորափոխադրումների բացակայությունն առաջիկա ամիսներին կհանգեցնի նրան, որ Ուկրաինայի հետ առևտրաշրջանառությունը կարող է ամբողջովին զրոյանալ։

Ռուս-ուկրաինական ճգնաժամի հնարավոր բացասական ազդեցություններից կարելի է համարել այն, որ հնարավոր է նվազեն ՌԴ-ից ստացվող դրամական տրանսֆերտների ծավալները։ Չնայած այս հանգամանքին՝ 2022թ․ հունվար-ապրիլին Ռուսաստանի Դաշնությունից տեղի է ունեցել տրանսֆերտների ցուցանիշի լուրջ բարելավում, որը հիմնականում պայմանավորված է ոչ թե մեր հայրենակիցների կողմից իրականացված փոխանցումների աճով, այլ ազգությամբ ռուսների՝ աշխատանքի կամ այլ նպատակով Հայաստան տեղափոխման հետ։ Եթե 2022թ․ հունվարին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով Ռուսաստանի Դաշնությունից մուտք եղած գումարների ծավալը կազմել է 40․6 մլն դոլար, փետրվարին՝ 82.5 մլն, մարտին՝ 115․8, ապա ապրիլին՝ 232․6 մլն դոլար։ Վերջինս ամսական կտրվածքով երբևիցէ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան փոխանցված առավելագույն տրանսֆերտների գումարն է։ Ընդհանուր առմամբ 2022թ․ Ռուսաստանի Դաշնությունից բանկային համակարգի միջոցով Հայաստան է փոխանցվել 471․6 մլն դոլար, որը կազմել է ընդհանուրի 51.3 տոկոսը և 2021թ․ ընթացքում  Ռուսաստանի Դաշնությունից փոխանցված գումարների մոտ 55 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, դեպի Հայաստան դրամական տրանսֆերտների առավելագույն փոխանցված գումարների տարի կարելի է համարել 2013թ․, երբ միայն բանկային համակարգի միջոցով Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 727 մլն դոլար։ Թեև 2014թ․-ից Ռուսաստանի Դաշնությունից դրամական փոխանցումների ծավալը սկսեց նվազել և 2016թ․ հասավ 896 մլն դոլարի, սակայն 2017-2019թթ․ այն ավելացավ և տարեկան միջինացված հասավ 1 մլրդ 57 մլն դոլարի կամ աճեց 17 տոկոսով։

2020թ․ տարեսկզբից կորոնավիրուսի համավարակի տարածումը հանգեցրեց  միգրացիոն գործընթացների էական փոփոխությունների. երկրների միջև միգրացիան գրեթե ամբողջությամբ դադարեց, քանի որ երկրների մեծ մասը փակեց սահմաններն ինչպես միգրանտների, այնպես էլ զբոսաշրջիկների առջև։ Հայաստանում 2020թ․ 2019թ. համեմատ օդային և ցամաքային տրանսպորտային միջոցներով ուղևորափոխադրումները նվազեցին ավելի քան 3.5 անգամ, ընդ որում, 2019թ․ համեմատ ավելի քան 232 մլն դոլարով նվազեց ՌԴ-ից ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումների ծավալը։ 2021թ․ փետրվարից 2020թ․ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Ռուսաստանի Դաշնությունից տեղի ունեցավ ՌԴ-ից ստացվող տրանսֆերտների նվազում։ Համենայնդեպս Հայաստանի Հանրապետության կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից ստացվող տրանսֆերտներից բավականին նվազել է (2013թ․՝ 1 մլրդ 727 մլն դոլար կամ ընդհանուրի 75 տոկոսը, 2021թ․՝ 865 մլն  դոլար կամ ընդհանուրի 41 տոկոսը), սակայն այն դեռևս հանդիսանում է ստացվող տրանսֆերտների առաջատար երկիրը։ Համենայնդեպս, չնայած ռուսական ռուբլու կտրուկ արժևորմանը՝ պետք է սպասել, որ ինչպես մեր երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ միգրանտների համար կարևոր աշխատանքային ոլորտներ հանդիսացող առևտրի, ծառայությունների և շինարարության ոլորտներում աշխատատեղերի կրճատումը կարող է այս դեպքում էապես նվազեցնել ՌԴ-ից ստացվող տրանսֆերտների ծավալը։

Բացի ռուս-ուկրաինական ճգնաժամի հետևանքով Հայաստանին սպասվող տնտեսական դժվարություններից 2022թ․, պայմանավորված Եվրամիության հետ «GSP+» համակարգի չեղարկմամբ, կանխատեսվում էր Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանման անկում։ Խնդիրն այն է, որ 2009թ․-ից ի վեր Հայաստանն օգտվում էր ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» («CSP+»), որի շրջանակում ԵՄ-ը Հայաստանի համար ավելի քան 6000 անուն ապրանքատեսակների մասով հանել էր մաքսատուրքերը։

2022թ․ հունվարից Հայաստանը ԵՄ-ի հետ առևտուրը սկսել է  «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի հիման վրա, որը չի նախատեսում արտոնյալ առևտուր։

«GSP+»-ի շրջանակում Հայաստանից ԵՄ արտահանման ավելի քան 96%-ը հիմնական մետաղներ են եղել, որոնք, ըստ ԵՄ սահմանման, ներառում են ալյումինը, պղինձը, կապարը, անագը և ցինկը։

«GSP+»-ից դուրս գալու արդյունքում Հայաստանի համար ԵՄ արտահանման մաքսատուրքերն էականորեն կբարձրանան՝ 0,8%-ից հասնելով 5,1%-ի, ընդ որում, ԵՄ արտահանվող ալյումինե փայլաթիթեղի մաքսատուրքը 0%-ից կբարձրանա 7,5%-ի։

Ըստ կանխատեսումների՝ «GSP+» համակարգի չեղարկումից հետո կարող է տեղի ունենալ ԵՄ Հայաստանի արտահանման 20% կրճատում, ընդ որում, սպասվում է, որ հատկապես ծանր հարված կհասցվի տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտին: Բացի այս ԵՄ երկրներից, մասնավորապես Իտալիայից, Գերմանիայից և այլ երկրներից հագուստի և տրիկոտաժի արտադրանքի պատվերներ իրականացնող հայկական տեքստիլ արդյունաբերության ընկերությունները լուրջ խնդիրներ կարող են ունենալ հայկական շուկայում եվրոյի փոխարժեքի կտրուկ անկումից, որը 2021թ․ համեմատ կազմել է մոտ 20 տոկոս։ Այս պարագայում ԵՄ երկրների հետ աշխատող հայկական տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունները կարող են հայկական դրամի նկատմամբ եվրոյի ցածր փոխարժեքի երկար պահպանման դեպքում նույնիսկ դադարեցնել աշխատանքները կամ փորձել խնդիրը լուծել աշխատակիցների աշխատավարձերի ցածրացումով, որը սպառողական շուկայի գնաճային պայմաններում ոլորտի աշխատողների համար լուրջ ֆինանսական խնդիրներ կարող է առաջացնել։

Եվրոյի ցածր փոխարժեքը լուրջ վնասներ կարող է հասցնել նաև հայկական հանքարդյունաբերական ձեռնարկություններին, քանի որ Հայաստանից ԵՄ արտահանման մոտ 90 տոկոսից ավելին մետաղներն են։

Չնայած ԵՄ-ի հետ առևտրային խնդիրներին՝ 2022թ․ հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 55.6 տոկոսով և հասել 259.6 միլիոն դոլարի, որից գերակշիռ մասը՝ 90.3 տոկոսը, բաժին է հասել Նիդերլանդներին՝ 76.8 մլն  դոլար, Բուլղարիային՝ 74.7 մլն, Գերմանիային՝ 38.2 մլն 414, Իտալիային և Բելգիային համապատասխանաբար՝ 21.7 մլն և 22.8 մլն հազար դոլար։ Այս հանգամանքն էլ հիմնականում պայմանավորված  է նրանով, որ հանքարդյունաբերական արտադրանքի արժեքը 2021թ․ նույն ժամանակահատվածի համեմատ բավականին արժևորվել է, և արտահանումը տեղի է ունենում ավելի թանկ գնով։

2022թ․ հունվար-ապրիլի կտրվածքով բարելավվել են նաև Հայաստանից դեպի այլ երկրներ արտահանման ցուցանիշները։ Մասնավորապես ԱՄՆ արտահանումն աճել է 6.5 տոկոսով և հասել 30.6 մլն դոլարի, Արաբական Միացյալ Էմիրություններ աճն ավելի էական է՝ 80,2 տոկոս և 42 մլն դոլար։ Հայաստանի անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի առումով էլ արտահանման բավականին լավ ցուցանիշներ են արձանագրվել․ աճը համապատասխանաբար կազմել է 49.2 և 69.2 տոկոս և 33.6 և 31.7 մլն դոլար։

Վերջին տասնամյակում հայկական արտադրանքի իրացման հաջող շուկա համարվող Իրաք 2022թ․ 4 ամիսների կտրվածքով արտահանումն աճել է 59.2 տոկոսով և հասել 66.5 մլն դոլարի։

Չնայած 2022թ․ 4 ամիսների կտրվածքով արտահանման ցուցանիշների աճին՝ ռուս-ուկրաինական պատերազմով, Վերին Լարսի անցակետով դեպի Ռուսաստանի Դաշնություն տարանցման խնդրով, դոլարի և եվրոյի փոխարժեքի նվազմամբ, արտահանման և տրանսֆերտների նվազմամբ, ինչպես նաև աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի աճն այս տարի կարող է ցածր լինել ՀՀ պետական բյուջեով նախատեսված 7 տոկոս ցուցանիշից։ 2022թ․ Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցի համաձայն՝ կանխատեսվում է Հայաստանի ՀՆԱ-ի 3.5 տոկոսանոց աճ։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն էլ իր հերթին բարելավել է 2022թ․ մարտին կատարված ՀՆԱ-ի աճի վերաբերյալ իր կանխատեսումը․ 1.6 տոկոսի աճը վերանայվել է 4.9 տոկոսի։

12 ՎՐԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ 2021թ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎՐԱ

Վերջին տարիներին Վրաստանը մեծ ջանքեր է ներդնում նոր շուկաներ իր արտադրանքի արտահանման և ծավալների մեծացման առումով: Եթե համեմատենք Վրաստանի և Հայաստանի քաղաքականությունն այդ ոլորտում, պետք է նշել, որ մեր հարևաններն առավել արդյունավետ են գործում: Բացի ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ առևտրի գոտու համաձայնագրից Վրաստանն ազատ առևտրի համաձայնագրեր է ստորագրել Չինաստանի, Թուրքիայի, Եվրոպական երկրների ազատ առևտրի միության (EFTA) և ԱՊՀ երկրների հետ: Վրաստանի իշխանություններն Ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել նաև Հոնկոնգի, ինչպես նաև Հնդկաստանի հետ։

Վրաստանի արտահանման գլխավոր խնդիրներից է դեռևս ապրանքների դիվերսիֆիկացումը, քանի որ արտահանման կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունեն պղնձի հանքաքարն ու խտահանքը, ֆերրո-համաձուլվածքներն ու կիսաֆաբրիկատ ոսկին, որոնք 2021թ. ապահովել են ընդհանուր արտահանման մոտ 32 տոկոսը: Մեծ տեղ ունի նաև ավտոմեքենաների վերարտահանումը, որը 2021թ. կազմել է ընդհանուրի 10.8 տոկոսը: Այս ուղղությամբ բավականին առաջընթաց կա, քանի որ 2014թ. ավտոմեքենաների վերարտահանման ցուցանիշն ընդհանուր արտահանման մեջ կազմում էր 19 տոկոսը: Վերջին տարիներին Վրաստանից ակտիվորեն աճում են ծխախոտի, կշռված դեղորայքի, սպիրտային խմիչքների և գինու արտահանման ծավալները: Վրաստանը գինիներ է արտահանում մոտ 60 երկիր։ Վրացական գինու խոշորագույն սպառողներն են Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան և Չինաստանը:

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության թույլ կողմերից է ընդհանուր հաշվեկշռի բացասական մեծ ցուցանիշը: 2021թ․ ներմուծումը գերազանցել է արտահանմանը մոտ 2.4  անգամ (արտահանումը՝ 4 մլրդ 242 մլրդ դոլար, իսկ ներմուծումը՝ 10  մլրդ 73 մլն դոլար)։ 2021թ․ Վրաստանից արտահանման ցուցանիշը գերազանցել է 2020թ․ մոտ 27 տոկոսով։

2021թ․ Վրաստանի 10  առաջնային առևտրային գործընկերներին բաժին է հասել ողջ առևտրաշրջանառության 69.5 տոկոսը։ Վրաստանի առաջին առևտրային գործընկերը Թուրքիան է՝ 2 մլրդ 145 մլն դոլար առևտրաշրջանառությամբ, որին հաջորդում են Ռուսաստանը՝ 1 մլրդ 638 մլն, Չինաստանը՝ 1 մլրդ 480 մլն, Ադրբեջանը՝ 1 մլրդ 136 մլն, ԱՄՆ-ը՝ 819․9 մլն, Ուկրաինան` 758.9  մլն, Հայաստանը՝ 675․1 մլն, Գերմանիան՝ 553․2 մլն, Բուլղարիան՝ 432․6 մլն և Իտալիան՝ 306․6 մլն դոլարով։

2021թ․ Վրաստանից ամենամեծ արտահանում է իրականացվել դեպի Չինաստան, որը կազմել է 615․5 մլն դոլար, և 2020թ․ ցուցանիշը գերազանցել է 29 տոկոսով (477.2 մլն)։ Երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ արտահանվել է 610 մլն դոլարի արտադրանք՝ 38․3 տոկոս ավելի, քան 2020թ․՝ 441.1 մլն։ Երրորդ տեղում Ադրբեջանն է, որտեղ արտահանվել է 531 մլն դոլարի արտադրանք՝ 20.5 տոկոսով ավելի, քան 2020թ․ (441.2 մլն): Այնուհետև հաջորդում է Թուրքիան՝ 322.2 մլն, 69.1 տոկոսով ավելի, քան 2020թ․՝ 190.5 մլն։ Ուկրաինա արտահանումը կազմել է 307.3 մլն՝ 41.3 տոկոսով ավելի, քան 2020թ․՝ 217.5 մլն։ Հայաստան արտահանման ցուցանիշը, ի տարբերություն 2020թ․, բարելավվել է 36.9 տոկոսով և  հասել  256.7 մլն դոլարի։ Բուլղարիա արտահանումը կազմել է 253․9 մլն դրամ՝ 18.8 տոկոսով պակաս, քան 2020թ․՝ 312․7 մլն դոլար։ ԱՄՆ արտահանումը 2021թ․ կազմել է 194․6 մլն դոլար՝ 143․2 տոկոսով ավելի, քան 2020թ․՝ 80․4 մլն դոլար։ Ղազախստան արտահանումը 2021թ․, ի տարբերություն 2020 թվականի, աճել է մոտ 2 անգամ և կազմել 96․1 մլն դոլար (2020թ․` 47.6 մլն դոլար)։ Իսպանիա արտահանումն աճել է 6.7 տոկոսով և կազմել 89.3 մլն դոլար։

2022թ․ հունվար-ապրիլին  Վրաստանից դեպի Չինաստանի Հանրապետություն արտահանման ցուցանիշներն ավելի են բարելավվել։ Եթե  2021թ․ Չինաստանին էր բաժին հասնում արտահանման 14.5 տոկոսը, ապա 2022թ․ առաջին չորս ամիսներին այդ ցուցանիշը հասել է 18.3 տոկոսի։ 2022թ․ ապրիլին, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, արտահանումն աճել է 46.3 տոկոսով։

Ռուս-ուկրաինական ճգնաժամը 2022թ․ հունվար-ապրիլ ամիսներին արդեն իսկ  ազդեցություն է ունեցել Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության վրա, մասնավորապես նվազել են Ուկրաինա և Ռուսաստանի Դաշնություն արտահանման ծավալները։

Ըստ այդմ, 2022թ․ մարտին կանխատեսվում էր, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով սեփական արտադրության ապրանքների արտահանման հետ կապված խնդիրներ կարող են ծագել Վրաստանում։ 2021թ․ Վրաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ կազմել է 1 մլրդ 638 մլն դոլար, և այս ցուցանիշով Ռուսաստանը Վրաստանի երկրորդ առևտրային գործընկերն է հանդիսացել։

Վերջին տարիներին Վրաստանից դեպի Ռուսաստան արտահանումը կայուն կերպով աճում է, և բացառություն չէ նաև 2021թ․,  արտահանումն աճել է  38,3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15.8 տոկոսով։ 2021թ․ Վրաստանից Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 107,4 հազար տոննա հանքային և քաղցրահամ ջուր, մինչև 105 հազար տոննա ֆեռոհամաձուլվածք, 38,4 հազար տոննա բնական խաղողի գինի և մոտ 25 հազար տոննա միրգ և այլ ապրանքներ՝ 610 մլն դոլար ընդհանուր արժեքով։

Հաշվի առնելով նաև դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման ծավալների մեծ մասնաբաժինը՝ Վրաստանը չի միացել ԵՄ և ԱՄՆ կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներին, և դրա շնորհիվ է, որ 2022թ․ հունվար-մայիսին դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման ծավալները ոչ միայն չեն նվազել,այլև ավելացել են 3.6  տոկոսով՝ 202.7 մլն դոլարից հասնելով 210.6 մլն դոլարի։ Սակայն այլ տարածաշրջաններ վրացական արտահանման մեծացմամբ պայմանավորված՝ Վրաստանի արտահանման ընդհանուր կառուցվածքում Ռուսաստանի Դաշնության չափաբաժինը, ի տարբերություն 2021թ․ 14.5 տոկոսի, նվազել է մոտ 4.5 տոկոսային կետով և հասել 10 տոկոսի։

Ի տարբերություն Չինաստանի, որտեղ հիմնականում արտահանվում է պղնձի հանքաքար և խտանյութեր, թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր, Ռուսաստանի Դաշնություն արտահանվող արտադրատեսակներում գերակշռում են թարմ խաղողի գինին, բնական կամ արհեստական և գազավորված ջրերը, ոգելից խմիչքները, գյուղատնտեսական թարմ մրգերը։ Առավել բարձր է ռուսական շուկայից վրացական գինու արտահանման կախվածությունը։ 2021թ․ վրացական  գինու արտահանման ծավալն աճել է 13,8 տոկոսով։ Այս ոլորտում ներգրավված ավելի քան 420 վրացական ընկերություններ արտասահմանյան շուկաներ են մատակարարել ավելի քան 100 միլիոն շիշ՝  239 միլիոն դոլար ընդհանուր արժեքով, ինչը 5,6 տոկոսով ավելի է, քան 2020թ․։ Սակայն, եթե 2013թ․ Ռուսաստանին բաժին է ընկել Վրաստանից գինու ընդհանուր արտահանման 44 տոկոսը, ապա 2021թ․ այդ ցուցանիշը հասել է 55 տոկոսի։ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և որպես դրա հետևանք՝ գնողականության անկումն այս պարագայում կարող են նվազեցնել Ռուսաստանի Դաշնությունում վրացական գինիների սպառումը, իսկ դա զգալի հարված կարող է լինել Վրաստանի գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության համար։ Վրացի գինեգործների համար խնդրահարույց է նաև ուկրաինական շուկայի կորուստը, քանի որ Ռուսաստանից հետո այն հանդիսանում է վրացական գինիների խոշորագույն սպառողներից մեկը։ Այնուամենայնիվ, վրացի գինեգործների համար ամենահուսադրողն այն փաստն է, որ դեպի Մեծ Բրիտանիա և ԱՄՆ արտահանումը զգալիորեն աճել է, և որ վրացի գինեգործները մուտք են գործել նոր արևմտյան շուկաներ, ներառյալ Կանադա, Չեխիա և Շվեդիա։ Վերջին տարիներին վրացական գինու խոշորագույն սպառող է համարվում նաև Չինաստանը։

Ռուսաստանը մնում է Վրաստանին հացահատիկի ամենամեծ մատակարարը։ 2021թ․ Ռուսաստանի Դաշնությունից ներկրվել է 337,7 հազար տոննա ընդհանուր քաշով ցորեն, 319,2 հազար տոննա նավթային գազ, 224,7 հազար տոննա նավթ և նավթամթերք, մոտավորապես 28,4 հազար տոննա արևածաղկի ձեթ և այլ ապրանքներ՝ 1 մլրդ 28 մլն դոլար ընդհանուր արժեքով։

Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանված պատժամիջոցները հնարավոր է ավելացնեն ռուս զբոսաշրջիկների այցելությունները Վրաստան։ Վերջին տարիներին զբոսաշրջային այցելությունների թվաքանակով ռուսները թուրքերից հետո երկրորդ տեղն էին զբաղեցնում։ Այս պարագայում ևս Վրաստանը կարող է բավականին  մեծ ֆինանսական օգուտներ քաղել, ունենալ և հավելյալ աշխատատեղեր ստեղծել  (զբոսաշրջության ոլորտում է զբաղված երկրի աշխատուժի մոտ 10 տոկոսը)։

Ռուս-ուկրաինական ճգնաժամը լուրջ ազդեցություն է ունեցել նաև Վրաստանից  դեպի Ուկրաինա արտահանման ծավալների վրա, որը 2022թ․ հունվար-մայիսին, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, նվազել է 45 տոկոսով և հասել 64.5 մլն դոլարի։ Այսպիսի նվազումը կարող է հարվածել մի շարք զգայուն ոլորտների, քանի որ Ուկրաինան լուրջ տեսակարար կշիռ ուներ վրացական արտահանման մեջ, և այդտեղ գերակշռում էին թարմ խաղողի գինին, ոգելից խմիչքները, բնական կամ արհեստական և գազավորված ջրերն ու այլ արտադրատեսակներ։

2022թ․ հունվար-մայիսին դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման ծավալների ոչ մեծ աճը և Ուկրաինա արտահանման ծավալների նվազումը Վրաստանը կարողացել է փոխհատուցել ոչ միայն  Չինաստան արտահանման ծավալների աճով, որը կազմել է 35.5 տոկոս և հասել 362.8 մլն դոլարի, այլև ԵՄ երկրներ, ԱՄՆ և Թուրքիա բավականին մեծ արտահանման մեծացմամբ։ Մասնավորապես ԵՄ երկրներ արտահանումն աճել է մոտ 40 տոկոսով, ԱՄՆ արտահանվող ապրանքները դոլարային արտահայտությամբ 2022թ․ հունվար-մայիսին, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, աճ է արձանագրել մոտ 2.7 անգամ և հասել է 142.9 մլն դոլարի, իսկ Թուրքիա արտահանումն այդ նույն ժամանակահատվածում աճել է 46 տոկոսով և հասել 194.6 մլն դոլարի։ Վրաստանը 2022թ․ հունվար-մայիս ամիսներին, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, 11․4 տոկոսով բարելավել է նաև դեպի Ադրբեջան արտահանման ցուցանիշները, իսկ Հայաստանի Հանրապետություն արտահանման ծավալներն ավելի էական են աճել՝ մոտ 1.9 անգամ և հասել 148.8 մլն դոլարի։ Հարկ է նշել, որ 2022թ․ հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանը, շրջանցելով Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի համար դարձել է արտահանման առումով իր նշանակությամբ 2-րդ երկիրը։

1.3 ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ 2021թ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎՐԱ

              Ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի՝ Ադրբեջանը, շնորհիվ նավթի և բնական գազի մեծ պաշարների, ինչպես նաև տարածքի և բնակչության մեծությամբ հանդիսանում է Հարավային Կովկասի ամենամեծ տնտեսությունը։ Սակայն առ այսօր էլ ադրբեջանական տնտեսությունը խնդիրներ ունի դիվերսիֆիկացման հետ, քանի որ  արտահանման մեջ գերակշռում են նավթն ու բնական գազը, որոնք էլ հիմնականում գոյացնում են արտահանման ընդհանուր եկամուտների մոտ 83 տոկոսը և կառավարության բյուջեի 60 տոկոսը։ Նրանք նաև մատակարարում են Ադրբեջանի պահանջվող առաջնային էներգիայի 98 տոկոսը և էլեկտրաէներգիայի ավելի քան 9 տոկոսը:

2021թ․ Ադրբեջանից արտահանման ծավալը կազմել է 22.2 մլրդ դոլար, որն ըստ կատեգորիաների բաժանվում է հետևյալ կերպ․

2021թ․ ադրբեջանական արտահանման 88 տոկոսն ապահովվել է նավթի և գազի հաշվին։ Եթե նավթի և գազի արտահանումը բացառվի, ապա ոչ նավթային հատվածի արտահանումը 2021թ․ կազմել է 2.7 մլրդ դոլար կամ ընդհանուրի 12 տոկոսը։ Հարկ է նշել, որ վերջին տարիներին Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում ոչ նավթային հատվածի զարգացման համար, և ծրագրավորված է ոչ նավթային հատվածի զարգացմամբ  նվազեցնել կախումը նավթից և գազից։ Ըստ նախատեսվածի՝ Ադրբեջանը պլանավորում է 2026թ․ ոչ նավթային հատվածի արտահանումը հասցնել 5 մլրդ դոլարի և որոշակի իմաստով դիվերսիֆիկացնել արտահանման կառուցվածքը։

Ինչ վերաբերում է ոչ նավթային հատվածի արտահանման կառուցվածքին, այստեղ ևս խոսք է գնում մի քանի ապրանքային խմբերի մասին, մասնավորապես նավթային ոլորտի հետ կապ ունեցող պլաստիկի ստացմանը, թարմ մրգերի արտահանմանը, վերջին տարիներին Ադրբեջանում զարգացում ապրող բամբակագործությանը, բանջարաբոստանային կուլտուրաներին, ոսկուն, ալյումինին, երկաթին և պողպատի արդյունահանմանը, ինչպես նաև պարարտանյութերին։

Ոչ նավթային հատվածի հիմնական արտահանվող ապրանքատեսակները հիմնականում վերաբերում են առաջնային հումքին, և պետք է արձանագրել, որ վերամշակված  ապրանքների  արտադրությունն Ադրբեջանում այնքան էլ զարգացած չէ։

Ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի՝ Ադրբեջանը, որպես արտահանման գործընկեր, լուրջ կախում ունի երկու երկրներից՝ Իտալիայից և Թուրքիայից։ 2021թ․ տվյալներով այդ երկրներն ապահովել են Ադրբեջանից արտահանվող գումարային արտադրանքի 55 տոկոսը, որից Իտալիային է բաժին հասել 42 տոկոսը, իսկ Թուրքիային՝ 13 տոկոսը։ 2021թ․ Ադրբեջանից Իտալիա է արտահանվել 9.24 մլրդ դոլարի արտադրանք, որից նավթին և գազին բաժին է հասել 99.4 տոկոսը։ Թուրքիա արտահանումը որոշակի իմաստով դիվերսիֆիկացված է, թեև գերակշիռ մասը կրկին բաժին է ընկնում նավթին և բնական գազին։ 2021թ․ Ադրբեջանից Թուրքիա է արտահանվել 2.82 մլրդ դոլարի արտադրանք, որի 80 տոկոսը կամ 2.24 մլրդ դոլարը բաժին է հասել նավթին և բնական գազին, 8.8 տոկոսը կամ 249 մլն դոլարը՝ բամբակին, ինչպես նաև արտահանվում է ալյումին, պլաստիկ և պղնձի հանքաքար։

Ի տարբերություն  Իտալիայի և Թուրքիայի՝ 2021թ․ դեպի Ռուսաստանի Դաշնություն Ադրբեջանից արտահանումը ներառում է թարմ մրգեր, ընկույզ, ցիտրուսային կուլտուրաներ՝ 331.8 մլն դոլար արժողությամբ, 214 մլն դոլարի պոմիդոր և բանջարաբոստանային այլ կուլտուրաներ, 200 մլն դոլարի պլաստիկ և այլ արտադրանք։ Ընդհանուր առմամբ 2021թ․ Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 920.8 մլն դոլարի արտադրանք։ Ադրբեջանը լուրջ արտահանման ծավալ ունի դեպի Իսրայել՝ 898.1 մլն դոլար, որից մոտ 434 միլիոնը կամ 48.3 տոկոսը բաժին է հասնում նավթին։ 2021թ․ Խորվաթիա արտահանված 751.2 մլն դոլարի մեջ նավթի մասնաբաժինը մոտ 100 տոկոս է, Վրաստան արտահանված 661 մլն դոլարի մեջ նավթի և բնական գազի մասնաբաժինը կազմել է 81 տոկոս կամ 535 մլն դոլար, իսկ մնացածը բաժին է հասել երկաթին և պողպատին, ինչպես նաև ցեմենտին։ 2021թ․ Գերմանիա է արտահանվել 650.2 մլն դոլարի արտադրանք, որի 96.8 տոկոսը կրկին բաժին է հասել նավթին, Հնդկաստանի 594.4 մլն դոլար արտահանման մեջ նավթի չափաբաժինը 98.7 տոկոս է, Թունիսի դեպքում արտահանվող արտադրանքի 100 տոկոսը նավթն է եղել՝ 577 մլն դոլար արժեքով։ Ընդհանուր առմամբ 2021թ․ Ադրբեջանը լուրջ արտահանում է ունեցել նաև դեպի Իսպանիա՝ 564 մլն դոլարի, որից նավթի մասնաբաժինը 97.8 տոկոս է, Ուկրաինա՝ 452.4 մլն դոլար, որի գարեկշիռ մասը կրկին բաժին է հասել նավթին։ Ուկրաինայի պարագայում հարկ է նշել, որ 2022թ․ այդ ուղղությամբ Ադրբեջանից արտահանման ծավալների լուրջ անկում է արձանագրվել, և այդ երկիր արտահանումն այս պահին խաթարված է։ Ադրբեջանը նավթի և բնական գազի մեծ ծավալներ է արտահանում նաև Հունաստան՝ 415.4 մլն դոլար արժողությամբ, Մեծ Բրիտանիա և Բելառուս՝ համապատասխանաբար 376 և 295.5 մլն դոլարի նավթ։ Շվեյցարիա արտահանման պարագայում գերակշռում է ոսկին՝ 205 մլն դոլար արժողությամբ։ Նավթի զգալի ծավալներ են արտահանվում նաև Չեխիա, Կանադա, Չինաստան և Ավստրիա։

Ընդհանուր ապրանքաշրջանառության առումով Ադրբեջանի տարբերությունն իր հարևան Վրաստանի և Հայաստանի նկատմամբ այն է, որ Ադրբեջանը, ի շնորհիվ նաև ածխաջրածինների արտահանման, առևտրային սալդոյի լուրջ դրական մնացորդ ունի: Այս առումով արտահանումը գերազանցում է ներմուծմանը մոտ 2 անգամ։ 2021թ․ Ադրբեջանը ներմուծել է ընդհանուր արժողությամբ 11.7 մլրդ դոլարի արտադրանք, որից Ռուսաստանի Դաշնությանն է բաժին հասել 2.07 մլրդ դոլարը կամ 17.6 տոկոսը, Թուրքիայի չափաբաժինն ադրբեջանական ներմուծման մեջ կազմում է 15.7 տոկոս կամ 1.84 մլրդ դոլար և Չինաստանը՝ 14 տոկոս կամ 1.64 մլրդ դոլար։ Ընդհանուր առմամբ այդ երեք երկրներից Ադրբեջան է ներկրվել ապրանքների 47.3 տոկոսը։ 2021թ․ Ադրբեջանն ապրանքներ է ներմուծել նաև Գերմանիայից՝ 632 մլն դոլար, Ուկրաինայից՝ 468, ԱՄՆ-ից՝ 442.5, Իտալիայից՝ 419.6, Իրանից՝ 397, Մեծ Բրիտանիայից՝ 397.5 մլն և Ճապոնիայից՝ 259 մլն դոլար։

2021թ․ Ադրբեջան առավել բարձր արժեք ունեցող ներմուծվող ապրանքների առաջին հորիզոնականում 1.76 մլրդ դոլար արժողությամբ եղել են մեքենաները, միջուկային ռեակտորները, կաթսաները։ 2021թ․ նաև ներկրվել են 1.17 մլրդ դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ, էլեկտրական, էլեկտրոնային սարքավորումների ծավալը կազմել է 985.4 մլն դոլար, դեղագործական արտադրանքը՝ 528.5, երկաթից և պողպատից իրերը՝ 523.8, հացահատիկային կուլտուրաները՝ 388.6, պլաստիկը՝ 387.9, երկաթը և պողպատը՝ 344, հանքային վառելանյութերը՝ 333.9, փայտի և փայտից պատրաստված իրերը՝ 324.5, և օպտիկական, ֆոտո, տեխնիկական և բժշկական սարքավորումների ներկրումը կազմել է 221.8 մլն դոլար։

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հարավային Կովկասում զգալի տնտեսական օգուտ ստացող թերևս միակ պետությունը կարող է Ադրբեջանը հանդիսանալ, որի արտահանման մեծ մասը բաժին է ընկնում նավթամթերքին և բնական գազին, որոնց արժեքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էական բարձրացում է արձանագրել։ 2022թ․ համաշխարհային շուկայում նավթի և գազի գների ներկայիս սահմանաչափերի պահպանման պարագայում Ադրբեջանը հավելյալ եկամուտներ կարող է գեներացնել, որը տարվա կտրվածքով կարող է հասնել մինչև 10-12 մլրդ դոլարի։

2022թ․ հունվար-մայիս ամիսների կտրվածքով Ադրբեջանից արտահանվող ապրանքների գումարային արժեքը զգալիորեն աճել է և կազմել 15.4 մլրդ դոլար, որը 2021թ․ ընդհանուր արտահանման մոտ 70 տոկոսն է, և էներգակիրների գների ներկայիս սահմանաչափերի պահպանման դեպքում ադրբեջանական արտահանումը 2021թ․ նկատմամբ կարող է մինչև 50-60 տոկոսանոց աճ արձանագրել։

Ադրբեջանից ոչ նավթային հատվածի արտահանումը ևս զգալիորեն աճել է 2021թ․ հունվար-մայիսի համեմատ և կազմել 1.2 մլրդ դոլար (աճը՝ 30.9 տոկոս)։

Արևմուտքի կողմից Ռուսաստանի Դաշնության վրա սահմանված տնտեսական պատժամիջոցները, որը նախատեսում է նաև ռուսական գազից աստիճանական հրաժարում, Ադրբեջանի համար  բարենպաստ վիճակ կարող է ապահովել։ Բաքուն արդեն իսկ պատրաստվում է ավելացնել դեպի ԵՄ գազի մատակարարումների ծավալները՝ իր ունեցած հնարավորությունների սահմաններում օգնելու Եվրոպային ազատվել ռուսական գազից։ Եվրոպական Միությունը մեծ հույսեր է կապում մասնավորապես 2020թ․ դեկտեմբերի 31-ից մեկնարկած Անդրադրիատիկ (TAP) գազամուղի միջոցով Իտալիային, Հունաստանին և Բուլղարիային լրացուցիչ գազամատակարարման հետ։ Ներկայումս Անդրադրիատիկ (TAP) թողունակությունը հավասարազոր է տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազին,  որը հնարավոր է դրա զարգացման 2-րդ փուլով՝ Հունաստանի և Ալբանիայի միջոցով հասցնել նաև Արևմտյան Եվրոպա։ Այս դեպքում Անդրադրիատիկ (TAP) գազատարի թողունակությունը կարող է կրկնապատկվել և հասցվել 20 մլրդ խորանարդ մետրի։

2021թ․ Ադրբեջանից գազի արտահանումը կազմել է 18.9 միլիարդ խորանարդ մետր՝ 2020թ․ համեմատ ավելանալով 39.8 տոկոսով։

2022թ․ Ադրբեջանը պատրաստվում է արտահանել մոտավորապես 19 մլրդ խորանարդ մետր գազ, որից ավելի քան 8 միլիարդ խորանարդ մետրը կարտահանվի Թուրքիա,  9.5 միլիարդը՝ Իտալիա։ Մնացած գազը կբաշխվի Վրաստանի, Բուլղարիայի և Հունաստանի միջև։

2022թ․ հունվար-մայիսի տվյալներով՝ Ադրբեջանում «կապույտ վառելիքի» արդյունահանումը տարեկան կտրվածքով ավելացել է 14.4 տոկոսով՝ մինչև 15.7 մլրդ խմ, իսկ արտահանումն ավելացել է 17.4 տոկոսով՝ մինչև 7.6 մլրդ խմ։ Ադրբեջանական գազի 46 տոկոսն այս պահին արտահանվում է Եվրոպա, Թուրքիա՝ 38, իսկ Վրաստան՝ 16 տոկոսը։

Գազի ծավալների արդյունահանման և արտահանման մեծացումը ներկայիս գնային դրույքաչափերի պայմաններում, ի լրումն նավթից ստացվող հավելյալ եկամուտների, 2022թ․  Ադրբեջանին ևս զգալի դրամական ներհոսք կարող է ապահովել:

ՎԵՐՋԱԲԱՆ

Կարելի է եզրահանգել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկա իրավիճակում որոշակի դերակատարում պետք է ունենա և փորձի մեղմացնել հատկապես մեր արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների ժամանակավոր շոկի հետևանքով առաջացած դժվարությունները։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ դժվարությունները մեղմելու համար կարող է որոշակի հարկային գործիքներ կիրառել ու միաժամանակ համագործակցելով բանկերի հետ՝ վարկերի վերակառուցման միջոցառումներ իրականացնել, որպեսզի տնտեսվարողների վրայից ժամանակավոր ծանրաբեռնվածությունը նվազի ու իրենք կարողանան շուկաներում  բնականոն աշխատել և նաև իրենց վարկային ու հարկային պարտավորությունները կատարել։ Միաժամանակ անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի արտահանման աշխարհագրությունը, սպառման այլընտրանքային շուկաներ փնտրել, քանի որ ռուս-ուկրաինական ճգնաժամի հետևանքները կարող են դեռևս երկարաժամկետ կտրվածքով ազդել ռուսաստանյան շուկա մեր արտահանումների վրա։

Անհրաժեշտ է նաև կարգավորել արտարժութային տատանումները, քանի որ այս պարագայում արտահանողները մտնում են անկայունության շրջան, և հնարավոր են ընկերությունների աշխատանքների դադարեցումներ, աշխատակիցների կրճատում և այլ բացասական գործընթացներ, որոնք ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական լուրջ ազդեցություն կարող են գործել Հայաստանի տնտեսության վրա։ Հայաստանի պարագայում, ի տարբերություն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ քաղաքական նկատառումներից ելնելով առևտրատնտեսական հարաբերությունները զարգացած չեն կամ գոյություն չունեն։

Ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը Վրաստանի արտահանման ցուցանիշների վրա ևս կարող է էական լինել, թեև Վրաստանը լուրջ ջանքեր է գործադրում արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Չնայած քաղաքական գործընթացների լուրջ առաջընթացին՝ Եվրոպական Միության ուղղությամբ մինչ օրս տնտեսական, մասնավորապես արտահանման տեսանկյունից լուրջ առաջընթաց չի արձանագրվում, և Վրաստանի կախումը ռուսաստանյան շուկայից դեռևս զգալի է։ Ռուս-ուկրաինական թնջուկը Վրաստանի պարագայում կարող է ավելի բացասական ազդեցություն ունենալ, քանի որ ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանը դեպի Ուկրաինա արտահանման լուրջ ծավալներ ուներ և ներկայումս ստիպված է լինելու այդ բացը լրացնել այլ շուկաների հաշվին։ Վրաստանի պարագայում հատկանշական է, որ ի տարբերություն Հայաստանի՝ լուրջ առևտրատնտեսական հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ընդ որում, 2022թ․ վրացական ապրանքների արտահանման թիվ 2  շուկա է դարձել Ադրբեջանը: Վրաստանի համար խնդրահարույց է առևտրաշրջանառության բացասական մեծ սալդոյի ցուցանիշը, որը վերջին տասնամյակում դեռևս բարելավման ցուցանիշներ չի արձանագրում։

Ռուս-ուկրաինական թնջուկի շահող կողմերից կարող է լինել Ադրբեջանը, քանի որ հակամարտության հետևանքով համաշխարհային շուկայում բարձրացել են էներգակիրների գները, իսկ դրանք Ադրբեջանի պետական բյուջեի ձևավորման համար կենսական նշանակություն ունեն և ներկա փուլում Ադրբեջանին բավականին լուրջ տնտեսական դիվիդենտներ են ապահովում։ Ադրբեջանի համար, թերևս, խնդրահարույց են ոչ նավթային հատվածի զարգացման տեմպերը և այն, որ Ադրբեջանն արտահանման մեջ լուրջ կախում ունի երկու երկրից՝ Իտալիայից և Թուրքիայից, որը, բնականաբար, լուրջ ռիսկեր է առաջացնում Ադրբեջանի համար։

Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930