Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքը կենացներով չեն սիրում». Արցախցի աշակերտուհի

Հունիս 22,2022 15:56

«Շուրջ 10 տարի առաջ մեկնարկեց «Դասավանդիր Հայաստանի» շարժումը: Մենք օգնում ենք, որ Հայաստանում եւ Արցախում ամեն երեխա հնարավորություն ունենա լավ կրթություն ստանալու ու բացահայտի իր ամբողջ ներուժը»,- նշեց «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր եւ տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը «Ֆորում 405» ամենամյա կրթական համաժողովի բացմանը:

Լարիսա Հովհաննիսյան

Նրա խոսքով, շարժումը մեկնարկել են 14 ուսուցիչ առաջնորդով, իսկ այժմ արդեն 400 մասնագետ է անցել իրենց ծրագրով, ներկա պահին աշխատում են 150 դպրոցներում` 30000 աշակերտների հետ: Լարիսա Հովհաննիսյանը նշեց, որ 10 տարվա ընթացքում շատ բան են սովորել, բախվել շատ խնդիրների, փորձել են գտնել դրանց լուծումները: Նրա ձեւակերպմամբ, կրթության համակարգը կարող է փոխել Հայաստանի եւ Արցախի ապագան, իսկ «Ֆորում 405»-ը այն հարթակն է, որտեղ ամփոփելու են մեր կրթական անցյալը, կսահմանեն կրթական ներկան եւ կգծվի երկրի կրթական ապագան: Նորարարություն, առաջնորդություն եւ վերածնունդ` սրանք այն բանալի բառերն էին, որ ֆորումի ողջ ընթացքում հնչեցին:

Գայանե Ադամյան

Տավուշի մարզի Այգեպար համայնքի աշակերտուհի Գայանե Ադամյանն ասաց, որ միշտ մտածել է կրթության մասին եւ մտքում դասավորել գաղափարները: Նա եւս վստահ է, որ մեր երկրի խնդիրների լուծումները սկսվում են դպրոցից. «Երբ չորրորդ դասարանում էի սովորում, պետք է ուսումնասիրեինք կոտորակային թվերը: Դասի վերնագիրը կարդացի, բացատրությունն էլ կարդացի, սակայն շատ բան չհասկացա: Ասացի` դե լավ, ուսուցիչս որ բացատրի, մի բան կհասկանամ: Հաջորդ օրը ընկեր Բադալյանը ներս մտավ մի դեղին խնձոր ձեռքին, որը բաժանեց երկու հավասար մասերի: Նա այդպես ցույց տվեց խնձորի մեկ երկրորդ մասը, ապա կրկին բաժանեց երկու հավասար մասերի, եւ ցույց տվեց խնձորի մեկ չորրորդ մասը: Մեկ ութերորդին դեռ չհասած` ես արդեն ամբողջությամբ պատկերացնում կազմեցի կոտորակների մասին:

Սա մի քանի տարի առաջ էր, իսկ այս տարի մեր դպրոցի յոթերորդ դասարանցիներն առաջին անգամ ուսումնասիրում էին ձկան օրգանների կառուցվածքը լաբորատոր պայմաններում: Ես անձամբ չէի մասնակցում, բայց կողքից դիտելով՝ այնքան նոր բաներ սովորեցի, այնքան գիտելիքներ ստացա, որ ժամանակին կարդացածս երկար-բարակ տեքստերից չէի հասկացել: Ասածս ինչ է… Մենք 21-րդ դարում կրթվում ենք այն նույն մեթոդներով, որոնցով կրթվել են մեր ծնողները: Երեւի իրենց ծնողներն էլ… Ես, իհարկե, սիրում եմ իմ ծնողներից խորհուրդներ հարցնել, նրանց հետեւել, բայց կարծում եմ, որ մեր կրթության դասավանդման մեթոդների մեջ պետք են փոփոխություններ»: Աշակերտուհին ընդգծեց, որ իրեն միշտ հետաքրքրել են պրակտիկ դասերը, եւ ինչ էլ մոռանա՝ հաստատ կոտորակային թվերն ու ձկան օրգանների կառուցվածքը չի մոռանալու:

Տպավորիչ էր Արցախի Կոլխոզաշենից ժամանած աշակերտուհի Նարե Բաբայանի ելույթը: Նա նշեց, թե ինչպես են հայրենասիրությունից խոսում կենացներ խմելիս, մինչդեռ հայրենիքի հանդեպ սերը պետք է գործով փաստվի. «Հարգելի սեղանակիցներ, էս բաժակով էլ խմենք մեր հերոսների կենացը…Մեր գյուղում յուրաքանչյուր ճաշկերույթի ժամանակ բաժակաճառը այդպես է հնչում…Սա եղել եւ դեռ մնում է իմ աչքի առաջ եղած հայրենասիրության օրինակը…Բայց չէ՞ որ հայրենիքը կենացներով չեն սիրում…Ես արդեն հայրենասեր եմ, բայց իմ հայրենասիրությունը բազմաթիվ փուլեր է անցել…Գամ սկզբից` ի՞նչ էր հայրենասիրությունը պատերազմից առաջ, կամ ում էի համարում հայրենասեր:

Ինչպես բոլորը, ես էլ հայրենասեր էի համարում բարեգործներին: Ինքս ինձ չեմ հիշում, որ պատերազմից առաջ հայրենասեր եմ համարել: Ընկերներով հաճախ էինք հավաքվում ու խոսում հայրենասիրության թեմաներով: Նրանք ասում էին, որ հայրենասեր են, ճանաչում են իրենց հայրենիքը, հանուն հայրենիքի անգամ իրենց կյանքը կտան: Բայց ես հասկանում էի, որ հայրենասիրական երգեր լսելուց ու ֆիլմեր դիտելուց բացի`իրենք ուրիշ ոչինչ չեն արել հայրենասեր կոչմանն արժանանալու համար…Շատ ժամանակ պահանջվեց, որ հասկանամ, որ հայրենասեր չլինելը հայրենիքի համար ոչինչ չանելը պայմանավորված է հայրենիքը չճանաչելով»:

Աշակերտուհին հիշում է, որ երբ իրենց հայրենասեր ընկերների հետո հետեւում էին պատերազմի ընթացքին, ու լսում էին Արցախի հյուսիսային կողմ, հարավ-արեւելյան ուղղություն, Փառուխ գյուղ, նրանք չէին կարողանում տեսողական պատկերացնել, թե որտեղ են գտնվում այդ վայրերը. «Ես ծնվել ու մեծացել եմ Արցախի Մարտունու շրջանում: Ու ամեն անգամ` «որտեղի՞ց» ես հարցին, պատասխանում եմ, որ Մարտունիից եմ: Ու մարդիկ, չգիտես ինչու, միանգամից գնում են դեպի Գեղարքունիքի Մարտունի` չմտածելով, որ Արցախում նույնպես Մարտունի կա։ Նման օրինակները փաստում են, որ իրոք մեզանում հայրենիքը ճանաչելն այնքան էլ լավ չի ստացվում»:

Արցախցի աշակերտուհի Նարեն հետաքրքիր դիտարկում արեց. «Մենք դպրոցում սովորում ենք Հայոց պատմություն, ուսումնասիրում մեր նախնիներին, նրանց կատարած սխրագործություններն ու թույլ տված սխալները, ու այսպես ասած` զբաղվում էինք մեր նախնիների սխալների պատճառով կորցրած հողերի աշխարհագրությամբ: Այդ պատճառով էլ պատերազմից առաջ գոյություն ունեցող հայրենասիրությունը ես կանվանեմ կորցրած հողերի հայրենասիրություն: Պատկերացրեք, թե ինչ լավ կլիներ, եթե մենք սկսեինք սովորել, թե ինչ է իսկական հայրենասիրությունը դեռ տարրական դասարաններում»:

Հայրենաճանաչությունը շեշտադրող աշակերտուհին հիշեց, թե ինչպես էր գարնանը Բերդաշենում` սահմանից 1-2 կիլոմետր հեռավորության վրա փառատոն կազմակերպվել, որին մասնակցում էր մի քանի հազար մարդ. «2000 մարդ առանց վախենալու հավաքվել էր սահմանից 1-2 կմ հեռավորության վրա: Լինելով Բերդաշենում` ես բացահայտեցի նաեւ Արցախի ամենակարեւոր հուշարձաններից մեկը` Աղջկա բերդը, որի մասին համարյա տեղեկություններ չունեի՝ լինելով արցախցի: Նման մի փառատոն էլ Ամարասում էր կազմակերպվել անցյալ տարի: Նման օրինակներն, ապացուցում են, որ իրոք Արցախում ու Արցախի համար ապրող մի ստվար հատված կա»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930