ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Արցախի հարցի, Փաշինյանի վարած քաղաքականության մասին՝ ասաց, որ մեր երկիրը, ճիշտ է, ֆիզիկապես թույլ է, չենք կարող դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին, բայց մենք էլ այլ առավելություններ ունենք, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը, եթե ճիշտ օգտագործենք դիվանագիտական մեր բոլոր լծակները, հաջողության կհասնենք: Հարցին՝ դուք իսկապե՞ս հավատում եք, որ Նիկոլ Փաշինյանն այն ֆիգուրն է, որը դիվանագիտական օղակում կարող է հաղթանակ տանել՝ մանավանդ, որ մեր ԱԳ նախարարը դիվանագիտության հետ կապ չունեցող անձ է, մի շարք դեսպաններ նշանակվեցին, որոնք զուտ ՔՊ-ական էին, քաղաքական թիմի անդամ էին, այսինքն, դուք ի՞նչ ներուժի վրա եք հույս դնում՝ Աղազարյանը պատասխանեց. «Դիվանագիտական օղակում աշխատողների մեծ մասը պատեհապաշտներ էին, որովհետեւ իրենք ժամանակի ընթացքում վայելում էին: Երբ որ մենք տեղ ենք գնում մի հատ, ասում եք՝ վոյաժների մեջ ենք, բայց իրենք ժամանակի ընթացքում վայելելով ամբողջ հնարավորությունները, գնալով ֆրանսիաներ, ամերիկաներ եւ այլն, երբ որ այն ժամանակ Արցախը դուրս էր գալիս բանակցային գործընթացից, չհամարձակվեցին մի հատ կարծիք հայտնեն, հիմա դռները շրխկացնում, թողնում հեռանում են, փախնում են մարտի դաշտից: Ոչի՛նչ, ավելի լավ է թիմին հավատարիմ մարդ լինի դեսպան, մի փոքր փորձառությամբ թույլ, պակաս, բայց դիմացինի հետ խոսալուց այս նուրբ ազգային հարցի հետ կապված անկեղծ խոսա: Մենք աշխարհին ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ ախպեր ջան, մենք պրոբլեմ չունենք Ադրբեջանի տարածքայինի իմաստով, բայց Արցախի ժողովուրդը մեր ժողովրդի մի հատվածն է, մենք չենք կարող անտարբեր մնանք, ի՞նչ եք ասում: Այդ ժամանակ դու հնարավորություն ես տալիս, որ աշխարհն ասի՝ Ալիեւ ջան, ախպեր, այս մարդիկ քեզնից բան չեն ուզում, հողային պահանջ չունեն քո տարածքի հետ կապված, մի հատ նստենք խոսանք, տեսնենք ի՞նչ անենք այս ժողովրդին, գնանք բռնենք կոտորե՞նք սաղին, ինքնուրույնություն տանք, անկախություն տանք: Մի հատ նստենք խոսանք: Խոսակցությունը արդեն ստացվում է, բացվում է, այստեղ պետք չի մեծ դիվանագիտություն: Իսկ Նիկոլ Փաշինյանի առավելությունը շատ բարձր մակարդակի անկեղծությունն է, բացությունն է»:
Հարցին՝ կներեք, Ալիեւը «ծաղրածու» էր անվանում Նիկոլ Փաշինյանին ու բանակցությունների, հանդիպումների սեղանին հենց այդ կեցվածքով էլ նստում է նրա հետ, չե՞ք կարծում, որ այդտեղ չի կարող լինել բարձր մակարդակի դիվանագիտական խոսակցություն՝ Աղազարյանը պատասխանեց, որ այդպես չէ, քանի որ սեղանի շուրջ միայն Ալիեւն ու Փաշինյանը չեն, արտաքին ուժեր կան. «Սաղ աշխարհը գիտի ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի համար ու սաղ աշխարհը գիտի՝ ինչ է նշանակում Ալիեւը ադրբեջանցիների համար: Մենակ ավտոմատների քանակով ու բայրաքթարներով չի որոշվում, որ դու քեզ լավ զգաս որպես քաղաքացի: Ներքին ուժը ուրիշ տեղից է գալիս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ