Լրահոս
Օրվա լրահոսը

Նախադպրոցական կրթությունը պետք է հասանելի դառնա ամենահեռավոր մարզի և գյուղի երեխաների համար. Ժաննա Անդրեասյան

Հունիս 22,2022 15:27

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության «ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին, որը կրում էր «Ինչպե՞ս կարող է կրթությունը նորարարության և առաջնորդության միջոցով սկիզբ տալ հայկական վերածննդին» խորագիրը:

«ՖՈՐՈՒՄ405» կրթական համաժողովին ներկա են եղել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը, «Այբ»-ի հիմնադիր Արամ Փախչանյանը, ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, պետական, մասնավոր և հասարակական սեկտորի այլ ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ:


Համաժողովի նպատակն էր հարթակ տրամադրել կրթության ոլորտում գործող կազմակերպություններին և անհատներին արցախյան վերջին պատերազմի, համավարակի և համաշխարհային բևեռացման միտումների արդյունքում ստեղծված ճգնաժամային փուլի հաղթահարման և վերածննդի գաղափարների իրագործման համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը համաժողովի մասնակիցների ողջունել է հարցազրույցի ձևաչափով` շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին և կրթության նվիրյալներին, որոնք ամեն օր անում են անհնարինը երեխաների որակյալ կրթությունն ապահովելու համար:

Պատասխանելով առաջին հարցին, որը վերաբերում էր ՀՀ-ում նախակրթարանների գործունեությանը, Ժաննա Անդրեասյանը նշել է. «Նախակրթարանները մեր շատ կարևոր օղակներից են. շատ երկրներում պարտադիր կրթության մաս է կազմում նախադպրոցական կրթությունը, և սա պատահական չէ: Ըստ հետազոտությունների` նախադպրոցական կրթությունը կարևոր դեր է ունենում հանրակրթության հետագա ընթացքի վրա: Հանրակրթության ոլորտում մեր քաղաքականության առաջնային խնդիրն է, որպեսզի նախադպրոցական կրթությունը հասանելի դառնա անգամ ամենահեռավոր մարզի և գյուղի երեխաների համար: Մենք ցանկանում ենք փոխել կրթության բովանդակությունը՝ ապահովելով որակյալ կրթության հասանելիություն, մասնագիտական կարողությունների շարունակական զարգացում»:

Անդրադառնալով 12-ամյա կրթության արդյունավետության վերաբերյալ հարցին՝ փոխնախարարը ասել է, որ հանրակրթության նոր չափորոշչի հիմնական խնդիրն ավագ դպրոցի բովանդակության բարելավումն է, որտեղ մի քանի առաջնային խնդիրներ կան. «Ըստ նոր չափորոշչի՝ մենք փորձելու ենք ավագ աստիճանում անցում կատարել անհատականացված դասացուցակի, այսինքն՝ յուրաքանչյուր երեխա, բացի պետական բաղադրիչից, դասացուցակի մնացած հատվածը կարող է ձևավորել՝ ըստ իր նախասիրությունների: Երկրորդը կրեդիտային համակարգի ներդրումն է ավագ դպրոցում, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշումը»:

Ըստ Ժաննա Անդրեասյանի` նոր չափորոշչով բոլոր դպրոցներում ներդրվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` 7-րդ դասարանից սկսած:

«Մենք պետք է ձգտենք ունենալ վերջնաարդյունքի վրա հիմնված և սովորողակենտրոն կրթություն՝ իր իրական բովանդակությամբ»,- նշել է փոխնախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև նախնական և միջին մասնագիտական կրթության բարեփոխումներին` նշելով, որ աշակերտների մասնագիտական ճիշտ որոշումը հատկապես այս բնագավառի համար կարևոր է:

Ֆորումի օրակարգային հարցերը վերաբերել են կրթության մեջ նորարարության և առաջնորդության կարևորությանը, համակարգային փոփոխությունների անհրաժեշտությանը, տվյալների դերակատարությանը և այլ հարցերի։ Համաժողովը ընթանում էր տարբեր սրահներում` «Նորարարություն և առաջնորդություն» և «Համակարգային փոփոխություններ» խորագրերը կրող պանելային քննարկումներով:

«Նորարարություն և առաջնորդություն» քննարկման շրջանակում ելույթ է ունեցել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Նա անդրադարձել է աշակերտների, ծնողների, դպրոցի և պետության միջև երկխոսության խնդիրներին:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930