Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ են զբաղված ամերիկյան բիոլաբորատորիաները Հայաստանում. «Զարթոնք» կուսակցությունը, «ԿԱՄՔ», «Ազատագրական շարժում» նախաձեռնությունները պահանջում են հստակեցումներ

Հունիս 22,2022 14:46

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը, Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը, «Ազատագրական շարժում» նախաձեռնությունն այսօր Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մոտ բողոքի ցույց էին անում՝ ընդդեմ Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների գործունեության:

Ցույցի մասնակիցները եկել էին «Հայաստանը լաբորատոր փորձադաշտ չէ», «Հանրային առողջությունը վտանգելն անթույլատրելի է» պաստառներով և հակագազերով, Նիկոլ Փաշինյանի, Անահիտ Ավանեսյանի, Բիլ Գեյթսի եւ Ջորջ Սորոսի պատկերներով դիմակներով:

Ըստ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանի, ՀՀ իշխանական շրջանակները անընդհատ փորձում են մանիպուլացնել բիոլաբորատորիաների թեման, որոշներն էլ պնդում են, թե այս թեման ՌԴ-ին է ձեռնտու, բայց իրենք հարցը բարձրացնում են՝ առաջին հերթին ելնելով մեր ազգային անվտանգության շահերից:

«Հայաստանում գործում է ութ բիոլաբորատորիա, որոնք ֆինանսավորվում են ամերիկյան կառավարության՝ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի, կողմից: Բիոլաբորատորիաները գործում են Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում: Բիոլաբորատորիաների մասին տարբեր տեղեկություններ են պտտվում: Լսել ենք, որ այս լաբորատորիաներում կենսաբանական զենք է պատրաստվում, այդ զենքի նյութերն են մշակվում: Պարզ է, որ սրան, հանրության մեծ մասը լուրջ չի վերաբերվում. նախկինում էլ լուրջ չեն վերաբերվել, հիմա էլ փորձում ենք լուրջ չվերաբերվել»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ զուգահեռներ անցկացնելով նախապատերազմական Ուկրաինայի իրավիճակի հետ: Ըստ այդմ, այնտեղ էլ այս նույն վիճակն էր, այնտեղ էլ լուրջ չէին վերաբերվում, մարդիկ մեկ տարի առաջ փորձում էին ստորագրահավաք կազմակերպել, որ այդ լաբորատորիաները փակվեն, բայց ուկրաինացիները ծաղրում էին նրանց: Մինչդեռ Արա Զոհրաբյանը հիշեցնում է, որ պատերազմի ընթացքում, ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները փաստեր հրապարակեցին, թե այդ լաբորատորիաներում կենսաբանական զենքի նյութեր են պատրաստվել: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը ոչ միայն չի հերքել այդ փաստը, այլ ասել է. «Ուկրաինայում իսկապես կան օբյեկտներ կենսաբանական հետազոտությունների իրականացման համար, մենք հիմա բավական անհանգստացած ենք, որ ռուսական ուժերը կարող են ստանալ դրանց վերահսկողությունը»:

Սա, Արա Զոհրաբյանի համոզմամբ, ապացուցում է, որ Ուկրաինայում այս լաբորատորիաներն իրոք վտանգ են ներկայացնում:

Նա անդրադարձավ նաեւ Վրաստանում «Ռիչարդ Դուգարի» անվան լաբորատորիայի շուրջ բարձրացած հանրային աղմուկին. այդ լաբորատորիայում Հեպատիտ C-ի բուժման կուրս անցած 240 հիվանդներ մահացան, մինչդեռ խոսակցություններ շրջանառվեցին, որ նրանք դարձել են փորձաքննության օբյեկտ:

«Ինչո՞ւ են ֆինանսավորում մեր լաբորատորիաները. առաջին հայացքից, թվում է, թե մեր արտասահմանցի գործընկերները լավ բան են անում, որպեսզի վերակառուցվեն, արդիականացվեն մեր լաբորատորիաները»,-ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով՝ բայց այն, որ առողջապահական ոլորտի ֆինանսավորումը հատկացվել է ամերիկյան ռազմական գերատեսչության կողմից, արդեն այլ մտորումների տեղիք է տալիս: «Արդյո՞ք ծրագիրը ռազմական բաղադրիչ ունի: Ես կարծում եմ, որ այս հարցի պատասխանը մեզ պետք է հուշի, որ մենք այստեղ, իրոք, գործ ունենք առնվազն հիմնավոր կասկածի հետ»,- ասաց բանախոսը:

Ըստ Արա Զոհրաբյանի, երեք պատճառ կա, որ մենք պետք է մերժենք այս երեւույթը՝ այդ լաբորատորիաները վտանգ են ներկայացնում հանրային առողջության համար, քանի որ այնտեղ կարող է փորձարկումներ կատարվեն մարդկանց վրա ու մենք այդ մասին չիմանանք էլ: Իր փոխանցմամբ, Հայաստանում գործող լաբորատորիաները ակտիվ աշխատել են նաեւ «Քովիդ 19-ի» հետ կապված փորձարկումների շրջանում ու հայտնի չէ, թե ի՞նչ աշխատանք են իրականացրել: Ըստ նրա, կենսաբանական զենքի արտադրությունն ու մշակումը արգելված են միջազգային օրենքներով, նաեւ ՀՀ ՔՕ-ով եւ այս կենսաբանական զենքի հնարավոր թիրախ հանդիսացող պետությունը կամ պետությունները, երբ տեսնեն, որ Հայաստանը թույլ է տալիս իրենց դեմ ինչ-որ լաբորատորիաներ գործարկվեն եւ գործընթացներ տեղի ունենան, կարող են անառողջ հետաքրքրություններ ունենալ Հայաստանի նկատմամբ, ինչը մենք տեսանք Ուկրաինայում: Այդ պետություններ են՝ ՌԴ-ն, Չինաստանը, Իրանը, որոնց հետ ԱՄՆ-ի հարաբերությունները միանշանակ չեն:

Ուստի, ցուցարարների պնդմամբ, հստակ անհրաժեշտություն է առաջացել ապահովել բիոլաբորատորիաների գործունեության թափանցիկ եւ հաշվետու հետաքննությունը, հանրության առողջության ու կյանքի նկատմամբ վտանգ ներկայացնելու կասկածը հաստատվելու դեպքում՝ անմիջապես կանխելու դրանց գործունեությունը:

Արա Զոհրաբյանը հավելեց նաեւ, որ հարցումներ են ուղարկել՝ հասկանալու համար այս լաբորատորիաները կապ ունե՞ն Ուկրաինայի լաբորատորիաների հետ, ինչ-որ տեղ արտահանվե՞լ են հետազոտությունների տվյալները եւ այլն: Իրենց տեղեկություններով՝ կապ ունեն:

«Հայաստանը փորձադաշտ չէ, ՀՀ քաղաքացին փորձաճագար չէ»,- հայտարարեց Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ եթե այս ծրագիրը չկանխվի, սա տանելու է արկածախնդրության: Նա նաեւ հատուկ ընդգծեց, որ իրենց բողոքը ԱՄՆ-ի եւ ԱՄՆ ժողովրդի դեմ չէ, այլ կոնկրետ գերատեսչության, կոնկրետ ծրագրի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930