Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռիմա Եգանյան․ «Չկա օր, որ միջադեպ չունենանք, հարձակվում են բժիշկների վրա, կոտրում են ակնոց, թղթեր են գողանում, վնասում»

Հունիս 22,2022 13:25

Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում տարեկան իրականացվում են 53 հազար բժշկասոցիալական փորձաքննություններ, դրանցից 12-15 հազարը առաջնակի փորձաքննվողներն են։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության եւ աջակցող միջոցներով ապահովման վարչության պետ Ռիմա Եգանյանը։

Նրա ներկայացմամբ՝ 2021 թվականի ընթացքում փորձաքննվել են մոտ 2 հազար անձինք, որոնք պատերազմի հետեւանքով վնասվածք կամ վիրավորում են ձեռք բերել, նրանցից 1498-ի դեպքում տարբեր խմբերի հաշմանդամություն է սահմանվել, 112-ին՝ առաջին խումբ՝ երկու տարի ժամկետով, 396-ին՝ 2-րդ խումբ՝ մեկ տարի ժամկետով, մոտ 980-ին՝ 3 խումբ, 102-ին՝ անժամկետ, քանի որ վերականգնման հեռանկարի բացակայություն է դիտվել։

Ըստ Ռիմա Եգանյանի, վիրավորում կամ վնասվածք ստացածները 2022 ի փետրվար -մարտից սկսեցին ներկայացնել պատճառային կապի վերաբերյալ փաստաթղթերը․ «Փետրվարի 1-ից մինչ օրս պատերազմի ընթացքում վիրավորում եւ վնասվածք ստացած 440 անձի մոտ բժշկասոցիալական փորձաքննություն է իրականացվել, այս թիվը փոփոխական է։ 440-ից 183-ին տրվել է 3-րդ խումբ, 60-ն՝ 2-րդ խումբ, մնացածի դեպքում հաշմանդամությունը 2-րդ խմբից իջեցվել է 3-րդի կամ չի սահմանվել հաշմանդամություն։ 120 անձի դեպքում չի սահմանվել հաշմանդամություն, իսկ 80-ի դեպքում ժամկետը լրացել է, բայց նրանք դեռ չեն դիմել»,-ասաց Եգանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Պատերազմում վերջույթները կորցրած զինծառայողների հարազատները դժգոհում են, որ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող խումբը հաշմանդամության կարգը փոփոխում է։ Հարազատները տարակուսած են՝ ինչո՞ւ է փոփոխվում հաշմանդամության կարգը, եթե տվյալ անձն, ասենք, ոտքը կամ ձեռքն է կորցրել, եւ մեկ տարի հետո նույն վիճակում է՝ առանց ձեռքի կամ ոտքի։

Այս առնչությամբ Ռիմա Եգանյանն ասաց, որ հաշմանդամության կարգը սահմանվում է կառավարության որոշմամբ հաստատված չափորոշիչներով։ Ապա նա երկար պատմեց ընթացակարգի մասին։ Ասաց, որ վերջույթներն անդամահատված անձանց առաջին անգամ երբ այցելել են, նրանք դեռեւս պրոթեազավորված կամ բուժված վիճակում չէին, վերքերը դեռ փակված չէին․ «Մի մոռացեք նաեւ այն հանգամանքը, երբ անձը կորցնում է իր վերջույթը, դեռ ժամանակ ունի հարմարվելու վերջույթի կորցնելու մտքին, հենաշարժական ֆունկցիան կարգավորելու հարցում էլ խնդիր ունի, ինքը չի կարողանում հավասարակշռությունը պահպանել։ Այն ժամանակ նրանք շարժվում էին քայլակներով, հենակներով կամ սայլակներով։ Եվ 2-րդ խումբ սահմանվեց մեծամասամբ այն բանի համար, որպեսզի մեկ տարվա ընթացքում օգտվելով վերականգնողական բժշկական օգնությունից, պրոթեզավորումից՝ վերականգնվեն եւ հասնեն մի վիճակի, որը կհամատասխանի իրենց հիմնական հաշմանդամության խմբին։ Այսինքն, ստորին վերջույթների ամպուտացիաները մինչեւ ազդրի միջին մակարդակը, որ հնարավոր է պրոթեզավորում անել։ Դա, ըստ չափորոշիչի, համարվում է հենաշարժական ֆունկցիայի չափավոր խանգարում, ինչը նշանակում է օժանդակ պարագայով շարժվելու կարողություն, դժվարությամբ տեղաշարժվելու կարողություն։ Փորձաքննության առաջին տարում տղաները ունեին ոչ միայն օժանդակ պարագայի կարիք, այլ նաեւ այլ անձանց մասնակի օգնության կարիք։ Պրոթեզավորումից հետո իրավիճակը փոխվել է եւ հենաշարժական ֆունկցիայի չափավոր խանգարում է եւ անժամկետ 3-րդ խմբին է համապատասխանում»։

Եգանյանի պատմելով՝ հաճախ զինվորական հաշմանդամություն ունեցող անձը երբ բողոքարկում է, տարածքային կենտրոններում, տվյալ անձի շրջապատից ինչ-որ անձ է ներկայանում եւ դժգոհություն արտահայտում․ «Բնականաբար, երբ անձը արտոնությունից զրկվում է, կարող է համապատասխան վարք դրսեւորել։Մեծագույն հարգանք ունենք բոլոր քաղաքացիների նկատմամբ, հատկապես նրանց, ովքեր իրենց կյանքն ու առողջությունն են դրել հայրենիքի պաշտպանությանը, բայց դա իրենց իրավունք չի վերապահում պետական աշխատողին վարկաբեկել, վնասել, հայհոյել այն բանի համար, որ նա իրականացնում է օրենքով սահմանված իր գործառույթը։ Որոշումները կայացվում են միայն չափորոշիչներին համապատասխան։ Չկա օր, որ միջադեպ չունենանք, հարձակվում են բժիշկների վրա, կոտրում են ակնոց, թղթեր են գողանում, վնասում»։

Մանրամասն՝ տեսանյութում

Ռիմա Եգանյանը նաեւ ասաց, որ բժշկասոցիալական փորձաքննության դիմումների քանակն ավելացել է, դա պայմանավորված է ե՛ւ պատերազմով, ե՛ւ տարբեր այլ պատճառներով։ Նա ասաց, որ բարձրացել է նորագոյացություններով հիվանդությունների մակարդակը, քովիդով պայմանավորված ծանր բարդություններ են գրանցվել անձանց մոտ, որոնք նախկինում թեթեւ խրոնիկական հիվանդություն ունեին, վնասվածքներով դիմումները ավելացել են՝ կապված ե՛ւ պատերազմական իրավիճակով, ե՛ւ դժբախտ պատահարներով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930