Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտածե՞լ եք այդ քննարկումներում ներգրավել նաև Լեռնային Ղարաբաղից և նմանատիպ այլ գոտիներից անհատների». Ռուբեն Ռուբինյանը՝ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահին

Հունիս 22,2022 13:16

«Շատ կարևոր է, որ մենք իսկապես կազմակերպենք ԵԽ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողով, որտեղ յուրաքանչյուր առաջնորդի կողմից կլինի հստակ, միանշանակ հայտարարություն, որ եթե Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որևէ որոշում է կայացնում, ապա այն պիտի լինի հարգված ԵԽ անդամ բոլոր երկրների կողմից»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ պատվիրակների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարար Սայմոն Քովնին:

Ըստ նրա՝ առանց երկրների առաջին դեմքերի այդ արձանագրումների առաջ շարժվել հնարավոր չէ: Այս առիթով ասաց. «Կպատճառաբանեն, թե, կներեք, մենք կիրականացնենք այս մեկը, բայց մենք չենք իրականացնի այն, որովհետև դա մեզ դուր չի գալիս կամ անհարմար է, թանկ է: Այսպիսով` խախտվում է օրենքի գերակայության և չափանիշների առումով միջազգային նշաձող ունենալու մեր առաջ դրված նպատակը»:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը փաստելով, որ ԵԽ-ում Իռլանդիայի նախագահությունը սեպտեմբերի 1-ին Գալվեյում կկազմակերպի համաժողով՝ նվիրված «գորշ գոտիներում» ՄԻԵԴ որոշումների արդյունավետ կիրառմանը, Սայմոն Քովնիից հետաքրքրվեց՝ արդյոք մտածե՞լ է այդ քննարկումներում ներգրավել նաև Լեռնային Ղարաբաղից և նմանատիպ այլ գոտիներից անհատների, որոնց իրավունքները՝ ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ իրենք բոլորը, փորձում են ավելի լավ պաշտպանել:

Սայմոն Քովնին պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղի հետ կապված՝ այո, մենք կազմակերպում ենք համաժողով Իռլանդիայի արևմտյան ափին, Գալվեյ կոչվող քաղաքում, որը հաճելի է ձեզանից յուրաքանչյուրի համար: Եթե այնտեղ չեք եղել, պետք է ճամփորդեք այդ ուղղությամբ: Իրականում մեր ուշադրությունը կենտրոնացած է «գորշ գոտիների», այս բարդ տարածքի վրա, թե ինչպես են Եվրոպայի խորհուրդը և նրա մարմինները դրականորեն ազդում մարդու իրավունքների պաշտպանության վրա այն տարածքներում, որտեղ առկա է անորոշություն ինքնիշխանության, ժողովրդավարական հաշվետվողականության կամ քաղաքական վերահսկողության և այլնի առումով: Լեռնային Ղարաբաղը հատկապես բարդ տարածք է։ Ձեր բերած օրինակը, կարծում եմ, ամենայն հավանականությամբ այդ համաժողովի առանցքային կետը կլինի, քանի որ դա ակնհայտ տարածք է քննարկման համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930