ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ այցելել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին:
ԿԳՄՍ նախարարը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.
«Ջերմորեն ողջունում եմ արվեստասեր հասարակությանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 85-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, որի անփոփոխ ղեկավարը 1961 թվականից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանն է, բեղմնավոր գործունեություն է ծավալել մեր հայրենիքում և նրա սահմաններից դուրս` աշխարհի ավելի քան 27 լեզուներով երգելով հայ և համաշխարհային կոմպոզիտորների դասական ստեղծագործությունները:
Կարդացեք նաև
Երգչախմբի` անընդհատ նոր հորիզոններ բացող, հայ երգարվեստի ժառանգությունը սերնդեսերունդ փոխանցող գործունեությունը վառ վկայությունն է բարձր արժեքների հանդեպ երգչախմբի պատասխանատու վերաբերմունքի և յուրահատուկ առաքելության:
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին և անձամբ սիրելի մաեստրոյին մաղթում եմ բազում հաջողություններ, ստեղծագործական ձեռքբերումներ ու նոր ներշնչանքներ»:
Նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նաև ներկա են գտնվել «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին նվիրված հոբելյանական համերգին:
Միջոցառմանը կատարումներով հանդես են եկել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Տոնական երեկոյին հնչել են հայ և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններից, այդ թվում՝ Կոմիտասի, Վերդիի, Մոցարտի, Մասկանյիի աշխարհահռչակ գործերից:
Համերգը ղեկավարել են դիրիժորներ Հովհաննես Չեքիջյանը և Էդուարդ Թոփչյանը։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ