Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակցային գործընթացի հիմնաքարը դարձնել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախադեպային որոշումը, որով անուղղակի ճանաչվել է նաև Արցախի անկախությունն Ադրբեջանից. ՀԴԿ

Հունիս 22,2022 12:43

Տարիներ շարունակ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը և՛ հաղթած, և՛ պարտված իշխանություններին ներկայացրել է որոշման նախագիծ, որով ՀՀ ԱԺ-ն պետք է փաստեր կայացած իրավական գործողությունների շարքը՝ ԼՂԻՄ-ի լեգիտիմ անջատումը Ադրբեջանից և ԼՂՀ, ապա Արցախի Հանրապետության կայացումը՝ միջազգային իրավունքի սկզբունքին ու նորմերին համապատասխան։

Եվ՛ հաղթողները, և՛ առավել ևս պարտվողները, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, կրավորական, թշնամուց կաշկանդված կեցվածք ընդունելով, անգամ չեն քննարկել վճռորոշ նշանակություն ունեցող այս առաջարկը։ Ավելին, բանակցային գործընթացն առժամանակ ընթացել է հաղթողի տրամաբանությամբ՝ Արցախը մերն է, բանակցություններն էլ երևութական, անժամկետ բնույթ են կրելու։

2020 թ. պատերազմից հետո, ըստ էության, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրողի գործողությունների ներկա հետևանքները հայտնի են, բնութագրումն՝ ավելորդ։

Թվում էր, թե Արցախի հիմնահարցի իրավական կարգավորումն այլևս անհեռանկար է։ Բայց ահա, օգնության է գալիս ՄԱԿ-ի Միջազգային դատարանն իր նախադեպային հայտնի որոշմամբ։ Քննարկելով Կոսովոյին վերաբերող գործը՝ դատարանը վճիռ է կայացրել՝ սահմանելով ընդհանրական իրավական եզրույթներ։ Այն է՝ երբ որևէ տարածք իր բնակչության կամքով առանձնանում է պետությունից, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, կենտրոնական իշխանությունից թույլտվություն ստանալու անհրաժեշտություն չի պահանջվում։

Հեղինակավոր ատյանի որոշման հիման վրա տասնյակ պետություններ ճանաչել են Կոսովոյի անկախությունը։ Ավելին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վկայակոչելով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի, մեկ անգամ ևս փաստենք, նախադեպային որոշումը, հայտարարում է, որ Ռուսաստանն իրավասու է ոչ միայն ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, այլև  նրանց հետ ռազմաքաղաքական պայմանագրեր կնքել, զենք և զինուժ գործադրելով՝ պաշտպանել նրանց անկախ գոյությունը։

Այժմ հարց՝ Հայաստանի և Արցախի դիվանագիտական կառույցները մի՞թե ծանոթ չեն դատարանի հիշյալ որոշմանը։ Ինչո՞ւ առ այսօր ձևավորված չէ Արցախի հիմնահարցի կարգավորման ամբողջական փաթեթը՝ Միջազգային դատարանի որոշման նախադեպի վրա հիմնված։ Չէ՞ որ, Արցախի Հանրապետության ձևավորումը իրավական տեսակետից կատարվել է անթերի։

Գիտակցելով, որ օրվա իշխանությունն իր զիջողական քաղաքականությամբ անկարող է դիմագրավելու թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին, և միայն նոր ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող կառավարությունը կմիաբանի ժողովրդին, այսօր մենք՝ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության անդամներս, դիմում ենք Արցախի Հանրապետության ղեկավար մարմիններին։

Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը, Ադրբեջանի նախագահի անընդունելի, հարձակողական, սպառնալի կեցվածքը, և, ամենակարևորը, Մինսկի խմբի համանախագահների արդեն դրսևորած պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հարցում՝

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ենք համանախագահներին ներկայացնել նոր օրակարգ, բանակցային գործընթացի հիմնաքարը դարձնելով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախադեպային որոշումը, որով անուղղակի ճանաչվել է նաև Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից։ Սա փաստ է։

Օրակարգային նոր հարցադրումները ձևակերպելու հարցում պատրաստ ենք ցուցաբերել մեր փորձագիտական աջակցությունը:

Բոլոր նրանց, ովքեր հոռետես և թերահավատ են Արցախի հիմնահարցի կարգավորումը դիտարկել միջազգային իրավունքի դաշտում, խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել հակամարտությունների կարգավորման փորձերի պատմությունը։

Եվ այսպես, ՀԴԿ-ն այլևս առաջնորդվում է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախադեպային ընդհանրական որոշմամբ և անթույլատրելի է համարում ՀՀ իշխանությունների կողմից հարցականի ենթարկել Արցախի Հանրապետության անկախության փաստը Ադրբեջանից։

Արցախի ձեռք բերած կարգավիճակը միջազգային իրավակիրառման տեսանկյունից օրինական և անհերքելի իրողություն է, ընդդիմանալն՝ ազգային պետական անվտանգությունը խարխլող։

ՀԴԿ Հանրապետական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930