Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 23-ին մեկնարկող SADA Cup միջազգային մրցաշարի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը եւ մյուս բանախոսները նշեցին, որ ոչ միայն ազգային հավաքականի խաղամակարդակը միջազգային աստիճանի բարձրացնելու, այլեւ հանրապետությունում բասկետբոլը զարգացնելու հեռանկարային ծրագրեր ունեն:
Aravot.am-ը Ռեքս Կալամյանից հետաքրքրվեց, թե հասցրե՞լ է ծանոթանալ մեր մյուս տարիքային խմբերի բասկետբոլիստների խաղամակարդակին եւ նրանց մեջ Հայաստանի ազգային հավաքականի արժանի հերթափոխ տեսնո՞ւմ է: «Շատ կարեւոր է, որ զարգացումը սկսվի հենց երիտասարդներից: Մեծերը բասկետբոլից հետո անցնում են այլ ոլորտներ: Իսկ երբ երիտասարդների խնդիրներն ենք քննարկում, նրանք խաղամակարդակը զարգացնելով՝ հասնում են ազգային հավաքական ու շարունակում են խաղալ բասկետբոլ: Դրա համար կարեւոր է, որ մենք դպրոցի զարգացման ծրագրերում երիտասարդների զարգացման համար տրամադրենք ժամանակ, ռեսուրսներ, որպեսզի նրանք ավելի շատ գիտելիք եւ հմտություններ ստանան բասկետբոլ խաղի վերաբերյալ: Ինչ վերաբերում է կանանց բասկետբոլին, երբ մենք ասում ենք՝ բասկետբոլը զարգացնել, դա նշանակում է, որ նկատի ունենք ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանաց բասկետբոլը: Ու մի բան էլ: Շատ կարեւոր է նաեւ մարզիչներին զարգացնելը, որպեսզի իմանանք, թե ինչ են սովորեցնում», – ասաց մասնագետը:
Մեր ճշտմանը, թե մտադի՞ր է ամենայն պահանջկոտությամբ պետության առջեւ ամբողջ հանրապետությունում բասկետբոլը զարգացնելու համար պայմաններ՝ խաղային մարզաձեւերի որակյալ դահլիճներ եւ խաղահրապարակներ ստեղծելու պահանջներ դնել, Ռեքս Կալամյանը պատասխանեց. «Ամեն ինչ պետք է լավացվի, ամեն ինչի թիվն էլ պետք է մեծացվի, նաեւ՝ այգիներում: Գլխումս ինչ-որ պլաններ ունեմ: Տեսնենք` կկարողանա՞նք իրականացնել, թե՞ ոչ»:
Ռեքս Կալամյանը ափսոսանքով նշեց, որ հայերեն շատ քիչ գիտի: Չնայած դրան, անձնապես ծանոթացանք մայրենի լեզվով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ