Ընթացիկ տարվա սկզբից Ռուսաստանում տարբեր ձեւաչափերով միջոցառումներ են անցկացվում՝ նվիրված ռուս ականավոր խորեոգրաֆ Յուրի Գրիգորովիչի ծննդյան 95-ամյակին։ Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնում հունիսի 3-11-ը տեղի ունեցած բալետի արտիստների 14-րդ միջազգային մրցույթը, որի ժյուրիի աշխատանքները ղեկավարում էր Գրիգորովիչը, դարձյալ նվիրված էր նրա հոբելյանին։ Չորս տարին մեկ անցկացվող մրցույթը մեծ հեղինակություն է վայելում աշխարհում, տարբեր տարիների ունենալով ավելի քան 300 մասնակից։ Բայց ռուսաստանյան մամուլից տեղեկացանք, որ Եվրոպայից այս տարի մասնակիցներ չեն եղել՝ հասկանալի պատճառով։ Հայաստանը ներկայացրել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ Գոռ Սարգսյանը, ժյուրիի կազմում էլ ընդգրկված է եղել թատրոնի պարուսույց, ՀՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը։
«Առավոտի» հետ զրույցում ճանաչված պարուհին տեղեկացրեց, որ ինչպես միշտ, այս տարի նույնպես մրցույթն անցկացվել է դասական ձեւաչափով։ Մինչ առաջին փուլը մրցույթին մասնակցել ցանկացողները (ավելի քան 300) կազմկոմիտեին էին ուղարկել իրենց տեսանկարահանումները, որոնց արդյունքում երկու տարիքային խմբերում՝ 16-19 եւ 20-28 տարեկաններ, համապատասխանաբար ընտրվել է շուրջ 40 ու 80 մասնակից։
Իսկ թե ինչու մեր բալետի արտիստ Գոռ Սարգսյանն արժանացավ ընդամենը դիպլոմի, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ այդ փաստը վատ ցուցանիշ չէ նման հեղինակավոր մրցույթի համար, հետո էլ ներկայացնելով ժյուրիի աշխատանքներին մասնակցող իր գործընկերներին, այդ թվում՝ Բորիս Էյֆման, Նիկոլայ Ցիցկարիձե, Մարինա Լեոնովա եւ այլն (թվով 15 անդամ Թուրքիայից, Հարավային Կորեայից, Իտալիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Արգենտինայից, Ղազախստանից, Բելառուսից եւ այլն), հավաստիացրեց նաեւ ժյուրիի անդամների անաչառ լինելը։ Հետաքրքրությանը՝ մասնակիցները հանդես էին գալիս միայն դասակա՞ն խորեոգրաֆիայով բեմադրված ներկայացումներից հատվածներով, թե՞ մոդեռն համարներով նույնպես, արվեստագետը պատասխանեց. «Մրցույթի երկրորդ փուլում պարտադիր ծրագիր էր ներկայանալ նաեւ մեկ մոդեռն համարով։ Ես հասկանում եմ հարցի էությունը։ Ընդհանրապես մոդեռն համարները կամ ժամանակակից ռեժիսուրայով արված ներկայացումները բեմադրվում են բացառապես դասականի հիմքի վրա, պարզապես ժամանակակից մտածողությամբ։ Բայց պետք է նշեմ, որ երիտասարդ արտիստները հիացրին իրենց տեխնիկայով, հետեւաբար կարող ենք գալ եզրահանգման, թե արտիստների կատարման տեխնիկան ինչքա՜ն առաջ է գնացել»։ Դիտարկումը՝ երբեմն հանդիպում ենք, եթե կարելի է ասել՝ տեխնիկապես բարդ վարժություններ ցուցադրող, բայց անհոգի պարողի…, մեր զրուցակիցը ընդհատեց՝ ասելով. «Բալետը սիրում է լիրիկա, պոեզիա… Մարմինը պետք է երաժշտություն հաղորդի, իհարկե, միայն «մերկ» տեխնիկան ոչինչ է, եթե համեմված չէ տարբեր հոգեվիճակներով՝ ապրումներով, հույզերով»։
Կարդացեք նաև
Հանդիսատեսին, գոնե վերջին 30 տարիների ընթացքում, անհանգստացնում է միտքը, թե մոտ է ժամանակը, երբ դասական ռեժիսուրայով բեմադրված բալետները տեղը կզիջեն ժամանակակից մտահղացմամբ արված բեմադրություններին, այսինքն՝ բալետը կնույնանա շոուի հետ։ Էլվիրա Մնացականյանը համամիտ չէ դրան, նրա խոսքերով. «Մենք ունենք համաշխարհային բալետային գրականության ընտիր նմուշների դասական ժառանգություն՝ «Ժիզել», «Բայադերկա», «Քնած գեղեցկուհին», «Շչելկունչիկ», «Կարապի լիճը», «Սպարտակ»… Յուրաքանչյուր բալետմայստեր իր խմբագրմամբ է մոտենում դրանց իրականացմանը։ Ավելին՝ նույն բալետմայստերը տարիներ հետո երբ բեմադրում է նույնանուն գործը, նա պարզապես չի կարող ճիշտ-ճիշտ կրկնել նախորդը։ Նշեցի արդեն, որ տարիների ընթացքում փոխվում է եւ մտածողությունը, եւ ինչու ոչ՝ պահանջը. ներկայացնել ասելիքը գեղեցիկ»։
Մեր զրուցակցին փոխանցեցինք ժամանակին «Առավոտի» հետ զրույցում անվանի խորեոգրաֆ Բորիս Էյֆմանի հիացական կարծիքը մեր բալետի արտիստների հասցեին՝ առանձնացնելով հատկապես տղաներին, որոնք արդեն տասնամյակներ շարունակ փայլում են եվրոպական բեմերում։ Այդ կապակցությամբ պարուհին ասաց՝ ինչո՞ւ միայն տղաներ ու հավելեց. «Հրաշք աղջիկներ ունենք։ Ընդհանրապես շատ կարեւոր է օժտվածությունը բնությունից, դրանից հետո է գալիս դպրոցը, ուսումը։ Մեր քոլեջի անունը շատ վաղուց է հայտնի դարձել աշխարհին։ Այսօր էլ բարձրակարգ ու բարձրարվեստ դասատուներ ունենք այնտեղ դասավանդող։ Բայց, կրկնում եմ՝ առաջին հերթին օժտվածություն բնությունից, որն անհրաժեշտ է բալետի արտիստ դառնալու համար, հետո նոր՝ ուսում»։
Զրույցի ընթացքում խոսակցություն ծավալվեց նաեւ մեր օպերային թատրոնում ավելի քան 50 տարվա իր գործունեության մասին. որպես մենապարուհի 1971-99թթ. հանդես է եկել թատրոնի խաղացանկային բացառապես բոլոր ներկայացումներում, այդ ընթացքում մոտ 5 տարի բեմ է բարձրացել Խարկովի, ապա Սարատովի թատրոնում, որտեղ ամուսինը՝ Աշոտ Ասատուրյանը, հանդիսացել է գլխավոր բալետմայստերը։ Իսկ 1999-ից մինչ այսօր թատրոնի բալետային խմբի փորձավարներից է։
Հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է մեզ հասած տեղեկությունը, թե 50 տարեկանում բեմ է բարձրացել Ժիզելի դերապարով, պարուհին փոքր-ինչ ուղղում մտցնելով՝ ասաց. «53 տարեկանում Խարկովի թատրոնում բեմ եմ բարձրացել Ադանի «Ժիզել» եւ Չայկովսկու «Կարապի լիճը» բալետային ներկայացումներում»։ Իսկ ո՞րն է նման երկարակեցության գաղտնիքը։ Ի պատասխան լսեցինք. «Սերը, սերը, սերը, միայն սերը արվեստիս նկատմամբ»։
Հետաքրքրվեցինք այս օրերին Երեւանի օպերային թատրոնում լեգենդար խորեոգրաֆ Օլեգ Վինոգրադովի ղեկավարությամբ սկսված Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետի փորձերով, որի պրեմիերան նախատեսված է օգոստոսի 1-ին։ Ի դեպ, Ջուլիետի դերապարը Էլվիրա Մնացականյանի առաջին դերապարերից է, որով հանդես է եկել 1970թ., նույն Վինոգրադովի ռեժիսուրայով բեմադրված ներկայացման մեջ։ Այդ առիթով մեր զրուցակիցն ասաց. «Տեսեք, մենք խոսում էինք ժամանակակից ռեժիսուրայով արված ներկայացումների մասին։ 1970-ին եւ հիմա նույն Վինոգրադովի խորեոգրաֆիայով նույն բեմադրությունները, բնականաբար, նույնը լինել չեն կարող, դրանք տարբերվում են, ինչը բնական է»։ Հանդիսատեսին վաղուց հետաքրքրող մի հարց էլ չէինք կարող չուղղել բազմամյա արվեստագետին՝ բալետի արտիստի համար ո՞րն է նախընտրելի՝ լինել բարձրահասա՞կ, թե՞ սովորական հասակով: «Բալետարվեստի համաշխարհային դեմքերից Գալինա Ուլանովան, Եկատերինա Մաքսիմովան, Նատալյա Բեսսմերտնովան միջին հասակ ունեին, բայց այսօր, օրինակ՝ Էյֆանը, ընտրում է 1 մետր 80 սանտիմետրից ոչ պակաս հասակ ունեցողներին… Թեեւ ես նախընտրում եմ միջին հասակը, բայց մեծ հաշվով կարեւորը բարձր արվեստ ցուցադրելն է»,-ասաց նա։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.06.2022