Լրահոս
Օրվա լրահոսը

Պետություն ղեկավարելը՝ լեզվակռվի «մարզաձեւում» առաջնությունը հաղթել չէ

Հունիս 22,2022 12:00

Ինչի՞ համար է աշխատում իշխանությունը, եթե որեւէ երաշխիք չի տալիս իր քաղաքացիներին, որ պատերազմ վաղը չի լինի

Երբ հայաստանյան քաղաքական դաշտը զբաղեցնող ընդդիմադիրների թույլ տված այս կամ այն բացթողման մասին բարձրաձայնում ես, ավելին՝ հիշեցնում ես տարիներ առաջ նրանց իշխանավարման տարիներին հայտնի եւ անվիճարկելի փաստերի մասին, անմիջապես արժանանում ես քննադատության, թե ինչո՞ւ է պետք այս փուլում դա անել, չէ՞ որ դա որոշակիորեն նպաստում է գործող իշխանության ամրապնդմանը:

Գործող իշխանությունը ունի իր ձախողումները, դրանց մասին եւս պետք է խոսել, բայց իշխանության սխալները, տապալումները «հրեշտակ» չեն դարձնում ընդդիմադիրներին եւ նրանց առաջնորդներին, առավելեւս՝ եւ նրանք ունեն անցյալ, եւ իշխանության մաս են կազմել այս կամ այն փուլում ու ամբողջությամբ սատարել են այդ առաջնորդին, հետեւաբար այդ իշխանությունների հետ միասին կիսել են քաղաքական պատասխանատվություն:

Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը վատ չէր լինի, եթե ունակ լինեին լսել քննադատություն, ընդունեին սխալները, եզրահանգումներ անեին, փորձեին շտկել իրավիճակը: Դրանից պետությունը կշահեր միայն:

Միեւնույն ժամանակ, որքան էլ ներկայիս իշխանությունը ղարաբաղյան թեմայով բոլոր ձախողումներում սլաքներն ուղղի «նախկիններին», ակնհայտ է, որ Փաշինյանը իշխանության գալով հայտարարեց, որ սկսում է «իր կետից», հետեւաբար «իր կետով» հաջորդած իրադարձությունների մասով՝ լիակատար պատասխանատուն հենց ինքն է:

Ի վերջո, ղարաբաղյան կարգավորման հրապարակված տարբերակների մասին ժամանակ առ ժամանակ հիշատակումից ամենեւին էլ չի բխում, որ դու որպես իշխանություն ձեռքերդ ծալած պետք է նստես, սպասես՝ «տեսնենք ինչ կլինի…»: Այժմ էլ Փաշինյանի ելույթները հիմք ընդունելով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը որեւէ երաշխիք չունի, որ խաղաղություն կհաստատվի, որ նոր պատերազմ չի բռնկվի, չնայած այն բանին, որ իշխանությունը հայտարարում է, որ խաղաղության դարաշրջանի կողմնակից է:

Այլ կերպ ասած՝ Փաշինյանը, կարծես, իրեն ապահովագրում է, որպեսզի ապագայում բացասական զարգացումների պարագայում էլ արդեն հայտարարի՝ «ես ձեզ ասել էի, չէ՞, որ ոչ մի երաշխիք չկա…»:

Այստեղ արդեն իշխանության պահվածքն է անընդունելի: Իշխանությունը պատասխանատու է, որպեսզի պետությունը անորոշության մեջ չլինի, նա պարտավոր է փնտրել ու գտնել ելքեր, որոնք կերաշխավորեն պետության եւ քաղաքացիների անվտանգությունը: Ինչի՞ համար է աշխատում իշխանությունը՝ մեր հասարակության հարկերի հաշվին, եթե որեւէ երաշխիք չի տալիս իր քաղաքացիներին, որ պատերազմ վաղը չի լինի: Ի պաշտոնե իշխանության ներկայացուցիչները պարտավոր են օր ու գիշեր աշխատել, որպեսզի լուծեն ցանկացած խնդիր:
Թե՛ դրսի, թե՛ ներսի ուժերին մեղադրելով այս կամ այն խնդրի համար, չի թեթեւացնում իշխանության մեղքի բաժինը, քանի որ որպես իշխանություն դու պարտավոր էիր հաշվել, կշռադատված որոշումներ ընդունել, որպեսզի վաղը, մյուս օրը այլոց մեղադրելու անհրաժեշտություն չլիներ: Եթե դա չի արվել, ուրեմն կարող ենք արձանագրել, որ քաղաքական պատասխանատուներն անպատասխանատու էին, եւ որ ավելի վտանգավոր է՝ արկածախնդիր են եղել:

Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանը կատարյալ սուտ որակեց ընդդիմադիրների պնդումները, թե իրենց պաշտոնավարման տարիներին առաջնորդվել են «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» կարգախոսով: «Բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը եւ թե՛ Սերժ Սարգսյանը, այդպիսով նաեւ նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս եւ/կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով», – նշեց նա։ Իր պնդումն ապացուցելու համար Փաշինյանը դրվագներ ներկայացրեց Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք բանակցված փաստաթղթերից, մասնավորապես՝ «Ընդհանուր պետության» առաջարկից, որին բազմիցս անդրադարձել ենք:

Ընդդիմադիրների բոլոր հակադարձումները միանգամայն տեղին են, երբ հիշեցնում են, որ 2018-ին իշխանության գալով, եթե Փաշինյանն այդ ամենը գիտեր՝ ինչո՞ւ հայտարարեց, թե «իր սեփական կետից» է սկսելու…

Անցյալ շաբաթ Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ընթացքում ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանն, օրինակ, նշեց. «Իշխող կապիտուլյանտները մեզ հաճախ հարցնում են՝ արդյոք չեղարկելո՞ւ ենք նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները։ Սա ամենազավեշտալի ու ցինիկ հարցադրումն է։ Պատասխանը հետեւյալն է։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ավելին է հանձնել, քան նոյեմբերի 9-ի կապիտուլյանտ հայտարարությամբ պահանջել է Ադրբեջանը։ Նոյեմբերի 9-ից հետո 200 քառակուսի կիլոմետր տարածք Արցախից եւ ավելի քան 300 քառակուսի կիլոմետր տարածք ՀՀ-ից հանձնել է Ադրբեջանին։ Այնպես որ, այդ հայտարարությունից չեղարկելու բան չեն թողել։ Իսկ հարցադրումն անելով՝ նրանք լավ գիտեն, որ այնտեղ դրված է նաեւ ՌԴ նախագահի ստորագրությունը։ Միակ կետը, որ կատարված չէ, գերիների վերադարձի հարցն է…»։

Մեկ այլ ՀՀԿ-ական գործիչ՝ Գագիկ Մինասյանն անցյալ շաբաթ անդրադարձել էր իշխանական ճամբարից հնչող այն հարցադրումներին, թե ընդդիմությունը չի հայտարարում՝ արդյոք իշխանության հավակնելով ինքը հրաժարվելու է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: «Իսկ այն, ինչ տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, հենց այդ չարաբաստիկ հայտարարության ոգո՞վ է տեղի ունեցել: Ոչ: Եվ եթե այսօր մեզ հաջողվի՝ այն ամենն, ինչ իրենք արել են նոյեմբերի 9-ից հետո, բերել նոյեմբերի 9-ի կարգավիճակի, դա շատ մարդկանց համար կլինի ապրելու մղում, հույսի մղում, տնտեսական, կոմունիկացիոն հզորությունների հնարավորություն»,- նշել էր նա՝ հավելելով, որ նման հարցադրումներով գործող իշխանության ներկայացուցիչները նաեւ արձանագրում են, որ այս ամբողջ ավերածությունների, զոհերի, մարդկային ճակատագրերի խեղումների, մեր պետականության սուբյեկտայնության վերացման մեղավորը հենց իրենք են՝ հիշեցնելով, որ այդ հայտարարության մեջ հստակ գրված էր, որ ոչ մի գերի եւ այլ պահվող անձինք չպետք է լինեն, բայց մեր տղաները 1,5 տարի է՝ դեռ ադրբեջանական բանտերում են: Գագիկ Մինասյանը նաեւ հիշեցրել էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն անգամ՝ ազատագրված որոշ տարածքներ պետք է հայկական կողմին մնային, բայց ոչ միայն դրանք անցան Ադրբեջանին, այլ նաեւ Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածը, ադրբեջանցիները 41 կիլոմետր մտել են ՀՀ ինքնիշխան տարածք:

Արցախում ՌԴ խաղաղապահների վերահսկողության գոտում Ադրբեջանի կողմից սադրանքներին ի պատասխան՝ հնչեցված քննադատությունները տեղին են: Բայց ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունների դեպքում ՀՀ իշխանությունը իրավունք չունի քննադատի այլոց, եթե չի պաշտպանում սեփական երկրի տարածքային ամբողջականությունը: Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ-ից պետք է հասնել նրան, որպեսզի հնչի հայտարարություն մեր երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ: Եթե իշխանությունը ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ հնչեցված քննադատություններին ի պատասխան՝ այլոց է մեղադրում, ուրեմն, կամ նման աշխատանք իր կողմից չի տարվել, կամ տարվել է, բայց չի հաջողվել:

Հայաստանի գործող իշխանությունները նման քննադատություններին պարտավոր են պատասխանել, պարզաբանել, այս առումով ընդդիմության քննադատությունները լիովին արդարացված են: Մինչդեռ իշխանության ներկայացուցիչների կողմից շարունակ՝ «նախկիններն էլ սրա շուրջ են բանակցել» մտքերն արդեն բավական զավեշտալի են, որովհետեւ այդ տրամաբանության մեջ կարելի է առհասարակ չաշխատել, միեւնույն է՝ ցանկացած քննադատության հիմքում կարելի է անցյալի հետ կապված թելեր գտնել եւ մի «ջախջախիչ» պատասխան հնչեցնել:

Ի վերջո, պետություն ղեկավարելը՝ լեզվակռվի «մարզաձեւում» առաջնությունը հաղթելու տաղանդ դրսեւորելը չի:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 21.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930