Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Հայաստանում հնարավոր չէ արդիականացում

Հունիս 22,2022 13:30

Պատճառները, ինչպես միշտ, քաղաքական են

Բրիտանական խորհրդարանի վերին՝ լորդերի պալատում կա մի ավանդույթ, որը գործում է դեռեւս 14-րդ դարից: Այդ պալատի խոսնակը նստած է ոչխարի բրդի պարկի վրա: Ըստ որոշ մեկնաբանությունների՝ դա խորհրդանշում է ժամանակին այդ կայսրության արտահանման գլխավոր ապրանքը: Բայց իմաստն, իմ կարծիքով, ավելի ընդհանրական է՝ հարգանք սեփականության հանդեպ:

Ճանապարհը, որով պետք է շարժվի Հայաստանը, իմ խորին համոզմամբ, ժողովրդավարությունն է: Ի տարբերություն իշխանության արեւմտամետ կողմնակիցների՝ ես կարծում եմ, որ մեր երկիրն այդ ճանապարհով չի գնում, այլ շարունակում է ավտորիտարիզմի այն ուղին, որով մենք շարժվում էինք վերջին 30 տարիների ընթացքում: Բայց ես ընդունում եմ, որ կան ոչ ժողովրդավարական երկրներ, որոնք հաջողությամբ անցկացրել են տնտեսական բարեփոխումները, եւ հիմա այդ տեսանկյունից լավ դիրքերում են:

Առաջին օրինակը, որ նման դեպքերում անցնում է մարդկանց մտքով, իհարկե, Չինաստանն է: Կա եւս մի համեմատաբար հաջող օրինակ՝ Մեքսիկան, որտեղ իշխող կուսակցությունը՝ PRI-ն (հայերեն դա թարգմանվում է որպես ինստիտուցիոնալ- հեղափոխական կուսակցություն) բարեհաջող կերպով անցկացրեց, այսպես կոչված, «ավտորիտար արդիականացումը»:

Հնարավո՞ր է նման բան անել Հայաստանի կամ Ռուսաստանի նման երկրներում: Ինձ թվում է՝ հնարավոր չէ: «Մեր տունը Ռուսաստանն է», «Միասնական Ռուսաստանը», ՀՀԿ-ն կամ «Քաղաքացիական պայմանագիրը» այնպիսի կուսակցություններ չեն, որոնք կարող էին կամ կարող են «տնտեսական հեղափոխություն» իրականացնել: Այդ դեպքերում վարչական ապարատը եւ երկրների քաղաքական ղեկավարությունն ամենեւին շահագրգռված չեն, որ կուսակցությունները (այդ թվում՝ իշխող կուսակցությունը) դառնան ազդեցիկ քաղաքական ինստիտուտ:

Այստեղ պետք է եւս մեկ անգամ հիշել ավտորիտարիզմի երեք տեսակների՝ կուսակցական, ռազմական եւ անձնական ավտորիտարիզմի տարբերության մասին: Երբ իշխանությունը մեկ անձի ձեռքում է, նրա կուսակցությունը որեւէ ազդեցություն չունի քաղաքական եւ տնտեսական կյանքի վրա` առավելագույնն, ինչ կարող են անել այդ կուսակցության անդամները, փառաբանել իրենց լիդերին եւ հարձակվել նրա ընդդիմախոսների վրա: Այդ պարագայում իշխող կուսակցությունը բարեփոխական որեւէ ներուժ չունի. զուտ ձեւական, լավագույն դեպքում` ժողովրդավարական «ֆասադն» ապահովող տարրերից մեկն է: Եթե, իհարկե, «ձեւեր թափելու» կարիք կա, ինչպես որ դա Հայաստանի դեպքում է:

Եվ այստեղ է, որ ի հայտ է գալիս սեփականության անձեռնմխելիության խնդիրը: Անկախ նրանից, ռեժիմն ավտորիտար է, թե ժողովրդավարական, տնտեսական առաջընթացի կարելի է հասնել միայն այն պարագայում, երբ չկա «իշխանություն-սեփականություն» միաձուլումը: Այդ առումով Հայաստանը եղել եւ մնում է նման միաձուլման «փայլուն» օրինակ: Իշխանավորների մերձավոր բարեկամների մոտ մշտապես արթնանում են գործարար տաղանդները, նրանց ընկերությունները, որպես կանոն, ներկայացնում են մրցույթային լավագույն առաջարկները: Ավիացիան սովորաբար հանձնվում է իշխանությանը մոտ կանգնած գործարարներին: Եթե գործարարը պահանջում է վարչապետի հրաժարականը, իրավապահները «պարզում են», որ նա հարկերը լավ չի մուծում, իսկ եթե չի պահանջում, նա դառնում է բարեխիղճ հարկատու: Նախորդ իշխանության ժամանակ գործարարը հարգված սեփականատեր է, ներկա իշխանության օրոք՝ հետախուզվող հանցագործ եւ հակառակը: Չշարունակեմ թվարկումը՝ ցանկացած չնախապաշարված մարդ կհաստատի, որ այդպիսին է Հայաստանի տնտեսական կյանքը վերջին երեք տասնամյակներում:

Այդ բոլոր օրինակները խոսում են այն մասին, որ սեփականությունը Հայաստանում պաշտպանված չէ՝ այն քաղաքական այս կամ այն վայրիվերումների ժամանակ կարող է փոշիանալ, վերաբաշխվել, գործարարը կարող քաղաքական գործոնների ազդեցության տակ սնանկանալ: Իսկ այդ իրավիճակում 21-րդ դարում արդիականացում անցկացնելն անհնարին է:

…Նախորդ իշխանության տարիներին ես ուղիղ հարցրեցի հայտնի գործարարներից մեկին՝ «դուք գիտե՞ք, որ իշխանափոխությունից հետո ձեր դեմ գործեր են հարուցվելու»: (Այդ ժամանակ հետապնդում էին Խաչատուր Սուքիասյանին՝ այն բանի համար, որ նա սատարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին): Գործարարն ինձ պատասխանեց՝ «իմ դեմ չեն կարող գործ սարքել, ես ոչ մի անօրինական բան չեմ անում, Պեպոյի նման իմ բարաթն ամբողջ աշխարհին ցույց եմ տալու»: Տեղի ունեցավ իշխանափոխություն, եւ պարզվեց, որ ոչ մի «բարաթ» չի օգնում:

Աարամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.06.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Ժողովրդավարությունը նախանձող աղքատների իշխանություն է»,
    «Ավելորդ ժողովրդավարությունը հանգեցնում է բռնությանը»:
    Պլատոն
    «Ժողովրդավարությունը մեծամասնություն կազմող աղքատ քաղաքացիների կառավարում է՝ որոնք ցանկանում են բավարարել իրենց անձնական շահերը», «նմանատիպ կառավարման ձևը հանգեցնում է ժողովրդավարության, քաղաքականության կատարյալ ձևի խեղաթյուրմանը»:
    Արիստոտել

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930