Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը ևս դժգոհեց․ Գյումրու քաղաքապետը խոստացավ մոտ օրերս երթուղի հանել նոր միկրոավտոբուսները

Հունիս 21,2022 23:15

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր Գյումրու քաղաքապետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին հարցրեց, թե ի՞նչն է պատճառը, որ համայնքապետարանի ու կառավարության համաֆինանսավորմամբ ձեռք բերված 63 նոր միկրոավտոբուսները չեն շահագործվում։

«Հարցս վերաբերում է տրանսպորտային պարկին․ այս ծրագիրը, որը շուրջ 900 միլիոն դրամ է, բավական մեծ ռեսուրս պետական բյուջեից է գնացել՝ կառավարության միջոցներով շուրջ կես միլիարդ դրամ, և համայնքն էլ մեծ ներդրում է ունեցել, մեր քաղաքացիներն արդյունքը չեն տեսնում։

Եվ ես այս առումով որպես մարզպետ՝ ունեմ բավականին խիստ դժգոհություն, որովհետև մոտ մեկ տարի ձգձգվում է աշխատանքը, կուզենամ հասկանալ, թե ինչով է հիմնավորվում այն հանգամանքը, որ միկրոավտոբուսները ձեռք են բերվել, բայց չեն շահագործվում։ Եթե շահագործման հետ կապված խնդիրներ կան, արձանագրենք, եթե պետք է պետության աջակցությունն այս մասով, դիտարկենք, թե ինչպիսի ընթացակարգ է սպասվում, ի վերջո այս հարցը հետաքրքրում է և՛ մեր լրագրողներին, և՛ քաղաքացիներին»,-ասաց մարզպետը։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ պատասխանեց, որ իրենց համար էլ է կարևոր, որ քաղաքացիները օր առաջ երթևեկեն նոր տրանսպորտով։ Ըստ նրա, ավտոբուսային պարկի շինաշխատանքները ձմռանը ձգձգվեցին, այնուհետ սարքավորումների ձեռք բերումը ձգձգվեց։

«Ես առաջարկել եմ, որ չսպասենք բոլոր միկրոավտոբուսները դուրս գան երթուղի, այլ գծով թող դուրս գան, մի գիծը դուրս գա, հետո հաջորդը, կարողանանք էդ միջոցով բնակիչներին տեղափոխենք նոր տրանսպորտով»,-ասաց քաղաքապետը։

Նա խոստացավ շատ շուտով՝ մոտ օրերս, դուրս հանել երթուղի նոր միկրոավտոբուսները։ Ըստ քաղաքապետի, ավտոբուսային պարկի շինարարությունն ավարտվել է։

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն էլ ասաց, որ քննարկել են այս հարցը քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի հետ, եկել են այն եզրահանգման, որ ժամանակավորապես թույլատրեն որևէ ՓԲԸ-ի երթուղին շահագործելու, մինչ նոր մրցույթներ անցկացնեն։

Նազելի Բաղդասարյանը նշեց, որ կառավարության 2023 թվականի սուբվենցիոն հայտերը կընդունվեն այս տարվա հուլիսից, նա ասաց՝ միգուցե համայնքը դիմի 63 միկրոավտոբուսներն ավելացնելու համար, քանի որ այդ քանակը բավարար չէ Գյումրի քաղաքին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930