Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի նախաձեռնությամբ այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ քննարկում՝ Գյումրիին առնչվող մի շարք կարևոր հարցերի շուրջ։
Դրանք վերաբերում էին ինչպես սուբվենցիոն ծրագրերի թերացումներին ու ձգձգումներին, այնպես էլ Գյումրու քաղաքային նախկին իշխանությունների կողմից զբոսայգիներում ապօրինի շինարարություն ծավալելուն։
Շիրակի մարզպետն անդրադարձավ նաև նոր միկրոավտոբուսների շահագործման ձգձգմանը՝ հստակ ժամկետ պահանջելով քաղաքային իշխանություններից։
Նա նշեց, որ այս տարի պետական բյուջեով 14 միլիարդ դրամի ծրագիր է նախատեսվում իրականացնել Գյումրի քաղաքում։
Կարդացեք նաև
Մարզպետը, որն այսօր ողջ օրվա ընթացում շրջայց էր կատարել Գյումրու տարբեր թաղերում ու կառույցներում, նախ անդրադարձավ Մուշ թաղամասի հրապարակի շինարարության ձգձգմանը։ Այն իրականացվում է կառավարության համաֆինանսավորմամբ, շինարարությունը սկսվել էր 2018 թվականին, սակայն անբարեխիղճ շինարարի պատճառով դեռ ավարտին չի հասել։
Շիրակի մարզպետը հույս հայտնեց, որ մեխանիզմներ կներդրվեն ու անբարեխիղճ շինարարները սև ցուցակում կհայտնվեն՝ հնարավորություն չունենալով մրցույթների մասնակցելու։
Նա Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին նախազգուշացրեց, որ այդ շինարարական ընկերությունը փոխել է իր անվանումը և շարունակում է այլ մրցույթների մասնակցել։
Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ նաև Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում կիրակի օրը կազմակերպված ավտոմեքենաների ցուցադրական ելույթին՝ ասելով, որ տեղը հարմար ընտրված չէր։
«Պարոն քաղաքապետ, վերջերս կազմակերպված ավտոմրցույթը, մասնագետ չեմ, թող մասնագետները հավաստեն՝ արդյոք վնասե՞լ է ասֆալտապատ տարածքը, ավարտական ակտ չունենք, և մարզպետարանը չի ընդունել, որովհետև թերացումներ կան, շինարարի վրա է մնում։
Այնուամենայնիվ այս խնդրին անդրադառնալով՝ կուզենամ, որ ավելի հետևողական լինենք և կենտրոնական հրապարակին հարիր միջոցառումներ մատուցենք։ Իհարկե, շատ ողջունելի է, քաղաք է, լավ է , որ զբոսաշրջությանն ենք նպաստում, դիտարժան էր, քաղաքացիների կողմից լավ ողջունվեց, բայց կարելի էր քաղաքի այլ մաս տեղափոխել։
Ես չեմ պատկերացնում, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում կամ Սանկտ Պետերբուրգում մենք ունենայինք նման բան։ Խնդրում եմ սա ընդունեք որպես նկատառում»,-ասաց մարզպետը։
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ի պատասխան նշեց, որ նման ավտոմրցույթներ տեղի են ունեցել Երևանում, Ստեփանակերտում։
«Դա առիթ է հանդիսանալու, որպեսզի տեսենք շինարարի արած ասֆալտը որակո՞վ է, թե՞ անորակ է», -հակադարձեց քաղաքապետը։
«Ընդունեցի, բայց ոչ կենտրոնական հրապարակում, կարելի է ծայրամասեր տանել»,- եզրափակեց Նազելի Բաղդասարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ