Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ հայ պատվիրակներ քննադատեցին ԵԽԽՎ-ին, ադրբեջանցիները՝ հայերին․ զարգացումներ՝ ԵԽԽՎ-ում

Հունիս 21,2022 19:55

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան ոչ միայն ուղղակի և իրական սպառնալիք է մայրցամաքում խաղաղության և կայունության համար, այլև լրջորեն վնասել է 73 տարի առաջ ստեղծված բազմակողմ համագործակցության մեխանիզմներին»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսը` «Եվրոպայում անվտանգային մարտահրավերները․Եվրոպայի խորհրդի դերակատարությունը» թեմայով քննարկման ժամանակ։

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչն էլ մտահոգություն հայտնեց․ «Պոպուլիստական ​​և ազգայնական ծայրահեղականության աճը ուղղակի սպառնալիք է մեր արժեքների, բազմակողմանիության և ժողովրդավարական անվտանգության համար: Դրա ամենացայտուն օրինակը Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ իրականացված դաժան ագրեսիան է»։

ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը քննադատական ելույթներ ունեցան՝ ուղղված ՌԴ-ին։ Իսկ ադրբեջանցի պատվիրակները, կրկին հարթակն օգտագործելով, ցեխ շպրտեցին հայ պատվիրակների վրա։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն էլ իր վրդովմունքը հայտնեց, որ ԵԽԽՎ-ն հաճախ մեծ ջանքեր է գործադրում անդամ երկրներում մահապատիժը վերացնելու համար, բայց աչք է փակում այն բանի վրա, թե ինչպես է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը նոր մահաբեր զենքեր ստեղծում, և դրանք ազատորեն վաճառվում են շուկայում: Այնուհետև հայտարարեց․ «Ես երբեք չեմ լսել որևէ հետաքննության կամ փաստահավաք առաքելությունների մասին՝ բացահայտելու, թե ինչպես են որոշ անդամ երկրներ օգտագործում արգելված զինատեսակներ, ինչպիսիք են, օրինակ, սպիտակ ֆոսֆորով ռումբերը»։

Համեմատելով Եվրոպական խորհրդարանի և ԵԽԽՎ-ի աշխատանքը՝ նա հայտարարեց․ «Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է Եվրախորհրդարանը խոսել արժեքների և մարդու իրավունքների լեզվով՝ ընդունելով համապատասխան բանաձևեր, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, մինչդեռ Եվրոպայի խորհուրդը և նրա մարմինները, ներառյալ այս Վեհաժողովը, թաքնվել են քաղաքական կոռեկտության հետևում և չեն կարողանում իրերն իրենց անունով կոչել»։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, փաստեց․ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առաջացել է՝ որպես մարդու իրավունքների խնդիր։ Այն այս փուլում դեռևս դիտարկվում է մարդու իրավունքների խնդիր, որը մի կողմից բանակցվում է ժողովրդավարության ճանապարհով գնացող հասարակության կողմից, որը բաց է, որտեղ շատ դժվար է թելադրել կեղծ օրակարգեր, որտեղ բոլոր հարցերը. քննարկվում են հարաբերականորեն, իսկ մյուս կողմից՝ ավտորիտար ռեժիմի կողմից՝ մի համակարգ, որտեղ շատ հեշտ է մոլորեցնել հասարակությանը, կեղծ օրակարգեր պարտադրել, գերագնահատել արտաքին սպառնալիքը»։

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները, թեև թեման ընդհանրապես կապ չուներ, սկսեցին իրենց ելույթներում քննադատել հայ գործընկերներին՝ իբր նրանք ներկայացնում են իրականությունը կեղծված։ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը հայտարարեց․ «Ցավոք, երեկվանից սկսած մեր հայ գործընկերներն ամեն ինչ գլխիվայր են ներկայացնում։ Նրանք տարածաշրջանում իրավիճակը լիովին այլ կերպ են ներկայացնում։

Իմ խորհուրդն է հայ գործընկերներին՝ ուղղակի գտնել քաջություն ու նստել ադրբեջանցի գործընկերների կողքին ու միայն մտածել խաղաղության մասին, ոչ թե ԵԽ-ին մոլորեցնելու փորձերի մասին, լրջորեն խոսել տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի տնտեսական զարգացման մասին։ Եվ դրանով ամեն ինչ անեն, որպեսզի բացվեն հաղորդակցությունները։ Խորհուրդ եմ տալիս հայ գործընկերներին սահմանազատել և սահմանագծել սահմանները, ընդունել այն նոր իրողությունները, որոնք ստեղծվել են օկուպացված տարածքների ազատագրումից հետո, լրջորեն վերաբերվել իրենց ազգի ապագային և չմոլորեցնեն միջազգային կազմակերպություններին, չստեղծեն ավելի անապահով իրավիճակ տարածաշրջանում մասին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930