Լրահոս
Օրվա լրահոսը

Տարվա բժիշկ՝ ընդամենը 400 հազար դրամով

Հունիս 21,2022 19:10

«Բժիշկներին պետք է գնահատել ոչ միայն մարտահրավերների ժամանակ, եւ իհարկե, շատերն են շնորհակալ լինում բժշկի աշխատանքի համար, սակայն բժշկի նկատմամբ բռնության դրվագներ էլ են լինում՝ շտապօգնության բժիշկներին հարվածել կամ ծեծել են։ Եվ եթե մեր բնակչության թիվը հաշվի առնենք, ապա  կարելի է համարել, որ նման դեպքերը շատ են»,-այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդհանուր հարցերով փոխտնօրեն Ավետիս Ավետիսյանը։

Այսօր բուժաշխատողի օրն է, եւ ասուլիսի բանախոսները պատմեցին իրենց մասնագիտության մասին։

Ավետիս Ավետիսյանի կարծիքով՝ այս մասնագիտությունում ռոմանտիզմ այնքան էլ չկա, պատահում է, որ բուժանձնակազմը հուսահատված է լինում, մեկ էլ հանկարծ հրաշք է տեղի ունենում եւ բուժառուն ապաքինվում է․«Բայց բժիշկն ամեն ինչ չէ, որ կարողանում է անել, կամ բժիշկն ու հիվանդանոցն ամեն ինչ անում են, սակայն հիվանդը չի փրկվում»,-ասաց Ավետիսյանը եւ խնդրեց քաղաքացիներին հույզերին չտրվել ու չվիրավորել բժիշկներին, երբ հարազատը չի փրկվում։ Նա նաեւ բժիշկներին հորդորեց վատ լուրը ճիշտ մատուցել հարազատներին, բարեհամբույր խոսել, քանի որ առանց այդ էլ խոցելի մարդիկ վիրավորվում են, երբ այդ վատ լուրը սխալ ձեւով է մատուցվում։

Ավետիսյանը պատմելով կորոնավիրուսի համավարակի բռնկման շրջանի մասին, նկատեց՝ դա հնարավորությունն էր գնահատել առողջապահական համակարգի պատրաստվածությունը եւ բուժհաստատության հնարավորություններն՝ արագ արձագանքելու տեսակետից․«Համակարգն առավելագույնն արեց, որպեսզի հաղթահարի խնդիրները։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն 32 հազար բուժառուների բուժօգնություն է ցուցաբերել։ Ցավոք, մահեր էլ են եղել, բայց բուժաշխատողը եւս մահացել է այդ դեպքի հետ, որովհետեւ ավելին հնարավոր չէր անել, որովհետեւ չունեինք ուղեցույցներ, ամեն ինչ անակնկալ էր, սցենարները պարզ չէին։ Մեր բուժկենտրոնի թիմը մեծ ընտանիք դարձավ, իսկ մեծ կոլեկտիվներում նման բանը դժվար է, բուժաշխատողներն ամիսներով չէին կարողանում գնալ տուն ու ահը սրտում սպասում էին, որ գուցե իր հարազատին բերեն շտապօգնության մեքենայով»։

Բժշկի խոսքով՝ քովիդի այդ շրջանը դաս էր, որպեսզի երկարաժամկետ ծրագրեր իրականացվեն, քանի որ աշխարհն առաջվանը չէ, եւ ցանկացած պահի համավարակներ կարող են լինել։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Կարդիոմեդ» ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն Սամվել Հայրումյանն էլ պատմեց 44-օրյա պատերազմի օրերին իրենց ԲԿ-ի աշխատանքի մասին, հիշեց, որ այդ շրջանում նաեւ քովիդի համաճարակի նոր ու ծանր ալիք էր, հիվանդանոցները գերծանրաբեռնված էին աշխատում եւ ավելի շատ վիրավորների էին ընդունում․ «Այդ ժամանակ բուժառուները ըմբռնումով էին մոտենում, նույնիսկ քովիդով ծանր հիվանդներին, երբ ասում էինք՝ տեղ չկա, քանի որ վիրավորներին ենք ընդունում, շատ հեշտ համակերպվում էին։ Պատահել է, որ մեր բժիշկները 37,5 ջերմությամբ գալիս էին աշխատանքի, գիշեր ու ցերեկ աշխատելով, միմյանց աջակցելով աշխատում էինք»։

Հայրումյանի խոսքով՝ բուժառուի երախտիքի խոսքն ամեն ինչից թանկ է, եւ նման խոսքերը բժիշկներին թեւեր են տալիս․ «Երբեմն նաեւ կոպիտ են խոսում, ստիպված փորձում ենք համակերպվել, լուռ տանել, բայց մենք էլ նյարդեր ունենք, որոնք տարիների ընթացքում հյուծվում եւ մեր առողջության վրա ազդում։ Պետք չէ բժշկին կոպտել»։

Անդրադառնալով առողջապահական համակարգի մասնագետների մրցանակաբաշխությանը, բանախոսներն ասացին, որ դրանք հիմա այնքան շատ են, որ արժեզրկում են բժշկի իրական գնահատանքը։

Ավետիս Ավետիսյանն ասաց, որ նախկինում այդ մրցանակաբաշխությունները մեկ- երկուսն էին, շատերը նույնիսկ ոգեւորվում էին․ «Բայց այսօր ամեն քայլափոխի ի հայտ են գալիս նոր կազմակերպություններ, որոնք կոմերցիոն հիմքով բուժաշխատողին տարվա մասնագետ են շնորհում։ Առողջապահության համակարգն այն տեղը չէ, որ այնպես գործեն։ Պետք է ավելի արդար, մրցակցային ու հստակ չափանիշներով տրվեն այդ պարգեւները։ Անթույլատրելի է մեկ- երկու տարվա աշխատանքային փորձով բժիշկին նույն հարթակի վրա դնել մեծ ճանապարհ ու վաստակ ունեցող բժշկի հետ։ Խրախուսելիս էլ դեղաչափը պետք է չափավոր նշանակել»։

Սամվել Հայրումյանն էլ պատմեց, որ իրեն էլ առաջարկել են մասնակցել նման մրցանակաբաշխության, բայց՝ գումարով։

«Ինձ երկու անգամ դիմել են։ Սկզբում ասում են՝ ձեր մասին հարցումներ ենք արել, ձեր մասին լավ կարծիքներ կան, ուզում ենք ձեզ ներկայացնել որպես տարվա լավագույն բժիշկ։ Կամ ասում են՝ ձեր կազմակերպությունը ներկայացնենք տարվա բուժհաստատություն, բայց պետք է վճարեք ընդամենը 400 հազար դրամ, դա ծախսերի համար է։ Ես սկզբունքորեն դեմ եմ դրան, եթե ես վճարեմ, լավ հիմնարկ եմ, եթե չվճարեմ՝ վա՞տն եմ։ Նման մրցանակաբաշխությունները պետք է լիցենզավորված կազմակերպությունն անի կամ նախարարությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930