Միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը Aravot.am-ի հետ զրույցում ուրախություն էր հայտնել, որ Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարին մասնակցում էին Հայաստանի լավագույն շախմատիստներից շատերը: «Հուշամրցաշարին մասնակցեցին նաեւ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականի որոշ անդամներ՝ Հրանտ Մելքումյանը, Լիլիթ Մկրտչյանը, Հայաստանի չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը: Դա այսօր շատ կարեւոր է, որպեսզի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիան եւ հենց իրենք պատկերացում ունենան, թե ինչ մարզավիճակում են գտնվում:
Հուլիսի վերջին Հնդկաստանում մեկնարկելու է շախմատի համաշխարհային օլիմպիադան, որտեղ վերջին տարիներին առաջին անգամ մեր տղամարդկանց ընտրանին խաղալու է առանց հիմնական առաջատարի՝ Լեւոն Արոնյանի: Նա տեղափոխվել է ԱՄՆ շախմատի ֆեդերացիա եւ համաշխարհային օլիմպիադայում ներկայացնելու է Միացյալ Նահանգները: Այս պայմաններում հավաքականի համար շատ կարեւոր է, որ տղաները գտնվեն լավ մարզավիճակում՝ հնարավորինս լավ արդյունք ցույց տալու համար»,- ասաց մասնագետը:
Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ տղամարդկանց հավաքականի հիմնական անդամներից Հրանտ Մելքումյանը բավական երկար ժամանակ ասպարեզում չէր երեւում եւ նրա մարզավիճակը բավարա՞ր է մեր ընտրանու կազմում հանդես գալու համաշխարհային օլիմպիադայում, Աշոտ Վարդապետյանը պատասխանեց. «Այնպես էր ստացվել, որ երբ սկսվեց COVID-19-ի համավարակը, Հրանտ Մելքումյանը գտնվում էր Ավստրալիայում: Այդ ընթացքում Ավստրալիան «փակվեց» աշխարհի համար: Այսինքն, եթե դուրս էիր գալիս երկրից, էլ չէիր կարողանում վերադառնալ, իսկ եկածները չէին կարողանում դուրս գալ: Այս առիթով մի հետաքրքիր պատմություն կա: Վերջերս Ավստրալիայում դիմավորեցին մի նավ, որը սահմանափակումների պատճառով 1,5 տարի չէր կարողանում վերադառնալ հայրենիք:
Հրանտը Ավստրալիայից չէր կարողանում դուրս գալ, իսկ այնտեղ մի կողմից այնքան շատ չեն նորմալ մակարդակի մրցաշարերը, մյուս կողմից էլ պանդեմիայի պայմաններում սահմանափակումներ էին դրվել մրցաշարեր կազմակերպելու վրա: Արդյունքում, Հրանտ Մելքումյանը երկու տարում մասնակցել էր ընդամենը մեկ միջազգային մրցաշարի, այն էլ՝ Ավստրալիայում:
Կարդացեք նաև
Իհարկե, կար մտավախություն, որ պրակտիկայի այդ պակասը կարող է նրան խանգարել՝ ցույց տալու իր լավագույն մակարդակը: Ավստրալիայի սահմանները բացվելուն պես գրոսմայստերն անմիջապես եկել է Հայաստան եւ մասնակցել Կարեն Ասրյանի հուշամրցաշարին: Պետք է ասել, որ նրա խաղամակարդակը մնացել է բավականին բարձր, սակայն պրակտիկայի պակասը այնուամենայնիվ զգացնել տալիս է: Այդուհանդերձ, Հայաստանի շախմատի ֆեդերացիան հավաքականի անդամների, մարզիչների մասնակցությամբ քննարկել է այդ հարցը եւ եզրակացություն է կայացվել, որ Հրանտ Մելքումյանը համապատասխանում է ազգային հավաքականի պահանջներին: Մինչեւ օլիմպիադա, դեռ երկու ամիս կա: Եվ մենք հույս ունենք, որ նա կաշխատի իր վրա, կխաղա միջազգային մրցաշարերում ու կհասցնի անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ