«Երկրի, պետականության դեֆորմացիայի հերթական օրինակն է դա։ Այն իրավական հարթության մեջ պայքարի կարեւոր գործիքներից կդառնա։ Որքան էլ ապրենք իրավական «բեսպրեդելում»՝ կան իրողություններ, որոնց վրա աչք փակել հնարավոր չի։ Եթե ոչ այսօր, ապա վաղը սա ծառայելու է՝ այս խունտային իրավական գնահատականի արժանացնելու համար»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությանը՝ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Հիշեցնենք՝ ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել եւ հայտարարել, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն իրեն հորդորել է հրաժարական տալ, իսկ հրաժարականը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դավիթ Ջամալյանը նշեց․ «Այդ ձայնագրությունն այս խունտայի դատավճռի կարեւոր բաղադրիչներից պետք է լինի։ Դրանում տարօրինակ բան չկար, սպասելի էր։ Այս խունտան այդպիսինն է, սա նրա դեմքն է։ Պետության իրավական կառույցն ապամոնտաժել են, վաղուց իրավական պետություն չենք, դա իրավական դեֆորմացիայի ապացույցն էր։ Հեռու եմ պատրանքից, որ այս իշխանության օրոք Ջհանգիրյանը պատասխանատվության կենթարկվի։ Իհարկե, նրան կարող են նաեւ «զոհել», սրանք իրար ատող եւ իրար հանդեպ թույն շնչող մարդկանց միավորում են։ Բայց մեկը մյուսին արժեն»։
Ինչ վերաբերում է Արագածոտնի մարզում հնչած կրակոցներին, Դավիթ Ջամալյանը նշեց․ «Գործընթացներն ի վնաս իշխանության են։ Նման կերպ գործող, արդեն ահաբեկող իշխանությունը երկար հնարավոր չի մնա։ Սա հակառակ արդյունքն է տալու։ Շատ ապարանցի ծանոթներ ու ընկերներ ունեմ, եւ շատ լավ գիտեմ այդ տեսակը․ մարսելո՞ւ են։ Իհարկե, չէի ուզի քաղաքացիական բախումներ տեսնել։ Կասկած չունեմ, որ եթե Նիկոլի ցանկությանը մնա, ապա արյան գետերը, միեւնույնն է, կհոսեն։ Մարտի մեկ ենք տեսել, պատերազմ ենք տեսել, զոհված հերոսների մասին «+ – 50» արտահայտություն ենք լսել․․․իրեն մնա՝ ինքը կանի, այլ է խնդիրը, որ երբ երկրի ներսում հիմքերդ երերում են, այդ համատեքստում դժվար չէ արյունարբու բնազդներին փորձել հագուրդ տալ։ Ինքնապահպանման մղում կա։ Բայց սա ի վնաս իրենց է։ Քաղաքական խմբակի այս կերպարը թաղվում է։ Իրենք ապալեգիտիմացել են ամբողջապես՝ ոչ միայն իրավական, այլեւ բարոյական առումով»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում ողբերգական ավարտով միջադեպ է եղել․ զոհվել է երեք անձ, կան վիրավորներ։ Թեեւ իշխանական շրջանակները պնդում են, թե միջադեպը կապ չունի Նիկոլ Փաշինյանին հայհոյելու հետ, մամուլն ու ընդդիմադիրները հակառակում են համոզված, որ Փաշինյանի կողմնակիցներն են հրազենով հաշվեհարդար տեսել վարչապետին հայհոյած երիտասարդների հետ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ