«Արցախում եւ ՀՀ սահմաններին այլեւս իրավունք չունենք որեւէ թիզ հող կորցնելու։ Աղավնոյի գյուղապետին ճանաչում եմ՝ նվիրյալ մարդ է։ Նրան կոտրել հնարավոր չի։ Այդ մարդիկ եկել են Սիրիայից, մասնակցել 2016թ․-ի մարտական գործողություններին։ Հողից կառչած հայ բնակչություն լինելը շատ կարեւոր ռեսուրս է։ Իսկ Ադրբեջանը բազմիցս խախտել է նոյեմբերի իննի պայմանավորվածությունը, ըստ որի՝ Բերձորը պետք է դատարկվի նոր ճանապարհի կառուցումից հետո միայն։ Եթե այստեղ լինեն պետականակենտրոն ուժեր, կարծում եմ, այդ հարցը չի էլ բարձրանա»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով տեղեկություններին, որ հուլիսին ՀՀ իշխանությունը պատրաստվում է Ադրբեջանի վերահսկողությանը թողնել Բերձորն ու հարակից գյուղերը՝ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Նա նշեց․ «Իսկ եթե ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի, եւ այս իշխանությունն այստեղ լինի, Ադրբեջանն էլ նման հարց դնի, ապա Արցախի սուբյեկտայնության հարցը պետք է առաջին պլան մղել։ Արցախը պետք է իր հատուկ խոսքն ասի՝ մենք այլեւս զիջելու հող չունենք։ Հասկանում եմ, որ բարդ հարց է, բայց նաեւ զգում եմ, որ պայքարելու վճռականություն կա։ Մենք ունենք դաշնակիցներ, եւ նման հեռանկարը՝ Բերձորի կորուստը, ձեռք չի տա ՌԴ-ին։ Բերձորն ու Աղավնոն կորցնելու իրավունք չունենք»։
Դավիթ Ջամալյանը շեշտեց՝ քանի որ Ադրբեջանը քանիցս խախտել է նոյեմբերի իննի պայմանավորվածությունները, ապա ՀՀ եւ Արցախի իշխանությունները ձեռքի տակ ունենում են պաշտպանվելու ցանկացած գործիքակազմ, բայց ոչ գործող ՀՀ իշխանության պարագայում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ