Հունիսի 19-ին Ապարանում ճանապարհ չզիջելու համար երիտասարդների վեճին հաջորդած կրակոցների արդյունքում մահացած 28 ամյա Տիգրան Հարությունյանը Գնթունիքի մենեջերն էր, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի հորեղբոր թոռը: ՀՀ ոստիկանապետի որոշմամբ՝ այսօր Ապարանի ոստիկանապետի պաշտոնից ազատված Աշոտ Հայրապետյանը (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ Տիգրան Հարությունյանից բացի՝ վեճի մասնակիցների մեջ պաշտոնատար անձի հարազատ չի եղել:
«Չեմ ազատվել աշխատանքից, անցել եմ կադրերի ռեզերվ: Նիգավանում տեղի ունեցած միջադեպը ընդհանրապես կապ չունի իմ՝ աշխատանքից ազատվելու հետ: Ես եմ ցանկացել անցնել կադրերի ռեզերվ, որովհետեւ առողջական խնդիր ունեմ: Դա կբուժեմ, նորից կվերադառնամ»,- ասաց նախկին ոստիկանապետը:
Նա ասաց, որ Նիգավանում տեղի ունեցած զինված միջադեպն ամբողջությամբ բացահայտված է. «Տեղի ունեցածը քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի, ինչ խոսում էին՝ իրականությանը չի համապատասխանում: Սուտ լուրեր է, որ տարածեցին: Երիտասարդներ են, որ իրար չեն հասկացել, միջադեպը եղել է: Չի կարելի ամեն մի միջադեպ քաղաքականացնել ու սարքել մատի փաթաթան… Վեճի մասնակիցների մեջ կան, որ ընկերներ են, կան, որ իրար չեն ճանաչել: Նրանց միջեւ այնպիսի խոսակցություն է եղել, որ ընդհանրապես պետք չէր, որ այդ մակարդակի հասներ: Չհասկանալով՝ եղել է: Ոչ մի բան չի եղել մեջները, ընդամենը խոսակցության մեջ, մեքենայից սիգնալ են տվել, իրար չեն հասկացել, նման բան է եղել»:
Նա հերքեց, որ վարչապետի հասցեին դեպքի մասնակիցների կողմից հայհոյանք է եղել. «Չի եղել նման բան, ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը դրա հետ: Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետն է, իր աշխատանքն է անում»:
Կարդացեք նաև
Քննադատությանն ի պատասխան, թե տեղի ունեցածը իշխանությունների կողմից սեւերի, սպիտակների բաժանման, անհանդուրժողականության մթնոլորտի հետեւանք է, պարոն Հայրապետյանն ասաց. «Ես քաղաքականությամբ ընդհանրապես չեմ զբաղվում, խնդրում եմ քաղաքական հարցեր չտաք»:
Դեպքով կալանավորված 32 ամյա երիտասարդը, որին մեղադրանք է առաջադրվել, ըստ մեր զրուցակցի՝ Ապարանի թոռ է, արմատներով ապարանցի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ