Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրեց «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նա ասաց, որ կառավարության ծրագրով են նախատեսել փաստաբանության ոլորտում, որպես կարեւոր ռազմավարություն, բարեփոխումներ անել. «Նախագծով առաջարկվում է վերանայել փաստաբանների պալատի ներքին կառավարումը, նախատեսվում է ստեղծել կարգապահական հանձնաժողով, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել փաստաբանների կարգապահական վարույթները: Իսկ կարգապահական հանձնաժողովի որոշումներն էլ հնարավոր կլինի բողոքարկել Փաստաբանների պալատի խորհրդում: Ընդլայնվում են խորհրդի լիազորությունները՝ հատկապես հանրային պաշտպանների գործունեության բնագավառում»:
Խորհուրդը մշակելու է հանրային պաշտպանի տարեկան ցուցանիշները ու, ըստ այդմ, ստուգելու եւ գնահատելու է հանրային պաշտպանների գործունեությունը: Բացառվելու է պալատի մեկ անդամի ներգրավումը միաժամանակ տարբեր մարմիններում, բացառությամբ պալատի նախագահի, որը միաժամանակ հանդես է գալիս որպես խորհրդի նախագահ: Փաստաբանների պալատի նախագահի եւ խորհրդի անդամների համար սահմանվում են պահանջներ, թե ինչպես պետք է քաղաքական չեզոքություն դրսեւորեն: Փաստաբանական պալատի մարմինների անդամների ընտրության կարգն է նաեւ սահմանվում՝ նպատակ ունենալով բացառել կորպորատիվ շահերը՝ ընտրությունների ընթացքում:
Կարդացեք նաև
Հաջորդ կարեւոր փոփոխությունն այն է, որ վերանայվում է փաստաբանի կրթության, որակավորման, ուսուցման կարգը. «Փաստաբանի որակավորման քննությանը կկարողանան մասնակցել այնպիսի անձինք, որոնք ունեն միաժամանակ ե՛ւ իրավագիտության բակալավրի, ե՛ւ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան, առնվազն 7 տարվա մասնագիտական ստաժ»:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ