«Առավոտյան դուրս ենք գալիս քաղաք, պետք է մաքրությունից պսպղա, այդ ժամին մարդիկ դեռ դուրս չեն եկել, որ ասենք՝ աղտոտել են, բայց մենք տեսնում ենք փնթի փողոցներ, չլվացված մայթեր»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստում ասաց ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը: Նրա խոսքով, իր ելույթում պետք է ավագանու ընդունած որոշումների արդյունավետության հարցը քննարկի, որի մեծ մասին ինքը կամ դեմ է եղել, կամ՝ ձեռնպահ, ինչի համար հիմա ուրախ է. «Մենք ընդունում ենք որոշումներ, կատարում ենք փոփոխություն, որ տվյալ ստորաբաժանումը կամ տվյալ կառույցը ավելի լավ աշխատի եւ մեր քաղաքացիներին ավելի շատ գոհացնի, բայց ունենք իրավիճակ՝ ավելի լավ չեն աշխատում, ավելի լավ չեն գոհացնում»:
Հիշեցրեց, որ վերջերս էլ քաղաքապետարանը հավաքարարների թիվն ավելացրել է, որպեսզի քաղաքն ավելի մաքուր լինի, սակայն, խնդիրը չի լուծվել. «Կներեք, բայց քաղաքն ավելի կեղտոտ է դարձել»:
Նրա խոսքով, խնդիրը ոչ այնքան կադրերի պակասով է պայմանավորված, որքան՝ մենեջմենթով:
Կարդացեք նաև
Իզաբելլա Աբգարյանի խոսքով՝ նույնը քաղաքաշինության ոլորտում. «Բազմաթիվ նամակներ ենք ստանում: Քաղաքացի Գուրգեն Դալիբալթայանին որեւէ պատասխան չեն տվել նրա գրած դիմումին: Ի՞նչ է կատարվում ձեր ճարտարապետական բլոկում: Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞վ է դա պայմանավորված, չէ՞ որ մարդիկ նախագծեր ունեն հատկապես այդ վարչության հետ կապված: Ծրագրեր ունեն, պայմանավորվածություններ ունեն, մարդիկ վարկ են վերցնում: Ինչո՞ւ ենք մենք այստեղ ընդունում որոշումներ՝ ամբիոնից լսելով, որ դրանք պետք են, որպեսզի բարեկարգվի, բարելավվի աշխատանքը, բայց ստանում ենք ավելի վատ արդյունք»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ