«Սա արդարադատության գնդակահարություն է։ Նա ասում է՝ իմ վզին դրել են, պետք է անեմ։ Ո՞վ է դրել իր վզին։ Նա, ով իրեն բերել է։ Ո՞վ է բերել, Նիկոլը։ Ինչ-որ տեղ վզին դնում են, կատարում է, ինչ-որ տեղ էլ առյուծ է դառնում։ Բայց ինչ-որ մեկն իր վզին դնում է, եւ նա դա խոստովանում է»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությանը՝ հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Սամվել Նիկոյանը։
Հիշեցնենք՝ ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանն աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել եւ հայտարարել, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն իրեն հորդորել է հրաժարական տալ, իսկ հրաժարականը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրեն բոլորը ճանաչում են եւ բոլոր ժամանակներում իրենով հիացած չեն։ Իրեն Նիկոլը բերեց եւ Նիկոլն էլ էր շատ լավ ճանաչում, կարեւոր տեղում դրեց եւ վզին դրեց։ Իրեն նշանակել են՝ արդարադատությունը գնդակահարելու համար, եւ նա դա անում է։ Միշտ է այդպես եղել։ Սրանից հետո խոսել ընտրությունների մասի՞ն։ Արեւմտյան դեսպաններ, գո՞հ եք, երջանի՞կ եք․ ՀՀ-ում ժողովրդավարություն էիք ողջունում, երբ վարչապետի կոչով շրջափակում էին դատարանները, ոչնչացնում ՍԴ-ն։ Բերաններդ ու աչքերդ փակել էիք նաեւ այն ժամանակ, երբ ՏԻՄ ղեկավարներ ընտրվեցին ու ձերբակալվեցին»,-նշեց Սամվել Նիկոյանը։
Նա հավելեց․ «Գագիկ Ջհանգիրյանի այս ինքնախոստովանական ցուցմունքը բավարար է՝ հազար հատ քրեական գործ հարուցելու համար։ Եվ ոչ միայն ինքը։ Ողջ համակարգի մասին է խոսքը։ Նիկոլը կատարում է ռեսուրսների պայքար։ Ինչ ռեսուրս կա՝ օգտագործվում է, եւ թքած սահմանադրության, օրենքների վրա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ